Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ամսական կայուն 100 հազար դրամ աշխատավարձ ունենալով` չեն արտագաղթի

Փետրվար 05,2014 15:21

«Որքան ընտանիքը բազմանդամ է, այնքան ընտանիքը աղքատ է»,-այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում ներկայացնելով «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետեւանքների մեղմացումը եւ տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացում» եռամյա ծրագիրն, ասաց «ԱՄ Փարթնըրզ» ընկերության ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը: Նա ամփոփեց ծրագրի առաջին տարվա արդյունքները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ: Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանն ամփոփելով՝ նշեց, որ ամենաշատը արտագաղթում են Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի ու Շիրակի մարզերից, այդ տարածաշրջաններում ծրագիրը նպատակ ունի նվազեցնել աշխատանքային միգրանտների եւ նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը` հասցեական սոցիալական ծառայությունների մատուցման եւ միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով` հանուն նրանց համայնքների զարգացման:

«Առաջիկա տարում նախատեսվում է 4 թիրախային մարզերում առնվազն 190 բժիշկների եւ առնվազն 380 միգրանտների ընտանիքների համապատասխան ուսուցում, խնամք կազմակերպելու մասին, ինչպես նաեւ հանրային իրազեկման արշավների անցկացում: Կստեղծվեն 4 մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել եւ ամրապնդել համայնքների եւ սփյուռքի կազմակերպության հետ կապը»,-ասաց Վարյա Մերուժանյանը:
Պարոն Աղբալյանի խոսքերով. «Սոցիալական խոցելի խավում պետք է բարձրացնել կրթական մակարդակը: Բարձրագույն կրթություն ստացողների թիվը կազմում է 6%, որը երեքից ավելի անգամ պակաս է, քան Հայաստանի միջին ցուցանիշը` բարձրագույն կրթության»:

Անդրադառնալով ընտանիքների տնտեսական ցուցանիշներին` Վ. Աղբալյանն ասաց, որ եկամուտ ունեցել են չափահաս անձանց 21%-ը, հարցվածների 30 %-ն իրենց համարել են գործազուրկ:

«Վերջին 3 տարիների ընթացքում, մեր հետազոտած ընտանիքների 24%-ը առնչվել է աշխատանքային միգրացիոն գործընթացներին, որից 97%-ը կազմում են տղամարդիկ, իսկ միգրանտների միջին տարիքը` 38 է , որից 74%-ը միջնակարգ կրթությամբ: Մեծամասամբ աշխատանքային միգրացիային մասնակցել են գյուղաբնակ մարդիկ եւ հիմնական երկիրը` որտեղ մեկնում են, մնում է Ռուսաստանի դաշնությունը»,-ներկայացրեց Աղբալյանը` ավելացնելով, որ հարցված ընտանիքներում գերակշռում է այն կարծիքը, որ միգրացիայից տուժում են կին-տղամարդ, երեխա-ծնող փոխհարաբերությունները եւ միգրանտների եւ ընտանիքի մնացած անդամների միջեւ օտարացում է նկատվում:Այնուամենայնիվ, հարցվածների 76%-ը գոհ է, քանի որ այդ կերպ լուծվում է ընտանիքի ֆինանսական վիճակը:

Իսկ թե ինչ պայմաններ են հարկավոր Հայաստանում միգրանտների համար, որպեսզի արտագնա աշխատանքի չմեկնեն` իրենց համար բարձր աշխատավարձի շեմը, հարցվածների 68%-ը նշել է, որ շեմը չի անցնում ամսական 200 հազար դրամը, մի մասն էլ ասել է, որ թեկուզ 100 հազար դրամի աշխատանք ունենալու դեպքում` չենք գնա արտագնա աշխատանքի:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 44 %-ը երկրից գնում է աղքատության պատճառով, 34%-ը հեռանում է աշխատանքի բացակայության պատճառով, իսկ 25 %-ը` առողջական խնդիրներից ելնելով:

Մոտ մեկ միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ եռամյա ծրագիրն իրականցվում է 2012 թվականի դեկտեմբերի 21-ից եւ կավարտվի 2015 թվականի դեկտեմբերի 21-ին:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728