Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել ամբաստանյալ, արտարժույթի առուվաճառքով զբաղվող Արթուր Անդրեասյանի պաշտպանը՝ Համազասպուհի Գրիգորյանը: Նա մասնակցում էր Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը եւ այդ մասին տեղյակ էր պահել դատարանին:
Դատարան չէին ներկայացել նաեւ բարձրաստիճան ոստիկանները, որոնք տուժող են ճանաչվել այս գործով:
Իսկ դատարան բերված Արթուր Անդրեասյանը նկատելիորեն վատառողջ էր եւ դժվար էր տեղաշարժվում:
Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու ժամանակ, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։
Կարդացեք նաև
Քրեական գործով ձեռք են բերվել տեղեկություններ, որ 2013թ. մարտի 24-ին Արթուր Անդրեասյանն իր պարտքատերերին ցույց է տվել մի ցուցակ ու պատմել, որ ցուցակում նշված Արմեն Նազարյանից վերցրել է 120. 000 ԱՄՆ դոլար, Կարեն Մանուկյանից` 100.000 ԱՄՆ դոլար՝ 3%-ով , Սարգիս Սարգսյանից ` 200.000 ԱՄՆ դոլար` 8 %-ով, Ռուբեն Բաբակեխյանից` 400.000 ԱՄՆ դոլար` 4%-ով, Դոնարա Նազարյանից` 50.000 ԱՄՆ դոլար` 4%-ով :
Դատական նիստը նշանակվեց փետրվարի 21-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ