Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն: Հանրապետության Նախագահը նախ դիտել է նախարարության աշխատակիցների նվիրատվությամբ կառուցված Փրկության նվիրյալների պատվո հուշարձանը, ապա այցելել է նախարարության աշխատակազմի մի շարք ստորաբաժանումներ, ծանոթացել աշխատանքային պայմաններին և աշխատակիցների հետ զրուցել նրանց գործառույթների ու այդ վարչությունների կողմից իրականացվող աշխատանքների մասին, հետաքրքրվել առաջիկա ծրագրերով և առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի խորհրդակցությունների սրահում Նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որին ուղիղ կապով միացմամբ մասնակցել են նաև նախարարության մարզային կառույցների ղեկավարները:
Խորհրդակցության ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարը, նախարարի տեղակալները, փրկարար ծառայության տնօրենը և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ նախատեսված աշխատանքների և զարգացման ծրագրերի մասին:
Նախարար Արմեն Երիցյանն իր զեկույցում ներկայացրել է 2010-2013թթ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության հիմնական արդյունքները, նախարարության և նրա առանձին գործակալությունների զարգացման խնդիրները, նախարարության համակարգի բարեփոխումների շրջանակներում ԱԻՆ ենթակայության բոլոր կառույցներում մայրաքաղաքում և մարզերում մինչ այժմ իրականացված աշխատանքները, տարբեր ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ ձեռնարկված քայլերն ու դրանց արդյունքում արձանագրված առաջընթացը, խոսել նաև միջազգային համագործակցության ծրագրերի, ԱԻՆ համակարգում աշխատող խոցելի խավի՝ հաշմանդամների գործունեության մասին:
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը զեկուցել է իր համակարգման ներքո գտնվող «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության և նրա 4 ՊՈԱԿ-ների, ինչպես նաև «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործունեությունը, հաշվետու ժամանակաշրջանում այդ ծառայությունների աշխատանքում արձանագրված ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները:
Նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը զեկուցել է ԱԻՆ աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության, հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայության և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ընթացիկ աշխատանքների ու խնդիրների մասին:
ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, ծառայության գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը ներկայացրել է իր ղեկավարած ստորաբաժանման կառուցվածքը, կադրերով ապահովվածությունը, անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով զինվածության վիճակը, ծառայության ստորաբաժանումների կողմից արտակարգ իրավիճակների դեպքերին, պատահարներին արձագանքման վերլուծությունը, փրկարար ծառայության հիմնական խնդիրները, ծառայության գործունեության ուղղություններն ու ընթացիկ տարում նախատեսված աշխատանքները:
Աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանն իր զեկույցում ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքը, անձնակազմի կառավարման և աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Կարդացեք նաև
Նախարարության ղեկավար անձնակազմի զեկույցները լսելուց հետո, Նախագահն առանձին խնդիրների վերաբերյալ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին, իր խոսքում անդրադարձել Արտակարգ իրավիճակների նախարարության առաջիկա խնդիրներին և գործունեության գերակա ուղղություններին:
«Ես տեսնում եմ, և դա իրականություն է առանց հավելյալ գունազարդման, որ արտակարգ իրավիճակների կառավարման կարողությունների զարգացման առումով մենք առաջընթաց ունենք, և ընդհանրապես, նախարարության կայացման գործընթացը շարունակվում է նորմալ տեմպերով: Շատ կարևոր է, որպեսզի մենք այդ տեմպերը չդանդաղեցնենք, ընդհակառակը՝ արագացնենք, որպեսզի վերջնականապես կարողանանք ասել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացել է, և որ բարեփոխումների արդյունքում մեզ մոտ ստեղծվել են ծառայություններ, որոնք որակյալ սպասարկում են ոչ սովորական իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին: Կարծում եմ, որ հիմա նաև պետք է լուրջ ուշադրություն դարձնել այլ ծառայությունների, այլ ոլորտների հետ փոխգործակցության խնդիրներին, առաջին հերթին՝ նկատի ունեմ ոստիկանությունը և առողջապահական ծառայությունները: Բնականաբար, տեղյակ եմ, որ այս ոլորտում էլ աշխատանքներ են կատարվել: Բայց այստեղ էլ կա հսկայական մի հատված, որ պետք է կարողանանք հաղթահարել: Վերջիվերջո, մեր քաղաքացիներից շատերը չգիտեն, և կարծում եմ՝ պարտավոր էլ չեն իմանալ, թե իրենց պատուհասած վտանգը կամ իրավիճակը ո՞ր նախարարությունը կամ ո՞ր ծառայությունը պետք է վերացնի, օժանդակի իրենց: Ուստի, պետք է զարգացնել 911 ծառայություն, և քաղաքացու մի զանգից հետո համակարգը պետք է համագործակցված աշխատի ու կարճ ժամանակում քաղաքացին պետք է ստանա որակյալ ծառայություն:
Հաջորդ խնդիրը, որ կարծում եմ լուծման կարոտ է՝ մեր քաղաքացիներին մատուցվող ծառայությունների աշխարհագրության ընդլայնումն է, հանրապետության տարածքում հավասարաչափ և որակյալ ծառայությունների մատուցումը, անկախ նրանից՝ քաղաքացին ապրում է Մեղրիում, Տաշիրում, Տավուշում, թե Երևանում: Ձեր բոլոր ծառայությունները նրանց համար պետք է լինեն հասանելի: Սա չափազանց կարևոր խնդիր է, և այս ուղղությամբ էլ, իհարկե, պետք է աշխատել: Մարզերում մտածում են, որ երևանցիները բարձրակարգ ծառայություններ են ստանում (ոչ միայն ձեր նախարարության գործառույթներին վերաբերող ոլորտներում), իսկ իրենք՝ ոչ: Բոլորը համարում են, որ Երևանում աշխատանքներ ենք կատարում, որոնք այնքան էլ հրատապ չեն, սակայն այդ միջոցները կարող ենք ծախսել մարզերում և այլն: Իհարկե, շատ սուբյեկտիվ մոտեցում կա այստեղ, բայց ձեր կողմից մատուցվող ծառայությունները, ձեր աշխատանքն այնպիսին է, որ, իրոք, որակյալ աշխատանքի անհրաժեշտություն կա նաև մարզերի կտրվածքով:
Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ուզում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի և՛ նախարարության, նրա ծառայությունների նյութական բազան ամրապնդվի, և՛, իհարկե, առաջին հերթին բարելավվի սոցիալական վիճակը, լուծվեն սոցիալական խնդիրները: Այս առումով, Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները շատ բանով չեն տարբերվելու ո՛չ Պաշտպանության նախարարության և ո՛չ էլ այլ կառույցների զինծառայողների սոցիալական ապահովման մակարդակից: Մենք հուլիսի 1-ից որոշակի ուղղումներ ենք մտցնելու, և այն ժամանակ բոլորը հստակ տեսնելու են, թե ինչպիսի հարաբերակցություն կա այդ կառույցների աշխատողների միջև: Սա ասում եմ նաև այն պատճառով, որովհետև գիտեմ, որ որոշ մարդիկ դժգոհում են, ասում են՝ կրակի դեմ պայքարելը պակաս վտանգավոր չէ, քան գնդակի դեմ կամ սահմանում պայքարելը: Հասկանում եմ, որ այդ աշխատանքները դժվար են, բարդ են, այնուհանդերձ, մենք պետք է կարողանանք տարբերել գործառույթները: Մեր յուրաքանչյուր աշխատող, յուրաքանչյուր ծառայող պետք է լինի ապահովված: Մենք դրան հասնելու ենք»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական խնդիրներին, մեր երկրի պաշտպանությանն ու անվտանգությանը, նախարարության համակարգում դեռևս առկա առանձին խնդիրների լուծման հնարավորություններին:
Խորհրդակցության ավարտին Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Մարիամ Գևորգյանը, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Հովհաննես Եմիշյանը, փրկարար ծառայության` ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Խաչիկյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:
Մամլո հաղորդագրություն