Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են «թխվում» ատենախոսությունները

Փետրվար 06,2014 13:49

Ժամանակին՝ 70-80-ականներին, շատ եմ լսել, որ կաշառակեր դասախոսները իրենց կաշառքների մի մասը վերցնում, տանում են Մոսկվա, այդ փողով գրել են տալիս ատենախոսություններ, այնտեղ պաշտպանում են, գալիս են Հայաստան, դառնում են, ասենք, ամբիոնի վարիչներ կամ գիտխորհուրդների անդամներ, որպեսզի այդ նոր պաշտոններում կարողանան ավելի մեծ կաշառքներ վերցնել: Տեսականորեն դա կարելի էր անել նաեւ Երեւանում, բայց գերադասելի էր «աչքից հեռու», որպեսզի «չուզողների» մոտ ավելորդ հարցեր չառաջանան:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր «սուտի» ատենախոսություններ ավելի շատ են «թխվում» հասարակական, քան ճշգրիտ եւ բնական գիտություններից: Կեղծ պատմաբանը, իրավագետը կամ տնտեսագետը ավելի քիչ կարիք ունեին համապատասխանելու միջազգային չափանիշներին եւ «դրսում» դիմանալու մրցակցությանը, քան ֆիզիկոսն ու մաթեմատիկոսը: Դա հաստատ այդպես էր նախորդ դարաշրջանում, երբ կար «երկաթյա վարագույր» եւ գործում էին գաղափարախոսական սահմանափակումներ:
Այսօր կարծես թե այդ գործոնները չկան, բայց ակնհայտ է, որ, օրինակ, Նժդեհի փիլիսոփայությունից ատենախոսություն պաշտպանելն ավելի հեշտ է, քան նուրբ օրգանական քիմիայից: Եթե ես իմ նժդեհագիտությամբ նույնիսկ գնամ միջազգային համաժողովի, ապա ինձ այդպիսի միջոցառման կհրավիրեն ինձ նման, իմ մակարդակի «փիլիսոփաները», այսինքն՝ մարդիկ, որոնք Եվրոպայում կամ Ամերիկայում զբաղվում են նույն տեսակի հարցերով: Բայց եթե գիտաժողովի գնամ քիմիայից «թխած» գիտական աստիճանով, ոչ ոք չի հետաքրքրվի՝ ես տոգորվա՞ծ եմ ազգային ոգով, թե՞ ոչ: Ինձնից կպահանջվեն կոնկրետ հետազոտությունների, կոնկրետ փորձերի արդյունքներ: Էլ չեմ խոսում հղումների քանակի մասին:

Ինչի՞ համար է այսօր պետք գիտական աստիճանը, եթե չինովնիկների փառասիրությունը մի կողմ թողնենք: Իհարկե, նախեւառաջ բանակից ազատվելու համար՝ բժիշկներին կաշառելով բանակից ազատվելն այսօր շատ ավելի թանկ է նստում, քան «ատենախոսություն» թխելով: Ծանոթ չեմ վիճակագրությանը, բայց վստահ եմ, որ վերջին տարիներին պաշտպանածների թվում ավելի շատ են տղաները, եւ նրանց ատենախոսությունների թվում գերակշռում է հումանիտար ուղղվածությունը: Հենց այնտեղ էին, հետեւաբար, «փողեր ֆռում»: Այսօր ԲՈՀ-ի մակարդակով դա գրեթե բացառվում է՝ հաշվի առնելով այդ հանձնաժողովի ներկայիս նախագահի անձը: Սակայն գիտխորհուրդների մակարդակով միանգամայն հնարավոր է: Դրա լուծումը մեկն է՝ մի քանի անգամ խստացնել ատենախոսության չափանիշները: Դա, ըստ երեւույթին, պետք է լինի ոլորտի բարեփոխման առաջին քայլը:

Նպատակը՝ բոլոր կեղծ երեւույթներին չավելացնել կեղծ գիտնականներին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. goroskop75 says:

    Այսինքն, ըստ ձեզ, ԲՈՀ-ի ներկա նախագահն անկաշառ է ???:

  2. Արթուր Ղազարեան says:

    Ես կը ցանկանայի երկու խօսք ասել Տարօն Մարգարեանի ատենախօսութեան մասին, որն ամենայն հաւանականութեամբ «բանակի խնդիր» չունէր: Ինքս լինելով դոկտորանտ, քաջատեղեակ եմ այս ոլորտի անցուդարձից: Նախորդ տարիների փորձը ցոյց է տուել, որ PhD-ն 3 տարում աւարտելը գործնականում անհնար է: Միջին վիճակագրութեամբ դա 3.6-3.8 տարի է: Աւելին, այդ ընթացքում տուեալ անձն այնքան զբաղուած է լինում, որ նոյնիսկ չի հասցնում կողքից որեւէ լրացուցիչ (աւելի քիչ վարձատրուող) աշխատանք անել:
    Հիմա Տարօն Մարգարեանը միլիոնանոց քաղաքի քաղաքապետ է, նախկինում էլ թաղապետ: Սա այնքան ժամանակատար պաշտօն է, որ հազիւ թէ այդ ընթացքում նա զուգահեռ ասպիրանտ լինէր:

    Ինչեւէ, կարճ կապեմ խօսքս՝ իմ խորին համոզմամբ ՏԱՐՕՆ ՄԱՐԳԱՐԵԱՆԻ ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆԸ ԿԵՂԾ Է: Վստահ եմ՝ շատ ու շատ բանական մարդիկ համակարծիք են գրածիս: Սա այնքա՜ն ակնյայտ է,,

    Յ.Գ. Բայց դրանից աւելի վտանգաւոր էր այն, ինչ կատարուեց պաշտպանութեան ընթացքում՝ ՀՊՏՀ միջանցքում, տխրահռչակ խուժանի մասնակցութեամբ: Տարիներ անց դրա ծիլերը եւս պիտի «վայելենք», եթէ այսօր դէմը չառնենք,,

    • Վահան says:

      Շատ ճիշտ ես գրում, Արթուր ջան…եւ աւելի գեղեցիկ ու գովելի է, որ դասական ուղղագրութեամբ ես գրում….շնորհակալութիւն….

  3. David says:

    Լավ թեմա չեք շոշափում, ախր ինչու*, թող բոլոր լակ ձվերը կոչում ունենան, ու*մ են խանգարում:Անեն տարի մի քանիսը աչքիս առաջ գրում են, ինձ էլ մի բան տալիս են և օրհնվի հայի գիտասիրությունը:Դե, քար մի գցի, ընտանեկան բիզնեսին պարոն Աբրահամյան, չնայած հիմա վրացիներն էլ են ակտիվացել պատմության դիսերտացիաների հարցում, հայերը, որ բոլորը կոչում ունենան, բիզնեսն էլի կծաղկի, պարոն Աբրահամյան:2015-ի շեմին էլ հոգեբանական թեմաների տեղատարափ է, չլինի*…Ինչու*: Քար մի նետեք, թող հայոց հանճարը ծաղկի, ախր դա եկամուտ է:Ազգին կոչումավորելը օգտակար և շահեկան գործ է,իմ արև:

  4. Արմեն says:

    Սարսափելի ոլորտ է, ահավոր խնդիրներով: Որքան ինձ է հայտնի մոտ մեկ կամ ավել տարի առաջ Ճարտարագիտական հալասարանի ռեկտորատը համառորեն փորձեց դասախոսական կազմի հետ վարվել այնպես, որ այն գիտական կոչումներ, սակայն արդեն ցավոք ժամանակավրեպ դասախոսները աստիճանաբար զիջեն դիրքերը, որ լինի որակ կրթական-գիտական համակարգում: ԵՎ գիտեք ինչ ստացվեց, չստացվեց, ահավոր անազնիվ կերպով կանգնեց հոծ բանակը և ՀՈՇՈՏԵՑ….
    Իհարկե այդ արդյուքին ԼԱՎ սատարեց նաև բանից անտեղյակ և իրականում ոչնչով չհետաքրքրված մեր լրագրողական դաշտը:

  5. Mariam says:

    Ասպիրանտների մասին ճիշտ եք տեղեկացված, պաշտպանողների 90 տոկոսից ավելին տղաներ են. այո՛, բանակից խուսափելու հարմար միջոց է: Ասեմ ավելին, եթե որևէ իգական սեռի ներկայացուցիչ դիմում է ասպիրանտի տեղի համար ու առավել ևս նա էլ ընտրվում է, դառնում է ամբողջ կուրսի աչքի փուշը. բա ձեր սաղ կուրսում մի տղա չկա՞ր, որ դու ես դիմել:
    Հ.Գ. Ատենախոսություններից մեկի պաշտպանությունից հետո հանձնաժողովի նախագահն ասաց. ևս մի դդում ավելացավ գիտության բոստանում: Սա հենց այնպես, лирическое отступление 🙂

  6. marine says:

    /…նկարգրելով իր գժանոցում լինելը,Շվեյկը բացառիկ գորովանքով էր խոսում այդ հաստա-
    տության մասին…Այնտեղ այնպիսի ազատություն է,որ սոցիալիստներն իսկ չեն երազել:Այն-
    տեղ մարդ կարող է իրեն համարել և աստված,և Մարիամ աստվածածին,և Հռոմի պապ,և…
    Իսկ մի ուրիշն իրեն միանգամից համարում էր սուրբ Կիրիլ և Մեֆոդիյ,որպեսզի երկու ճա-
    շաբաժին ստանար…/ ՅԱՐՈՍԼԱՎ ՀԱՇԵԿ
    Խմբագրի գրիչը անընդհատ ախտավարակների նոր օջախներ է տնտղում:Հաջորդ քայլը
    մեր տեղական վուդուներին՝գրբացներին գիտական կոչումներ շնորհելն է:Քնած բանակա-
    նության ծնունդ այս հրեշիկները իրենց գիտական կոչումներով զինված բոլոր ասպարեզնե- րից կարտաքսեն գիտական միտքը,աշխարհը տեսնող արվեստագետներին,ռացիոնալ մը – տածող խավին, ,,գիր ու ղալամ,,սիրողներին:Կծնվեն Մարկեսի կանխագուշակած պոչա – վոր ,,հետնորդները,,:Հետքրքիր է,մեր ազգի ճակատագիրը տնօրինող աստվածները գոնե
    ,,ликбез,,-ով անցնելու որևէ փաստաթուղթ ունեն:

  7. Ռուբեն says:

    Ժամանակը չէ՞ արդյոք գիտությունը պաշտպանել նրանցից, ովքեր պաշտպանում են ատենախոսություն:
    ՄԻԽԱԻԼ ՖՐԵՆԿԵԼ

  8. կայծակ փալանճեան says:

    Կը ներէք, թէպէտ տեղին չէ հիմայ երէկւայ ձեր (տրանսպօրտի) վերաբերեալ գրութեան անդրադառնալե ՍԱԿԱՅՆ ԽԻՂՃՍ ԻՆՁ ՆԵՂՈՒՄ ԷՐ…. ՈՐ ՀԱՍՑՆԵՄ ԲԱՑԱԴՐԵԼ ..ապրել եմ քսան չորս տարի Բարսէլոնա եւ այնտեղի Աւտօբիւսների վրայ գնացել եկել տարիներ:Միշտ նորութիւններ կային:Ուրեմն եթէ(հիմայ մեր երէւանի համար) 150 դրամ շատ է ոմանց համար-եւ դա կարող է պակսեցնել երթերը այդ հանրակառքերում) ուրեմն , Բարսէլօնայում տպեցին դեռ քսան տարիներ առաջ մի տեսակ բարակ կարտօնից -ասենք կուպօններ որ ՏԱՍ երթերի համար էր եւ գինը ՇՈՒՐՋ տաս տոկոս աւելի աժան քան հատ հատ վճարե իւրաքանչիւր երթի: Ահա մէջտեղդնել այս ՄԷԹՈԴԸ խնդրում եմ Աւտոբուսի Ընկ. Երեւանի…
    Թէ աւելի թեթեւ կլինի դա աւտոբուսով ճամբորդին եւ նա չի վերադառմնա Մառշռութկայի:
    ի նկատ ունենալ որ Վերջիններիո գինն էլ պահպանւում է մինչեւ Ընդհանուր Տնտեսական Բարելաւման(զոր մաղթենք շուտով ստացւի) …Իհաարկէ եթէ Կառավարութիւն ՍԿՍԻ ԱՅԴ:
    Յարգանօք

  9. Կարեն says:

    Հարգելի պ. Աբրահամյան: Նախ չափորոշիչների խստացման մասին. ինչքան ավելի է խստացնում չափորոշիչները մեր կրթությունից եվ գիտությունից շատ հեռու նախարարը, այնքան ավելի է ընկնում կրթության մակարդակը: Իսկ ԲՈՀ-ի նախագահի որակը կտեսնենք երբ հաստատվեն Տարոնի եվ Արման Սահակյանի ատենախոսությունները: Միակ ճանապարհը վաղուց հայտնի է` վերացնել ԲՈՀ-ը, երկաստիճան գիտական աստիճանները / անցնել Phd համակարգի / եվ ձեվափոխել Ակադեմիայի համակարգը:

  10. Կարո Մելիքյան says:

    Մարդ հազվադեպ է միայն մի անխոհեմություն գործում։ Առաջին անխոհեմության ժամանակ՝
    միշտ չափազանց շատ բան էն անում։ Հենց այդ պատճառով սովորաբար նաեւ երկրորդն էն
    գործում.–եւ այդժամ չափազանց քիչ բան էն անում….

    Ֆրիդրիխ Նիցշե

  11. Maxim says:

    Կարծում եմ, որ եթե քաղաքապետը այսուետ ԱՖՏՈԲՈՒԶՆԵՐԻ փոխարեն,՝ ավտոբուս արտասանի, ապա նրա ատենախոսությունը միանգամայն օրինական և արդար է։

  12. harut says:

    Իսկ ինչ ըսել այն երեւոյթին որ վերջերս ստէպ կը հանդիպինք մամուլին եւ հասարակաց ելոյթներու ընթացքին` նորաստեղծ ” ԳԷՏ” երը ? Յուշարձանագէտ – վիճակագրութեանց մասնագէտ – ակցիաներու
    մասնագէտ – Քարահունչագէտ – Երազատեսագէտ – ապագայագուշագէտ – գէտ – գէտ – գէտ ,,,
    կը փափաքէի իմանալ թէ որ երեւակայական համալսարանէն կամ ակադեմիայէն ստացած են իրենց
    մասնա-ԳԷՏ-ութեան բարձր վկայականները ?

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728