«Եկել ենք Մինսկի համանախագահներին հիշեցնելու, պահանջելու, որ Ադրբեջանի եւ Հայաստանի գործողությունների մեջ սահմանագծին հավասարության նշան չդնեն: Մենք դեմ ենք այդ քաղաքականությանը: Համանախագահների կեցվածքը ոչ թե նպաստում է խաղաղ գործընթացին, այլ նպաստում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին եւ թույլ են տալիս Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը: Համանախագահներից պահանջում ենք համապատասխան կեցվածք որդեգրել եւ դատապարտել Ադրբեջանի կողմից տարվող գործողություններով, որոնք ուղեկցվում են մարդկային զոհերով»,-այսօր ԱԳՆ-ի դիմաց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին սպասելիս ասաց բողոքի ակցիայի մասնակից՝ դաշնակցական Գերասիմ Վարդանյանը:
Հիշեցնենք, որ համանախագահներն այսօր հանդիպել են ԱԳ նախարարին: Հանդիպումից հետո ռուս համանախագահ Իգոր Պոպովն ասաց, որ նախօրեին շարունակել են այն խոսակցությունը, որը սկսվել էր Վիեննայում. «Քննարկել ենք շփման գծում իրավիճակի սրման մասին հարցը, հանդիպել ենք պաշտպանության նախարարի հետ, և նա շփման գծում կատարվածի վերաբերյալ իր տարբերակն է ներկայացրել: Հայաստան գալուն պես, եղել ենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում, խոսել ենք նախարարի հետ, և նա էլ իր տարբերակն է ներկայացրել իրավիճակի վերաբերյալ: Այդ տարբերակները տարբերվում են: Այնուամենայնիվ, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Հետո ասաց, որ ցանկացած կողմում գրանցված մեկ զոհն էլ մեծ կորուստ է համարում, ինչը վտանգում է խաղաղ բանակցությունների գործընթացին. «Մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի, ինչի կոչն արել ենք ադրբեջանական կողմին»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ