«Հայոց Արծիվներ» ՀԿ-ի հետ հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց կազմակերպության անդամներին հետաքրքրող հարցերին:
Իսկ մինչ այդ, նշելով, որ այսպիսի հանդիպումների հնարավորություն հաճախ չի լինում, նախարարը պատրաստակամություն հայտնեց առաջիկայում կազմակերպել նմանատիպ հանդիպում եւ զրուցել ավելի երկար: Բայց ոչ թե նախարարության վարչական շենքում, այլ սահմանամերձ բնակավայրերից մեկում:
Հարցին, թե ըստ մամուլի, Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինք է ստեղծվել: Ադրբեջանի կողմից ագրեսիայի, պատերազմը վերսկսելու դեպքում ինչպիսի՞ն է լինելու Թուրքիայի դիրքորոշումը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Իհարկե,Ադրբեջանի Հանրապետություն-Թուրքիա դաշինք գոյություն ունի, որին մենք հակադրում ենք, կամ մինչ այդ գոյություն ուներ մեր դաշինքը ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ: Օրըստօրե կատարելագործվում է պայմանաիրավական դաշտը, որ այսօր գոյություն ունի: 2010 թվակային պաշտպանության նախարարների անմիջական ստորագրությամբ կնքված Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համաձայնագիրը եւս մեկ աստիճանով բարձրացրեց մեր անվտանգությունը, հատկապես Թուրքիայից, որովհետեւ Ադրբեջանի հետ մենք խնդիրներ չունենք: Ադրբեջանի հետ մեր այսօրվա առկա ուժերով ոչ միայն կարող ենք պաշտպանություն իրականացնել, այլեւ անհրաժեշտության դեպքում` կանխարգելիչ, հակահարձակողական կամ այլ միջոցառումներ իրականացնել: Համաձայնագրի ստորագրմամբ, կարծում եմ, մենք երկարատեւ հեռանկարային, անվտանգային միջավայր ենք ստեղծել եւ համատեղելի սպառազինության, ռազմական տեխնիկայի, հատկապես, հեռահար ու գերճշգրիտ սարքավորումների ձեռքբերումը հնարավորություն է տալու, որպեսզի մենք նաեւ ռազմավարական զսպման մեխանիզմ ձեւավորենք եւ Հայաստանի հանրապետությունում հակառակորդին զսպելու եւ խաղաղություն պարտադրելու ուղղությամբ միջոցառումներ կիրառենք»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանի պատասխանները «Հայոց Արծիվների» հարցերին ամբողջությամբ` տեսանյութում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ