Հայոց ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի եւ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադրման 4-ամյակի առիթով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունեց «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հ/կ-ի նախագահության անդամներին:
Հանրապետության ամենախոշոր հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը նախարարին ներկայացրեց իրենց քառամյա գործունեության հաշվետվությունը եւ Հայկական բանակի կազմավորման 22-րդ ամյակին նվիրված` ամբողջ տարվա ընթացքում հանրապետության տարածքում տեղակայված 22 զինվորական ստորաբաժանումներում, այդ թվում նաեւ` սահմանային մարտական հենակետերում, ռազմահայրենասիրական, մարզական, մշակութային եւ այլ բնույթի միջոցառումների կազմակերպման ծրագրերը:
Իր ելույթի վերջում Խաչիկ Ասրյանը նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց, որ «Հայոց Արծիվների» զորագունդը միշտ բանակի, պետականության եւ նախագահի հետ է եւ ամեն պահի պատրաստ հայրենիքի սահմանները պաշտպանել ոսոխի ցանկացած ոտնձգություններից:
Խաչիկ Ասրյանը ընթերցեց «Հայոց Արծիվներ» հ/կ նախագահության որոշումը եւ նախարար Սեյրան Օհանյանին պարգեւատրեց կազմակերպության բարձրագույն` «Հայոց Արծիվ» ոսկե հուշամեդալով, հանձնեց կազմակերպության «Արծիվ» խորհրդանիշը եւ գերմանական արտադրության օդաճնշիչ հրացան: