Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրասիան պետք է առավելագույնս շահի իր բնական պաշարներից, նշում է Համաշխարհային բանկը

Փետրվար 06,2014 13:45

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3փետրվարի, 2014թ.–Բնական պաշարներ ունենալը բնավ էլ անեծք չէ, այլ օրհնություն, եթե երկրները պատշաճ կերպով տնօրինում են բնական պաշարներից ստացված հասույթը՝ ուղղելով այդ եկամուտները ֆիզիկական ու մարդկային կապիտալի զարգացմանը և հաստատությունների բարելավմանը, նշվում է Համաշխարհային բանկի օրերս հրապարակված «Դիվերսիֆիկացված զարգացում. առավելագույն օգուտներ բնական պաշարներից Եվրասիայում» զեկույցում:

 «Բնական պաշարներով հարուստ երկրների փորձը աշխարհի տարբեր հատվածներում ցույց է տալիս, որ արտահանման կամ արտադրանքի դիվերսիֆիկացումը զարգացման համար անհրաժեշտ կամ բավարար չէ, – ասաց Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի գծով Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Թաքը, – մեր նոր զեկույցով եվրասիական տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տրվում ավելի քիչ մտահոգվել արտահանման կամ արտադրության դիվերսիֆիկացման հարցերով և ավելի շատ մտածել ազգային ակտիվների պորտֆելի դիվերսիֆիկացման մասին, որպեսզի երաշխավորվի ավելի լավ հավասարակշռվածություն բնական պաշարների, ձևավորված կապիտալի ու տնտեսական հաստատությունների միջև»:

Զեկույցի համաձայն Եվրասիայի պորտֆելում ներկայումս մեծ տեղ են գրավում նյութական ակտիվները, ինչպիսիք են՝ նավթն ու գազը, դպրոցներն ու հիվանդանոցները, իսկ որոշ դեպքերում ճանապարհներն ու երկաթուղագծերը: Միաժամանակ, այդ երկրները ետ են մնում առավել հաջողակ երկրներից ոչ նյութական ակտիվների մասով, ինչպիսիք են՝ կրթական մակարդակը, առողջապահության որակը և հաստատությունները, որոնք կառավարում են անկայուն ռեսուրսների ձեռք բերումը, մատուցում են բարձրորակ հանրային ծառայություններ և արդյունավետ կերպով կարգավորում են մասնավոր ձեռնարկատիրությունը:

Զեկույցն ուսումնասիրում է տնտեսական զարգացումը Եվրասիայի տասներկու երկրներում, որոնցից վեցը՝ Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան  հարուստ են բնական պաշարներով, իսկ մյուս վեցը՝ Բելառուսը, Հայաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Վրաստանը, Տաջիկստանը հարուստ չեն: Վերջին երկու տասնամյակում բնական պաշարները կենտրոնական դերակատարում են ունեցել ողջ տարածաշրջանի համար, քանի որ բնական պաշարներով հարուստ պետությունների կարողությունն աճել է և նրանք իրենց բարեկեցությունը առևտրի, միգրացիայի, ներդրումների ու աջակցության միջոցով հասանելի են դարձրել նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:

Զեկույցով բացահայտվել է, որ բնական պաշարների հաշվին ձևավորված հարստությունն առայժմ դրական ազդեցություն է ունեցել Եվրասիայի համար, օգնել է բարելավել Եվրասիայի 280 միլիոն ազգաբնակչության մեծ մասի կենսապայմանները: 2000թ. ի վեր անձնական եկամուտները հնգապատիկ աճ են ունեցել, բարելավվել են կրթական ու առողջապահական ծառայությունները: Ամենատպավորիչ ձեռքբերումն, իհարկե, տարածաշրջանում աղքատության նկատելի կրճատումն է,որն 1990-ականների համեմատ կիսով չափ նվազել է: Այս բոլոր բարելավումները համընկել են ապրանքների բարձր կամ աճող գների հետ:

Զեկույցը մատնանշում է, որ ավելի լավ տնտեսական հաստատությունները Եվրասիայի բոլոր երկրներում կարող են մեծացնել պետական ֆինանսների կայունությունն ու կրճատել դրանց փոփոխականությունը, բարելավել կրթությունն ու ենթակառուցվածքները՝ մեծացնելով աշխատողների արտադրողականությունը և ամրապնդել մրցակցային ռեժիմները՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրությունը: Առաջիկա տասնամյակի համար Եվրասիայի երկրների համար սահմանվում են հետևյալ երեք գերակայությունները. կայունացում, կրթություն և մրցակցություն:

 

Զեկույցի համաձայն բնական պաշարներով հարուստ երկրների ընդհանուր զարգացման հաջողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանով, թե ինչպես են հաջողակ երկրներն իրենց ռեսուրսները վերածում ձևավորված կապիտալի, ինչպիսիք են ենթակառուցվածքները, կրթված և առողջ ազգաբնակչությունը: Զեկույցը Եվրասիայի բնական պաշարներով հարուստ ու ոչ հարուստ երկրների համար նպատակահարմար է գտնում ենթակառուցվածքների, մասնավորապես՝ ճանապարհների ու երկաթուղագծերի, խողովակաշարերի, հոսանքի բաշխիչ համակարգերի և հեռահաղորդակցության ցանցերի բարելավման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի  բնական պաշարներով ոչ հարուստ երկրները ենթակառուցվածքներով զիջում են հարուստ հարևաններին, սակայն այդ երկրները հետևողականորեն մեծացրել են պետական ներդրումները և կարողացել են 2010թ.-ի դրությամբ իրենց մեկ շնչին ընկնող ֆիզիկական կապիտալը 2005 թ.-ի համեմատ գրեթե մեկ երրորդով ավելացնել: Երկրները, որոնց համար առավել օգտակար կլինեն ֆիզիկական կապիտալում ներդրումները, Ռուսաստանն ու Ուկրաինան են:

 

Տարածաշրջանի մնացած բոլոր երկրների համար առավել հրատապ են ներդրումները մարդկային կապիտալում, հատկապես կրթության մեջ: Կրթության որակի միջազգային գնահատումները ցույց են տալիս, որ տարածաշրջանը կրթական որակով ետ է մնում: Զեկույցը մատնանշում է, որ Եվրասիայի բնական պաշարներով հարուստ ու ոչ հարուստ երկրների համար նպաստավոր կլինի պետական ծախսումների ավելացումը կրթության ոլորտում և այդ միջոցների նպատակային արդյունավետության բարելավումը:

 

Զեկույցի մյուս կարևոր բացահայտումներից է այն, որ հաջողության առանցքային գործոն է հանդիսանում ինտեգրումը համաշխարհային շուկաներին, քանի որ դա ձևավորում է բարեկեցություն՝ անկախ դիվերսիֆիկացումից: Զեկույցը համեմատում է երեք ենթատարածաշրջաններ՝ Արևելյան Ասիան, Կենտրոնական Եվրոպան և Եվրասիան և եզրակացնում, որ բոլորն էլ հաջողության են հասել իրենց մրցակցային առավելություններն օգտագործելու ու համաշխարհային շուկաներին ինտեգրվելու միջոցով. Արևելյան Ասիան օգտագործել է իր աշխատուժը, Կենտրոնական Եվրոպան` կապիտալը, իսկ Եվրասիան` բնական պաշարները: Եվրասիան կարող է ավելի մեծ հաջողություններ ունենալ, եթե Արևմտյան Եվրոպայի հետ հաստատված կապերի ամրապնդմանը զուգընթաց նաև ընդլայնի առևտուրը Արևելյան Ասիայի հետ:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728