Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր մեջ բավականին ամրապնդված է «բա տղա է, կծեծի էլ, կծեծվի էլ» մտածելակերպը». Վ. Կաժոյան

Փետրվար 05,2014 18:09

Այսօր պաշտոնապես ներկայացվեց «Հույս և օգնություն» ՀԿ-ի և Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի (ENUT) հետ համատեղ իրականացվող «Երեխաների պաշտպանություն բռնությունից՝ գիտելիքների ամրապնդման և լավագույն փորձի միջոցով» ծրագիրը:

Ծրագրի շնորհանդեսին ներկա էր նաև Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Պրիիտ Տուրկը, որն իր ուրախությունն արտահայտեց Հայաստանում գտնվելու կապակցությամբ և ողջունելով հայ-էստոնական նախաձեռնությունը՝ ասաց. «Այս անգամվա այցելությունս յուրահատուկ է, որովհետև այս միջոցառման համար եմ այստեղ: Ցավոք, այնքան էլ հաճախ չեն համատեղ ծրագրեր լինում Հայաստանի և Էստոնիայի միջև: Բայց, բարեբախտաբար, մեր երկրների հարաբերությունները միշտ էլ շատ լավ են եղել, և մենք կարող ենք ավելին անել այդ ուղղությամբ: Ինձ առավել ուրախացնում է այն, որ սա քաղաքացիական հասարակությունների միջև համագործակցություն է»:

Դեսպանը հավելեց նաև, որ յուրաքանչյուր երկիր ունի իր մարտահրավերները, և քանի որ Հայաստանն ու Էստոնիան, այսպես ասած, նույն տնից՝ Խորհրդային Միությունից են դուրս եկել, նրանց մարտահրավերներն էլ, կարելի է ասել, համընկնում են: «Այդ մարտահրավերներից մեկը երեխաներին անվտանգ միջավայրում մեծացնելն է, որը դժվարին աշխատանք է, և այս համագործակցությունից ակնկալում ենք այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան երեխաներին մեծացնելու ապահով միջավայրում»,- ասաց Պրիիտ Տուրկը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վ. Կաժոյանը նույնպես ողջունեց նախաձեռնությունը և ասաց. «Մենք միշտ ասում ենք, որ երեխաներն ամենակարևորն են մեզ համար և անկախ նրանից՝ մենք ծնող ենք, թե ոչ, մեզ համար շատ կարևոր է երեխային այս կամ այն տեսակ բռնությունից պաշտպանելը: Սարսափ ես ապրում, երբ տեսնում ես, թե ինչեր են կատարվում աշխարհի մի շարք երկրներում, թե ինչպես են ոտնահարվում երեխաների իրավունքները: Սարսափ ես ապրում ոչ միայն իրադարձությունների համար, այլև նրա, որ դու շատ դեպքերում անկարող ես որևէ բան անել: Այնպես որ, այս նախաձեռնությունը շատ տեղին է և կարող է բավականին արդյունավետ լինել»:

Վ. Կաժոյանը գտնում է, որ երեխաների նկատմամբ բռնության խնդրին պետք է անդրադառնալ դեռևս առաջին դասարանից. «Մեր մեջ բավականին ամրապնդված է «բա տղա է, կծեծի էլ, կծեծվի էլ» մտածելակերպը, ինչը շատ սխալ է, որովհետև այդ նույն մտածելակերպը տեղափոխվում է նաև բանակ և ընդհանրապես կյանքի մնացած բնագավառներ»,- համոզված է Վ. Կաժոյանը:

Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիտ Լայայի խոսքով՝ շուրջ 17 տարվա պատմություն ունի Էստոնիայի կանանց ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոնը և երկու տարվա փորձ՝ կովկասյան երկրներում համագործակցության զարգացման ծրագրերի իրականացման ոլորտում: «Մենք բոլորս ուզում ենք, որ մեր երեխաներն ամեն օր երջանիկ լինեն,- ասում է Ռիտ Լայան,- և մեր գործունեությունն ուղղված է նրան, որ երեխաները, հատկապես դպրոցներում, որևէ բռնության չենթարկվեն: Դրա համար էլ այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրություն կկատարենք, որպեսզի կարողանանք տեսնել՝ ինչպիսին է իրավիճակը: Սա ինչ-որ տեղ նաև գիտելիքների փոխանակման ծրագիր է»:

«Հույս և օգնություն» ՀԿ-ի նախագահ Ե. Շատվորյանն էլ անդրադարձավ ծրագրի նպատակին, այն է՝ բացահայտել, կանխարգելել, նվազեցնել երեխաների հանդեպ բռնության դեպքերը ՀՀ-ում, որոնցից են սեռական շահագործումը, բռնությունը և հարկադիր մուրացկանությունը, ինչպես նաև երեխաների նկատմամբ հանցագործությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

«Վերջին տարիներին մենք նկատում ենք, որ ոստիկանությունը բավականին արդյունավետ է աշխատում, և հաճախակի են բացահայտվում երեխաների նկատմամբ բռնության դեպքեր: Բայց դա չի նշանակում, որ բոլորն են հայտնաբերվում, և մենք էլ մեր հերթին պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ: Մասնավորապես, մենք փորձելու ենք այս ծրագրի շրջանակներում սովորեցնել ուսուցիչներին, ծնողներին, թե ինչ է սեռական բռնությունը, շահագործումը, ինչպես դրանք բացահայտել և կանխարգելել: Ուսուցիչը պետք է իմանա, թե իր որ շարժումը, որ քայլը կարող է համարվել սեռական ոտնձգություն և այլն»,- ասում է Ե. Շատվորյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրություններ կանցկացվեն ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում. «Ի վերջո, վերջիններս էլ են երեխաներ եղել և շատ հավանական է, որ իրենք էլ են ենթարկվել զանազան բռնությունների: Սա հնարավորություն կտա երևույթին որակական գնահատական տալ»,- համոզված է «Հույս և օգնություն» ՀԿ-ի նախագահը:

Նա նաև տեղեկացրեց, որ ծրագիրը կտևի մեկ տարուց մի փոքր ավել և այդ ընթացքում կիրականացվեն հետազոտություններ, բռնության զոհերին ծառայություններ տրամադրող մասնագետների (սոցիալական աշխատողներ, հոգեբաններ) ուսուցում դեպքերի բացահայտման եղանակների մասին, մասնագետների ուսուցում, որոնք գտնվում են երեխաների հետ անմիջական շփման մեջ (ուսուցիչներ, մարզիչներ, ոստիկանության աշխատակիցներ, հարևաններ, ընկերներ, ծնողներ և այլք) և կարող են կասկածել կամ նկատել բռնության դեպքերը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728