Կենսաթոշակային կուտակային համակարգի և այլ խնդիրների դեմ Հայաստանում տարվող պայքարը պետք է քաղաքական բնույթ ստանա, որպեսզի հնարավոր լինի արդյունքի հասել:
Այս կարծիքին է կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձավ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Սկզբում շատ ոգեշնչված էի կուտակայինի դեմ տարվող պայքարով, բայց հիմա մտորելու տեղիք ունեմ, ու իմ կարծիքով՝ դրա համար պատճառ կա: Նույն երիտասարդներին նույն եռանդով ես կուզեի տեսնել նաև ուրիշ միջոցառումների ժամանակ: Դա կարծես թե կուշտ մարդկանց բունտ է, ես չեմ հավատում կուշտ մարդկանց բունտին: Եթե ես տեսնեմ, որ նույն եռանդով իրենք դուրս են գալիս սովորական մարդկանց իրավունքները պաշտպանելու, ովքեր ճորտի նման օրական 12-14 ժամ բանում են և որևէ կերպ պաշտպանված չեն, ուրիշ հարց: Ճորտատիրական կարգեր են Հայաստանում, բայց ծպտուն չկա դրա մասին, բայց երբ 5-10 տոկոս պետք է տան իրենց թոշակից, դուրս են եկել, իրենց ճղում են: Դա իմ համար անընդունելի է, ես դրան չեմ ուզում մասնակցել»,- «Մեդիալաբին» ասում է Էդգար Բաղդասարյանը:
Նա նշեց, որ անկախ նրանից, թե ինչ կարծիք ունի ՀԱԿ-ի մասին, երբ վերջին հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը քաղաքական երանգ հաղորդեց իրավիճակին, դա ճիշտ ուղի էր:
«Պայքարը քաղաքական պետք է լինի: Դա պետք է քաղաքական հզոր պրոցես լինի, որ էդ քարը տեղից շարժվի: Իսկ իրենց ձեռնտու է, որ դա միայն քաղաքացիական նախաձեռնություն մնա, որն արդեն սկսում է կառավարվել: Ես դրան որևէ կերպ չեմ մասնակցելու, մինչև չդառնա շատ սուր քաղաքական պայքար և ավելի կարևոր խնդիրներ բարձրացվեն: Առանց քաղաքական պայքարի դուք չեք կարող որևէ բան փոխել: Քաղաքացիական պայքարը դա մանկամտություն է, դա ձեռնտու է իշխանությանը, դրա համար են այդպես ոգեշնչված ասում՝ ձևավորում ենք քաղաքացիական հասարակարգ: Դու պիտի իրականում հասկանաս՝ փոխելու համար ոչ թե բութդ տնկես ներքև, այլ դու պիտի ասես՝ ինչ պիտի անես, որ փոխես, պիտի քաղաքական պայքար մղես, լուրջ քաղաքական պայքար, դու պիտի վտանգես քո ունեցվածքը, քո դիրքը, իսկ դուք պատրա՞ստ եք այսօր դրան: Ոչ թե եկաք, մի քիչ գոռգոռացիք, երեկոյան գնացիք գարեջուր խմելու: Ես ըտենց պայքարի չեմ մասնակցի կյանքում՝ կուշտ մարդկանց հետ, շատ կուշտ»,- ասում է Էդգար Բաղդասարյանը:
Խոսելով 2013 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ կինոռեժիսորն ասում է, որ բնականաբար մարդկանց կյանքն էլ ավելի վատացավ:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Մեդիալաբ»-ի կայքում