Լրահոս
Օրվա լրահոսը

Արտախորհրդարանական ընդդիմությունը «ձեռնոց կնետի՞» խորհրդարանական ընդդիմությանը

Փետրվար 05,2014 15:28

ՍԴՀԿ ատենապետը վստահեցնում է,
որ ձախ ուժերը նոր խոսք կասեն քաղաքական դաշտում

«Հուսով ենք, որ փետրվար ամսվա ընթացքում մեծ հավաք կկարողանանք կազմակերպել, քանի որ մեր գործընկերները եւս շահագրգիռ են, որպեսզի օր առաջ համախմբված պլատֆորմ կարողանանք ստեղծել: Բանակցություններն ու խորհրդակցությունները շարունակվում են: Դրանք ընթանում են ոչ միայն քաղաքական ուժերի, այլ նաեւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, անհատների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը: Հիշեցնենք, որ վերջերս ՍԴՀԿ-ն ու ՀԴԿ-ն հայտարարեցին ձախ ուժերի միավորում ստեղծելու պայմանավորվածության մասին: Նման նախաձեռնության մասին խոսակցություններ շրջանառվեցին նաեւ վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ: Բանակցություններում ներգրավված էին նաեւ Կոմկուսը, ՀՅԴ-ն եւ ձախ ուղղվածության այլ ուժեր: Նպատակն էր նախընտրական դաշինքի ձեւավորումը եւ խորհրդարանական ընտրություններին համատեղ մասնակցությունը: Ինչը, սակայն, չհաջողեց: ՀԴԿ-ՍԴՀԿ ձեռք բերված պայմանավորվածությունը, սակայն, հուսադրող է: Համենայնդեպս, ՍԴՀԿ ատենապետը լավատեսորեն է տրամադրված. «Կարծում եմ, որ ձախ ուժերը կկարողանան քաղաքական դաշտում նոր խոսք ասել, ինչը շատ կարեւոր է, քանի որ վերջին տարիներին քաղաքական դաշտում էլ է լճացում նկատվում»: Մեր զրուցակցի կարծիքով՝ վերջին շրջանում քաղաքացիական ակտիվությունը գերազանցում է կուսակցական ակտիվությանը: Կուսակցական դաշտում, այդ թվում նաեւ ընդդիմադիր, ըստ մեր զրուցակցի՝ եւս մոնոպոլիան է գործում: «Ձախ ուժերը կփորձեն կոտրել այդ կարծրատիպը եւ ներկայացնել երկրի քաղաքական, տնտեսական ճգնաժամերի հանգուցալուծման սեփական դեղատոմսերը»,- ասաց մեր զրուցակիցը: Նարեկ Գալստյանը ձախ ուժերի միավորման շուրջ այս պայմանավորվածությունն աննախադեպ է համարում այն առումով, որ ցայսօր բոլոր միավորումները մեր երկրում չեն եղել գաղափարական. դրանք եղել են առավելապես նախընտրական, ուղղված են եղել կարճաժամկետ խնդիրների լուծմանը եւ տրոհվել են հետընտրական շրջանում:

Այն, որ վերջին շրջանում խորհրդարանական ընդդիմադիր ուժերի մոտ էլ են համատեղ գործունեության տարրեր նկատվում, մեր զրուցակիցը լուրջ չի համարում. «Կարծում եմ, որ դա պարտավորված քայլ է: Շատ հարգելով մեր գործընկերներին՝ պետք է նկատեմ, որ վերջին տարիների զարգացումների այս կամ այն հանգրվանում այդ քաղաքական ուժերը մշտապես հանդես են եկել մեկը մյուսին քննադատելու կամ միմյանց վրա հարձակումներ գործելու դիրքերից: Իրականում քաղաքացիական հասարակությունը պարտադրեց խորհրդարանական քաղաքական կազմակերպություններին միավորվել: Ես կարծում եմ, որ այսօր Հայաստանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է հենց ընկերվարական, սոցիալիստական հայացքներ կրող քաղաքական կազմակերպությունների միասնությունը, քանի որ մեր թիվ մեկ մարտահրավերներն այսօր սոցիալական անարդարությունն ու մենաշնորհներն են, օլիգարխիաները: Առանց այս ամեն ինչի դեմ բաց խոսելու, դեղատոմս առաջարկելու՝ առանձին հարցերի շուրջ կարճաժամկետ միավորումները չեն կարող քաղաքական հաջողությունների հանգեցնել»:

ՍԴՀԿ նորընտիր վարչության անդամները տարբեր առիթներով հայտարարում էին, որ կանգնելու են ՀՀ քաղաքացու կողքին եւ պայքարելու են նրա իրավունքների համար: Այս առիթով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ Հայաստանում ծավալվող դժգոհության ալիքին վերաբերող մեր հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ ՍԴՀԿ-ն ոչ միայն հայտարարությամբ է հանդես եկել, այլեւ կուսակցականները մասնակցել են նաեւ հունվարի 18-ին կայացած հանրահավաքին: «Մենք ողջունում ենք քաղաքացիական ցանկացած նախաձեռնություն, որի հետեւում կանգնած են ՀՀ քաղաքացիները, այլ ոչ թե միջոցառումները, որոնք կարող են նպաստել այս կամ այն քաղաքական ուժի կամ անհատի քաղաքական վերադարձին կամ դիվիդենդներ շահելուն»,- ասաց ՍԴՀԿ ատենապետը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե ո՞ր քաղաքական ուժերն են այդ ամենի ետեւում կանգնած: Առաջիկայի մասով էլ ասաց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե առաջիկայում ի՞նչ ֆորմատի հանրահավաքներ կլինեն, կամ ի՞նչ քաղաքական ականջներ կունենան դրանք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. harut says:

    Որեւէ ընդիմութիւն եթէ կ`ուզէ արդիւնաւէտ ըլլալ պէտք է ներկայանայ առանց պիտակի կամ խմբակցութեան անունի- ընդիմանալու նպատակը պիտի ուղղուած ըլլայ իր նպատակին եւ ոչ
    գովաստելու իր կուսակցութիւնը կամ պատկանած խումբը,ինչ որ է դժբախտաբար մեզ մօտ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728