Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Օրենքը ծանր բեռ է նստեցնում այն ձեռնարկությունների վրա, որոնք թափանցիկ են աշխատում»

Փետրվար 06,2014 13:30

Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՀ թեթեւ արդյունաբերության գործատուների միության համանախագահներ Հովսեփ Պողոսյանը եւ Սուրեն Բեկիրսկին խոսեցին ՀՀ թեթև արդյունաբերության վերականգնման համար պետության աջակցության թեմայով:

Հովսեփ Պողոսյանի խոսքով`իրենց խնդիրն է ներքին շուկայում տեղ գրավել, կարողանալ ապրանք արտահանել: Ըստ նրա` բարեբախտաբար 2011 թվականին ՀՀ կառավարությունը որոշել է աջակցել ներդրողներին ու կարծես թե միավորվելու փորձեր են անում, համատեղ աշխատելու, եւ իրար անծանոթ ընկերությունները փորձում են համախմբվել:

Հովսեփ Պողոսյանը տեղեկացրեց, որ տեւական բանակցությունների արդյունքում` 2013 թվականին պաշտոնապես հաստատվել են տասը տարվա համար նախատեսված «Հայաստանի կոշիկի արտադրության ռազմավարությունը», «Հայաստանի տեքստիլ եւ տրիկոտաժի ոլորտի զարգացման ռազմավարությունը» եւ դրանցից բխող 2014-2016 թթ գործունեության ծրագիրը, որով, ըստ էության, ավարտվեց ոլորտի վերականգնմանը միտված աշխատանքների առաջին փուլը:

«Ծրագրով նախատեսված է, որ առաջիկայում պետք է ունենալ 15 000 աշխատատեղեր, սակայն մենք ձգտում ենք ավելիին»,- ասաց նա:

Միության համանախագահների փոխանցմամբ` միության հիմնական նպատակն է եղել պետության աջակցությամբ հզորացնել Հայաստանում գործող թեթեւ արդյունաբերական ձեռնարկությունները եւ հնարավորինս բարձրացնել նրանց մրցունակությունը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

«2014 թվականին ՀՀ կառավարության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների միջեւ ստորագրվեց թեթեւ արդյունաբերական ոլորտի ռազմավարության իրականացման վերաբերյալ հուշագիր, որով դրվեց այդ փաստաթղթերը կյանքի կոչելու սկիզբը»,- ավելացրեց Հովսեփ Պողոսյանը:

Բանախոսները նաեւ հայտնեցին, որ 2015 թվականին պետության հետ միասին փորձելու են Երեւանում հավաքել ոլորտում գործող սփյուռքի հայ մասնագետներին` Հայաստանը նորաձեւության միջազգային կենտրոն դարձնելու եւ հայկական բրենդի ստեղծման օրակարգով: Իսկ ներքին շուկայում ավելի հաջողելու նպատակով` Երեւանում ստեղծելու են տեղական արտադրողների ապրանքների մշտապես գործող առեւտրի կենտրոն, տեղական արտադրողների ապրանքները վաճառող ցանց՝ ոչ միայն Երեւանում, այլեւ՝ մարզերում:

Սուրեն Բեկիրսկին էլ հավելեց, որ ռազմավարությունը, որը ընդունվել է, ծրագիր է, որը ենթադրում է պետություն-մասնավոր համատեղ ջանքերով ոլորտի զարգացում. «Հուսով ենք, որ փաստաթուղթը չի մնա որպես փաստաթուղթ եւ կաշխատի»:

Սուրեն Բեկիրսկին անդրադառնալով իրենց աշխատակիցներին, ասաց, որ նրանք գուցե մի քանի լեզուների չեն տիրապետում, տարիքով ավելի մեծ են քան այլ կազմակերպության աշխատակիցները, որի համար նրանք չեն համապատասխանի չափանիշներին, բայց իրենց աշխատակիցները ունեն հոգսեր, ընտանիք ու նրանք սոցիալական առումով խոցելի շերտի ներկայացուցիչներ են, որոնց աշխատանքով ապահովելը, իր խոսքով` «անհրաժեշտություն է»:

Սուրեն Բեկիրսկին ավելացրեց, որ դաշտում խնդիր ունեն հավասար մրցակցային պայմանների: Ինչ վերաբերում է հարկային դաշտին, ապա ըստ նրա`«Շատ բարդ դաշտ է, բայց ամեն տարի աշխատանքի ավելի ցիվիլ դառնալու վեկտոր եմ տեսնում: Ու սա ասում եմ, որպես հարկատու: Մեզ մոտ մի բանն է պրոբլեմատիկ, օրենք գրողներն ու ընդունողները այն գրում են միայն կատարողների համար, կարծես տարբեր շերտերի բաժանեն: Օրենքը ծանր բեռ է նստեցնում այն ձեռնարկությունների վրա, որոնք թափանցիկ են աշխատում»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728