Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը պետք է էլեկտրոնային հաշվետվության ձեւի մեջ փոփոխություն կատարի

Փետրվար 05,2014 15:17

ՍԴ-ի որոշումից հետո կատարելով պարտադիր կուտակային վճարների գանձում՝ գործատուները խախտում են ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը

Չնայած Սահմանադրական դատարանը որոշել է կասեցնել Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի կիրառումը, սակայն, այնուամենայնիվ, գործատուները վճարում են այդ գումարները, ինչն էլ հանրության շրջանում տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել:

Այս առնչությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ոմանք այն կարծիքին են, թե 76-րդ հոդվածի կասեցմամբ ժամանակավորապես դադարում է գործատուի պատասխանատվությունը միայն կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սակայն 76-րդ հոդվածի կասեցումը վերաբերում է օրենքի բոլոր այն դրույթներին, որտեղ արտացոլված է գործատուի կողմից պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորությունը: Օրինակ՝ դրանցից մեկը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 8-րդ հոդվածն է, որով կուտակային վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները: Այսպիսով՝ պետք է ընդունել, որ եթե 76-րդ հոդվածը կասեցվում է, ապա այն տարածվում է նաեւ օրենքի մյուս հոդվածների վրա, մասնավորապես՝ 8-րդ հոդվածի: Նույնը վերաբերում է նաեւ 86-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դրույթներին:

ՍԴ-ի որոշումից հետո կատարելով պարտադիր կուտակային վճարների գանձում՝ գործատուները խախտում են նաեւ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 213 հոդվածի 1-ին մասի պահանջը, այն է՝ «Աշխատավարձից պահումները կարող են կատարվել օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում»: Այս ամենից հետեւում է, որ աշխատողը պարտավոր չէ կատարել կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, իսկ գործատուն իրավունք չունի պահումներ կատարել»:
Նշելով, որ, այդուհանդերձ, պարտադիր վճարների վերաբերյալ հոդվածները շարունակում են գործել, եւ դրա վկայությունը Պետական եկամուտների կոմիտեի սահմանած անձնավորված էլեկտրոնային հաշվետվության մեջ նախատեսված պարտադիր կուտակային վճարման գանձումն է, ինչն էլ աշխատողների շրջանում առաջացրել է դժգոհություն, պարոն Փիլիպոսյանից հետաքրքրվեցինք, թե իրավիճակի հստակեցման ի՞նչ տարբերակ կա:

«Մինչ ՍԴ-ի կողմից վերջնական որոշման ընդունումը՝ արհեստականորեն ստեղծված արգելքը վերացնելու համար նախ պետք է փոփոխություն կատարվի հարկային մամինների կողմից սահմանված էլեկտրոնային հաշվետվության ձեւի մեջ: Բանն այն է, որ այդ ձեւը մշակվել է մինչ Սահմանադրական դատարանի սույն որոշումը: Բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է ընդամենը վերանայել հաշվետվության ձեւը, որպեսզի այն հնարավոր լինի ներկայացնել առանց պարտադիր կուտակային բաղադրիչի, քանի որ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգը չի ընդունում գործատուի կողմից ներկայացվող ամսական հաշվետվությունը առանց պարտադիր կուտակային վճարը նշելու: Կարծում եմ, որ անձնավորված հաշվետվության ձեւի վերանայումը կհստակեցնի հարկային մարմնին գործատուի ներկայացրած հաշվետվության ընթացակարգը»,- ասաց նա:
Հարցին էլ, թե Սահմանադրական դատարանը կվերահաստատի՞ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերահիշյալ հոդվածների կասեցման մասին իր որոշումը, պարոն Փիլիպոսյանը նկատեց. «Կարծում եմ՝ պետք է որ վերահաստատի, քանի որ խախտված են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված դրույթները, հատկապես՝ անձի սեփականության տնօրինման, տիրապետման եւ օգտագործման իրավունքները: Ի վերջո, խախտվում են նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ մասի պահանջները, այն է՝ օրենքները պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանը եւ չպետք է հակասեն Սահմանադրական դատարանի որոշումներին»:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երեկ կեսօրից հետո Պետական եկամուտների կոմիտեն այս հարցի շուրջ պարզաբանում էր ներկայացրել: Հաղորդագրության մասնավորապես վերջին հատվածում անդրադառնալով պարտադիր կուտակային վճարներին՝ նշել էր.
«Պարտադիր կուտակային վճարների հաշվարկումը պայմանավորված չէ վարչարարության գործիքների կիրառմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները, ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն՝ նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից մինչեւ 28.03.2014թ. չեն հաշվարկվի տույժեր եւ չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ»:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Держи карман шире….կամաց սպասեք, թե ՊԵԿ-ը որեւէ լավ բան կանի քաղաքացու համար…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728