Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում ստորագրվել են համագործակցության նոր հուշագրեր

Փետրվար 05,2014 14:52

ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի հերթական նիստն սկսվել է 2011 թ. դեկտեմբերի 15-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած՝ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացման առաջին արդյունքների ամփոփմամբ:

Նիստում ներկայացվել են 2013 թ. առաջին ինը ամսվա կտրվածքով ընդհանուր արդյունաբերական ցուցանիշները, ապա ըստ ոլորտների իրականացված մոնիթորինգի թիրախային ցուցանիշները: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը զեկուցել է, որ 2013 թ. ՀՀ արդյունաբերական կազմակերպությունների կողմից թողարկվել է 1 տրիլիոն 204.1 մլրդ դրամի արտադրանք, ինչը 2013 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8 տոկոսով: Իրացվել է 1 տրիլիոն 214.4 մլրդ դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրելով 8.3 տոկոս աճ, որից արտահանման ծավալը կազմել է 453 մլրդ դրամ:

2013 թ. ինը ամսվա կտրվածքով արտադրանքի իրացման և արտահանման ցուցանիշների աճ է արձանագրվել, մասնավորապես, հետևյալ ոլորտներում՝
դեղագործություն և բիոտեխնոլոգիաներ – իրացման թիրախային ծավալ՝ 12 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 12.6 մլն ԱՄՆ դոլար, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 7 մլն ԱՄՆ դոլար, փաստացի՝ 9 ամսվա կտրվածքով՝ 6.7 մլն ԱՄՆ դոլար,
կոնյակագործություն – իրացման ծավալը թիրախային՝ 5 տոկոսից աճել է փաստացի 14.9 տոկոսի, այսինքն՝ գերազանցել է ծրագրված ցուցանիշը շուրջ 10 տոկոսով, արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 135 մլն ԱՄՆ դոլար, 9 ամսվա կտրվածքով փաստացի ցուցանիշ՝ 125.5 մլն ԱՄՆ դոլար: Դա նշանակում է, որ տարեկան կտրվածքով արտահանման ծավալի փաստացի ցուցանիշը կգերազանցի թիրախայինը,
ոսկեգործություն – արտահանման թիրախային ծավալ՝ տարեկան 19.4 մլն ԱՄՆ դոլար, փաստացի ցուցանիշ՝ ինը ամսվա կտրվածքով 15.3 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ առաջնային նպատակային շուկաներում ոսկեգործության արտադրանքի արտահանման ծավալի թիրախային ցուցանիշը եղել է 8.3 մլն ԱՄՆ դոլար, իսկ փաստացի կազմել է 8.6 մլն ԱՄՆ դոլար՝ 9 ամսվա կտրվածքով:

Այնուհետև անդրադարձ է եղել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ սահմանված ոլորտային ռազմավարությունների համապատասխան գործողությունների ծրագրերի մոնիթորինգի և մեթոդաբանության համակարգին, որն իրենից ներկայացնում է այդ ռազմավարությունների իրականացման մոնիթորինգի և գնահատման ցուցանիշների համակարգ: Վարչապետ Սարգսյանը կարևորել է ունիվերսալ մեթոդաբանության և որակի վերահսկման ունիվերսալ համակարգի մշակումը, որը կիրառելի կլինի ՀՀ արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված բոլոր ճյուղերի համար:

Արդյունքների ամփոփմանը հաջորդել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ գերակա սահմանված ևս երկու ճյուղերի՝ ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ու թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչների հետ համագործակցության հուշագրերի ստորագրման արարողությունը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ոսկեգործության, ադամանդագործության և ժամագործության ոլորտը՝ ի դեմս Հայաստանի ոսկեգործների և ակնագործների միության, Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի, արտադրող ընկերությունների և կրթական և գիտահետազոտական կառույցների, ինչպես նաև թեթև արդյունաբերության ոլորտը՝ ի դեմս ՀՀ թեթև արդյունաբերության գործատուների միության, ոլորտի ընկերությունների և կրթական հաստատությունների ստորագրել են համապատասխան ոլորտային ռազմավարությունների իրականացման վերաբերյալ հուշագրեր: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթն ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը, ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության, թեթև արդյունաբերության ոլորտի անունից՝ ոլորտային միությունների և ընկերությունների ներկայացուցիչները:

Ստորագրված հուշագրերի նպատակն է՝ նպաստել ոսկեգործության, ժամագործության և ադամանդագործության ու թեթև արդյունաբերության երկարաժամկետ զարգացմանը` միջազգային մակարդակով մրցունակ արտադրանքի ապահովման և միջազգային ճանաչման ընդլայնման միջոցով, ինչպես նաև ընդլայնել պետական ու մասնավոր հատվածների միջև համագործակցությունն այդ ոլորտների զարգացման ռազմավարության ներքո: Թեթև արդյունաբերության ոլորտային ծրագիրը կնպաստի հագուստի, ինչպես նաև կաշվի և կոշիկի արտադրության ենթաոլորտների, ոսկեգործության ոլորտային ծրագիրը՝ ալմաստի մշակման, ժամացույցների և ոսկյա զարդերի արտադրության ենթաոլորտների զարգացմանն ու արտահանման ծավալի ընդլայնմանը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728