Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր տեղեկացել է, որ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը կասեցրել է իր բողոքների քննությունը:
«Դատարանը որոշել է՝ բողոքների քննությունը կասեցնել մինչեւ որ քննիչը կներկայացնի բոլոր նյութերը: Այսինքն` դրանով դատարանը գտավ, որ մեր պահանջը իրավացի էր: Այսինքն, բողոքների քննությունը հնարավոր չէ մինչեւ որ բոլոր նյութերը չներկայացվեն: Ես գտնում եմ՝ այս որոշումը ոչ լիարժեք էր, որովհետեւ դատարանը, ընդունելով որ բողոքների քննությունն անհնար է առանց գործի ամբողջական նյութերի, դատարանը պետք է ինքը որոշում կայացներ քննիչից պահանջելու այդ նյութերը, այլ ոչ թե կասեցնել մինչեւ որ քննիչը կբարեհաճի բերել»,- Aravot.am-ին ասաց փաստաբան Ալումյանը:
Մեր հարցին, թե ինչ ժամկետով է կասեցվել, փաստաբանն ասաց. «Ամբողջ խնդիրը հենց այդտեղ է, որ կասեցնելը չի ենթադրում որոշակի ժամկետ, կասեցնելը ենթադրում է որոշակի իրադարձություն՝ տվյալ դեպքում մինչեւ քննիչի կողմից նյութերի ներկայացնելը, իսկ դա կարող է լինել մեկ օր, մեկ ամիս կամ երկու տարի եւ ոչ մի որոշակիություն դատարանը չլուծեց… որոշակիություն չմտավ այն հարցում, թե քննիչի վրա ինչ պարտականություն է դրվում: Դատարանը թողեց ամբողջությամբ քննիչի քմահաճույքին»:
Մեր հարցին, թե ինչ քայլեր եք ձեռնարկելու բողոքների քննության կասեցումը կասեցնելու ուղղությամբ, փաստաբանն ասաց. «Մենք շատ բան ենք պատրաստվում անել: Շատ բաները շատ լուրջ անակնկալ են լինելու բոլոր նրանց համար, որոնք նպատակ ունեն պարտակել այս գործը: Հիմիկվանից չեմ ցանկանում մեր բոլոր անելիքների մասին խոսել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Հայկ Ալումյանը բողոքարկել էր Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշումները, ինչպես նաև դեպքի օրը սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը:
Նաեւ հիշեցնենք, որ այս գործով դատական նիստերը գրեթե միշտ հետաձգվում էին՝ մի քանի անգամ դատավորի զբաղվածության պատճառով, իսկ տեղի ունեցած դատական նիստերում էլ մշտապես քննարկվում էր միեւնույն հարցը՝ Ալումյանի պահանջը՝ ներկայացնել գործին վերաբերող բոլոր նյութերը: Գործով դատավարությունը առաջ չէր գնում, որովհետեւ դատավորը ամեն անգամ միայն կողմերին էր լսում. Ալումյանի պնդումները՝ իր պահանջի վերաբերյալ եւ նյութերը ամբողջությամբ չտրամադրելու քննիչի հակափաստարկները ու անընդհատ հետաձգում էր նիստը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ