Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հ/կ-ների բաց նամակը Ուկրաինայի Քրեական եւ քաղաքացիական գործերով բարձր մասնագիտացված դատարանին

Փետրվար 05,2014 16:44

Մերաբ (Սուսլով) Ալոյանը Ուկրաինայի իշխանությունների կողմից մեղադրվում է երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը կազմակերպելու եւ իրականացնելու մեջ, որը կատարելիս զոհվել են նաեւ ոստիկանության երկու աշխատակիցներ: Նա ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում, իսկ այնուհետեւ արտահանձնվել Ուկրաինայի իշխանություններին՝ 2011 թվականի մարտ ամսին:

2013թ. նոյեմբերին առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատավճիռը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան, որն ուժի մեջ է թողել դատավճիռը: Նշված որոշումը բողոքարկվել է Ուկրաինայի վճռաբեկ դատարանում: Վերջինս մի քանի գործով հրապարակային լսումները հետաձգելուց հետո՝ փետրվարի 13-ին նշանակել է գործով դատական նիստ:

Ուկրաինայի ԶԼՄ-ները բազմիցս անդրադարձել են այս դատական գործի աղաղակող խախտումներին: Մոտ երեք տարի գտնվելով խափանման միջոց կալանքի տակ, Մերաբ Ալոյանը բազմիցս բարձրաձայնել է կալանքի անմարդային պայմանների ու կալանավայրում իր նկատմամբ բազմաթիվ ոտնձգությունների, ֆիզիկական հաշվեհարդարի համար բազմաթիվ հրահրումների ու սպառնալիքների մասին, որի կալանավայրի ղեկավարության կողմից՝ ընդհուպ մինչ երեք ամիս շարունակ պահվել է պատժախցում:

Նրա դատավարությունն աչքի է ընկել աննախադեպ ծավալի ու լրջության խախտումներով: Մասնավորապես՝ Մերաբ Ալոյանի մեղադրանքի հիմքում ընկած են երկու անձանց՝ Դավիթ Բատիկյանի (մեղադրվում է սպանությունը կատարելու մեջ) եւ նրա կնոջ՝ Ռոզա Նայթի ցուցմունքներով, որոնք ստացվել են խոշտանգումների՝ քնից, բնական պահանջները հոգալուց եւ ուտելիքից զրկելու, սպառնալիքներ հնչեցնելու եղանակներով՝ պահանջելով նրանց ցուցմունքներն այն մասին, որ սպանությունը պատվիրել է Մերաբ Ալոյանը:

Մեղադրանքի հիմքում ընկած են նաեւ երեք անձանց ցուցմունքներ, որոնց ինքնությունը, սակայն, չի բացահայտվել ոչ միայն մեղադրյալին, այլ նաեւ դատավորներին. Նրանք չեն հարցաքննվել ո՛չ նախաքննության փուլում, ո՛չ դատարանում, Մերաբ Ալոյանը երբեք նրանց չի տեսել, հարցեր չի ուղղել նրանց, մինչդեռ վերջիններիս ցուցմունքները որպես ապացույց են օգտագործվել նրանց դեմ: Այսինքն՝ մեղադրանքի հիմքում դրվել են անհայտ անձանց, անանուն վկաների ցուցմունքներ: Ընդհանուր առմամբ՝ գործով անցնող 29 վկաներից 22-ը դատարան չեն հրավիրվել, ու նրանց հարցաքննելու հնարավորություն չի տրվել: Դատաքննության ընթացքում Մերաբ Ալոյանի քրեական գործի նյութերին ծանոթանալու բավարար ժամանակ չի տրամադրվել թարգմանաբար, իսկ թարգմանիչ տրամադրվել է միայն դատաքննության 4-րդ ամսում, ում հնարավորություն է տրվել քրեական գործի նյութերը Մերաբ Ալոյանի համար թարգմանել միայն դատարանի դահլիճում կամ ընդմիջումների ժամանակ՝ գործի քննությանը զուգահեռ: Դատավարության ընթացքում Մերաբ Ալոյանը 6 ամիս զրկված է եղել իր փաստաբաններին տեսնելու հնարավորությունից, իսկ դատաքննության վերջին փուլում Մերաբ Ալոյանին ու նրա փաստաբաններին հեռացրել են դատարանի դահլիճից: Նա զրկվել է իր վերջին խոսքի հնարավորությունից:

Դատարանի շենքում տուժողի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել Մերաբ Ալոյանի ծնողների նկատմամբ՝ հարվածելով ու սպառնալիքներ հնչեցնելով նրանց հասցեին, սակայն իշխանությունները քրեական գործ չեն հարուցել դեպքի առթիվ՝ նույնիսկ բողոքի առկայության պայմաններում:

Վերաքննիչ դատարանում գործի քննությունը իրականացվել է երկու նիստով, որոնք անցկացվել են առանց Մերաբ Ալոյանի փաստաբանների, արգելվել է լրագրողներին ձայնագրել կամ տեսաձայնագրել նիստերը կամ հարցեր ուղղել Մերաբ Ալոյանին: Տուժողի հարազատները ոստիկանության ներկայությամբ բռնություն են գործադրել լրագրողների նկատմամբ՝ հարվածել են նրանց, վնասել տեսախցիկը եւ այլն, ապա դատավորի պահանջով հեռացվել են դահլիճից, սակայն որեւէ քրեական գործ այս մասով նույնպես չի հարուցվել:

Վերը շարադրվածը քրեական դատավարության իրավունքի էական խախտումներ են: Նման հանգամանքը ինքնին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտում է: Հաշվի առնելով այդ հանգամանքը, խնդրում ենք ապահովել Մերաբ (Սուսլով) Ալոյանի արդար դատաքննության իրավունքը եւ ըստ այդմ կայացնել արդարացի որոշում:

 

Նամակը ստորագրել են մի շարք հասարակական կազմակերպություններ, ստորագրահավաքը դեռ ընթացքի մեջ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728