«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
քաղաքացիական հասարակության ցանցի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Օրերս տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի գրասենյակը համապատասխանաբար 4,081 և 5, 850 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին` փախստականներին և ներքին տեղաշարժի ենթարկված անձանց աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ադրբեջանի մասով հայտնվում է, որ այդ երկրին տրամադրված գումարը բաշխվելու է հետևյալ կերպ՝ 4,397 միլիոն ԱՄՆ դոլար՝ փախստականների, 321 հազար ԱՄՆ դոլար՝ քաղաքացիություն չունեցող անձանց, 1,131 միլիոն ԱՄՆ դոլար՝ հարկադիր վերաբնակների համար նախատեսված ծրագրերի ֆինանսավորում: Հայաստանի մասով պարզ չէ, թե տրվելիք գումարներն ինչպիսի հասցեականություն են ունենալու:
Ադրբեջանին տրված գումարի հասցեականությունը վկայում է այն մասին, որ ֆինանսավորվելու են արցախյան պատերազմի արդյունքում իրենց նախկին բնակության վայրերը լքած անձանց կարիքները հոգալուն ուղղված ծրագրերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ ՀՀ պատկան մարմինները որդեգրել են ադրբեջանահայ փախստականների կարիքների առաջնահերթությունն անտեսելու և նսեմացնելու քաղաքականություն, պահանջում ենք ՀՀ Կառավարությունից և ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակից՝ ապահովել Հայաստանին տրամադրված գումարի բաշխման հետ կապված գործընթացների թափանցիկությունն ու չափորոշիչների հստակությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել անմիջականորեն մասնակցել նշված ֆինանսավորման շրջանակներում նախատեսվող ծրագրերի իրականացման ու դրանց նկատմամբ վերահսկողություն հաստատելու գործընթացին: Ասվածի համատեքստում ստիպված ենք մեր մտահոգությունն արտահայտել առ այն, որ հերթական անգամ կարող է փորձ արվել միմյանց հակադրել ադրբեջանահայ և սիրիահայ փախստականների շահերը: Այդպես արդեն եղել է՝ հարյուր հազարավոր ադրբեջանահայ փախստականներին, քսանհինգ տարվա անպտուղ դեգերումներից հետո ասվում է, որ նրանց խնդիրներն այլևս երկրորդ պլան են մղված, քանի որ այժմ առաջնայինը՝ սիրիահայ փախստականների խնդիրն է: Մենք գտնում ենք, որ փախստականներին չի կարելի հակադրել միմյանց՝ բոլորն էլ մեր հայրենակիցներն են, բոլորին էլ անհրաժեշտ է օգնել եղած հնարավորությունների սահմաններում: Դա նշանակում է, որ տրված գումարով ֆինանսավորվելիք ծրագրերում ադրբեջանահայ և սիրիահայ փախստականների ներգրավումը պետք է համապատասխանի Հայաստանում նրանց թվաքանակի համամասնությանը: Հայտնի է, որ Հայաստանն ընդունել և փախստականի կարգավիճակ է տվել ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ բռնագաղթվածների մեծ մասին՝ մոտ 360 հազար մարդու: Խոսվում է այն մասին, որ Հայաստան է եկել մոտ 15 հազար սիրիահայ, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են դիմել ՀՀ իշխանություններին փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով և քանիսին է այդ կարգավիճակն առ այսօր իրականում տրվել: Թե’ ադրբեջանահայ, թե’ սիրիահայ փախստականները հավասարապես գործ ունեն Հայաստանում արմատավորված պաշտոնեական չարաշահումների և կամայականությունների ավանդույթի հետ և միայն միասնաբար գործելով կկարողանան ապահովել արդարության սկզբունքի գերակայությունը: