Հայաստանում նույնիսկ գազային ատրճանակ գնելիս, բազմաթիվ փաստաթղթեր լրացնելուց հետո էլ անպայման ճշտում են, թե արդյո՞ք գնորդը սեյֆ ունի։ Որպեսզի ատրճանակը այնտեղ պահվի, երեխաների կամ օտար մարդկանց ձեռքը չընկնի եւ այլն։ Նման հսկայական քանակությամբ զենք-զինամթերքի համար եղե՞լ են արդյոք համապատասխան սեյֆեր, պահպանելու միջոցներ, մանավանդ որ դրանք պահվել են դպրոցում։
Եվ վերջապես, քանի դեռ ֆիլմի նկարահանումներ չկան, կամ եղել են արդեն, ի՞նչ զործ ուներ այդքան զենք-զինամթերքը Գոռ Վարդանյանի ֆեդերացիայում, ինչո՞ւ այն չի վերադարձվել ուժային կառույցներին, եթե, իհարկե, նման կառույց եղել է:
Երեկ փորձեցինք տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Պուշկինի անվան դպրոցից, որտեղից ասացին, թե նոր տնօրեն Նատալյա Ստեփանյանը տեղում չէ, չգիտեն, թե ուր է գնեցել եւ երբ կվերադառնա։ Դպրոցի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վերաբերյալ պատասխանեցին, որ իրավասու չեն պատասխանել այդ հարցին։
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը երեկ մեզ ասաց, որ դպրոցի տարածքում հայտնաբերվածի առնչությամբ ո՛չ դպրոցը, ո՛չ քաղաքապետարանը որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ դպրոցի դահլիճի մի մասը վարձակալությամբ է տրված ֆեդերացիային, որտեղ դասապրոցես չի ընթանում եւ երեխաների հետ որևէ կապ չունի։ Մի փոքր ուշ Գեւորգյանն ասաց նաեւ, թե մեր հարցը փոխանցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն էլ ասել է. «Դպրոցների դահլիճները վարձակալությամբ տրվում են եւ դա նորմալ է: Եթե ինչ-որ մեկը այնտեղ զենք է տարել եւ պահել, դա արդեն իրավապահ մարմինների տիրույթում գտնվող հարց է»։
Կարդացեք նաև
Արթուր Գևւորգյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վարձակալության տրված դահլիճում պահվող զենքը հարեւան սենյակում դաս անող երեխաների կյանքի եւ առողջության համար վտանգավոր չեն համարվում, նա ասաց. «Նմանատիպ դեպքերը օպերատիվ աշխատանքների արդյունքում շատ հանգիստ համապատասխան մարմինների կողմից բացահայտվում են։ Դա պարզ տրամաբանություն է: Եթե իրավապահ մարմինները ինչ-որ բան են հայտնաբերել, ուրեմն դա վստահաբար օպերատիվ աշխատանքի արդյունք է: Այդ պատճառով խնդրում եմ դիմել իրավապահ մարմիններին»։
Հ.Գ. Համացանցում նաեւ տեսակետ է տարածվել թե այս կերպ փորձ է արվում Գոռ Վարդանյանի հեղինակությունը վարկաբեկել, քանի որ նա շատ հաճախ դրական կերպով անդրադառնում է Ռորերտ Քոչարյանին։ Մասնավորապես, նա բոլորովին վերջերս էլ հարցազրույցներից մեկում ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն կլինի մեր երկրի փրկության առաջին քայլը, եւ որ ինքը պատրաստ է ցանկացած պահի լինել երկրորդ նախագահի կողքին։ Ընդունենք, որ սիրում է Քոչարյանին ու մի պահ էլ մոռանանք Քռչարյանի անցյալը։ Բայց ոչ չարակամ գործիչները, ոչ էլ լրագրողներն են Գոռ Վարդանյանի դպրոցում զենք եւ զինամթերք հայտնաբերել, այլ իրավապահ մարմինները ու ոչ թե լրագրողների ուղղորդմամբ, այլ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում