Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանը կասեցրել է օրենքը, որովհետեւ վտանգ է տեսել». «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ (Տեսանյութ)

Փետրվար 06,2014 13:21

«Սահմանադրական դատարանի հունվարի 24-ի աշխատակարգային որոշումից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ որ իսկապես ավելի քան կարիքը կա վերանվաճելու մեր իրավունքը, որովհետեւ այսօր բազմաթիվ մարդիկ իրենց աշխատավայրերում ենթարկվում են ճնշումների, բազմաթիվ մարդիկ իրենց աշխատավայրում աշխատում են սարսափի եւ վախի մթնոլորտում՝ աշխատանքը կորցնելու վտանգի, սպառնալիքի տակ»,- այսօր՝ փետրվարի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Դավիթ Մանուկյանը: Նա նշեց, որ ճնշումները առավել շատ պետական համակարգում են, մասնավորապես ուսումնական հիմնարկներում, սակայն մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներից նույնպես ահազանգեր ստացել են:

«Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստացել, որ դպրոցներում ուսուցիչների հանդեպ կիրառվում են ճնշումներ՝ թե ընտրելու ֆոնդեր, եւ թե, առանց նրանց կամքը հաշվի առնելու, այդ գումարները պահվում են, չնայած այն բանի, որ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որեւէ տույժի կամ պատասխանատվության չի ենթարկվում այլեւս գործատուն, ով չի կատարի այս փոխանցումները, այսինքն` Սահմանադրական դատարանը կասեցրել է պարտադիր ֆոնդ ընտրելու այդ հոդվածը, որովհետեւ վտանգ է տեսել, որ դա կարող է բերել անդառնալի ֆինանսական կորուստների եւ հետեւանքների,- ասաց Դավիթ Մանուկյանը եւ ավելացրեց,- ինչպե՞ս են պատրաստվում փոխհատուցել գումարը, երբ որ Սահմանադրական դատարանի կողմից օրենքը ճանաչվի հակասահմանադրական, ինչում մենք վստահ ենք, որ այդպես է լինելու: Պարտադիր կուտակային ֆոնդի մասին օրենքով որեւէ մեխանիզմ նշված չէ գումարների վերադարձման, ուստի ես չեմ կարող պատասխանել այս հարցին: Եվ եթե անգամ վերադարձնեն, ինչպե՞ս են փոխհատուցելու վնասները, այն վնասը, որ մարդը կրել է գումարը շրջանառությունից հանելու դեպքում»:

«Դեմ եմ» նախաձեռնության մեկ այլ անդամ, ծրագրավորող Գեւորգ Գեւորգյանն էլ բոլորի ուշադրությունը հրավիրեց ատոմակայանում եւ «Հայփոստում» կատարվածի վրա. «Այս կառույցներում նախապես հայտարարվել էր, որ ոչ մի պահում չի լինելու, եւ աշխատավարձը մարդիկ ստանալու են ամբողջությամբ, բայց հետագայում, ինչ-ինչ պատճառներով, մարդիկ արդեն իսկ իրենց աշխատավարձերը ստացան պահումներով»,- ասաց նա եւ նկատեց, որ դա եւս ճնշում էր:

«Ես կոչ եմ անում բոլոր հիմնարկությունների աշխատողներին ինքնակազմակերպվել: Մենք չենք կարող ամեն տեղ լինել, մենք չենք կարող ամեն բան անել, ամեն գործատուի մոտ գնալ եւ պահանջել աշխատողների իրավունքների պաշտպանություն ու չոտնահարում, բայց եթե ցանկացած հիմնարկության աշխատողներ ընդվզեն, մենք պատրաստ ենք կանգնել նրանց կողքին, պատրաստ ենք աջակցել ամեն ինչով»,- ասաց Գեւորգ Գեւորգյանը:

Քաղաքագետ Դավիթ Մանուկյանն էլ նկատեց. «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին օրենքում չի նախատեսվում աշխատավարձից պահում, գործատուն իրավասու չէ պահումներ կատարելու, նա իրավասու է գումարը փոխանցելու ֆոնդերին, բայց այս դեպքում, երբ որ քաղաքացիները դեռեւս չեն ընտրել ֆոնդեր, այսինքն՝ պահումներ անել եւ փոխանցելը նույնպես օրենքի խախտում է: Ընդ որում, եթե առանց աշխատողների համաձայնության է դա արվում, նշանակում է դրամաշորթում, պաշտոնական դիրքի չարաշահում»: Նա նաեւ ավելացրեց, որ այդ դեպքում աշխատողները պետք է փորձեն իրենց իրավունքները վերականգնել դատարանի միջոցով, նշեց, որ այս ամենի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է, որը գործատու- աշխատող հարաբերություններում խառնաշփոթ, քաոս է ստեղծել:

«Եվ այդ շրջանառվող հիմնական թեզը, որ եթե հետագայում օրենքը սահմանադրական ճանաչվի, նախկին ամիսները միանգամից կպահվի: Ես չեմ կարծում, որ նման բան կլինի: Իսկապես կախված է Սահմանադրական դատարանի որոշումից՝ ինչպիսի ձեւակերպումներ կլինեն, բայց ես ավելի քան համոզված եմ, որ դա չի կարող լինել, որովհետեւ այս պահին կասեցված է, եւ եթե Սահմանադրական դատարանը ճանաչի, այդ պահից կսկի գործել: Այսինքն` դրանով փորձում են վախեցնել մարդկանց»,-նշեց Դավիթ Մանուկյանը:

Նա նաեւ ավելացրեց, որ ի սկզբանե ասել են՝ դեմ չեն Կենսաթոշակային օրենքի բարեփոխումներին, սակայն առաջարկված մոդելն է անընդունելի, եթե պարտադիր չլիներ, այլ այնպիսին, որ երիտասարդը ինքը շահագրգռված ցանկանար իր աշխատավարձից պահումներ լինեին, նրանք կողջունեին, եւ իրենք էլ կմիանային:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728