Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կյանքից զրկելու դիտավորությամբ սպանության փորձով հարուցված քրեական գործն ունի առավել ծանրակշիռ փաստեր

Փետրվար 05,2014 15:05
Seda Safaryan

«Առավոտի» հունվարի 22-ի «Հանցանքի պահին մեղադրյալը գտնվել է «կոմուլատիվ աֆեկտի վիճակում» հրապարակմանը հետեւեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանի արձագանքը: ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանը նշյալ հրապարակման մեջ խոսել էր իր պաշտպանյալի՝ Տիգրան Համբարձումյանի մասին, որին կալանել են կնոջը՝ Տ.Ն.-ին դանակահարելու համար: Փաստաբանը նաեւ ներկայացրել էր դատահոգեբուժական -դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությունը: «Տ. Ն.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ սպանության փորձով հարուցված քրեական գործն ունի առավել ծանրակշիռ փաստեր, եւ փաստական հանգամանքները, ինչին մեղադրյալ Տ.Համբարձումյանի պաշտպան Լիանա Բալյանն իր խոսքում չի անդրադարձել, գիտակցելով դրանից՝ իր պաշտպանյալի համար վատ հետեւանքները: Առաջին հերթին կարեւորում եմ Տ. Ն.-ին հասցված վնասվածքները ներկայացնել նույն հանրության դատին, ում օժանդակությանը դիմել է փաստաբանը:

Տ.Համբարձումյանի դանակահարության արդյունքում Տ. Ն.-ն ստացել է հետեւյալ վնասվածքները`«աջ եւ ձախ թոքերի, սրտի, լյարդի վնասումների, վերին վերջույթների, դեմքի ծակած-կտրած բազմաթիվ վերքերի, երկկողմանի հեմոպնեւմոթորաքսի եւ ծանր աստիճանի հեմոռոգիկ-տրվմատիկ շոկի ձեւով»- ասում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սեդա Սաֆարյանը: Ըստ նրա, իր վստահորդի կյանքը պարզապես հրաշքով փրկել են «Մալաթիա» բժշկական կենտրոնի լավագույն բժիշկները, ովքեր անտեսել են նրա նյութական անապահով վիճակը եւ անձնական միջոցներ ներդրել՝ նրա կյանքը փրկելու համար:

«Հոդվածում կար այն ենթատեքստը, թե «նախաքննական մարմինը մտել է մատի եւ մատանու արանքը»: Տպավորություն է, թե գործով պաշտպանը եւ իր պաշտպանյալը հավատում են, թե նախկին ամուսինները վաղուց չեն կորցրել միմյանց, եւ միայն դեպքից հետո է նախաքննական մարմինը քանդել նրանց «հաշտ ու խաղաղ» ընտանիքը: Այս պարագայում պարադոքս է նաեւ մեղադրյալ Տ.Համբարձումյանի մոտ հոգեկան հուզում առաջացնելու պատրվակով Տ. Ն. -ին մրոտելու, նրան բարոյալքված մարդ ներկայացնելու եւ դրան հակառակ, ընտանիքը իբր վերամիավորելու ցանկությունը: Որն է սույն գործով պաշտպանի միտումը. հանրության ուշադրությունը սեւեռել մի երեւույթի վրա, որն, ըստ իս, բոլոր կողմերից դատապարտելի է»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասում է Ս. Սաֆարյանը:

Փաստաբանի այն տեղեկությանը, թե իր պաշտպանյալը հանցանքի պահին «գտնվել է կոմուլատիվ աֆեկտի վիճակում», հետեւությունն, ըստ Ս. Սաֆարյանի, իհարկե, մասնագիտական է, սակայն, եթե դա կառուցվեր ճիշտ փաստական տվյալների վրա եւ իրականությանը մոտ լիներ:

«Չեմ համակերպվում դեպքին նախորդող պահին Տիգրան Համբարձումյանի հորինված փաստերի հետ, կնոջ դավաճանության վերաբերյալ երեւակայությանը զոռ տալու եւ միայն մի կողմի կարծիքի վրա կառուցված փորձագիտական եզրակացության հետ: Ուշագրավ է նաեւ փորձագետների պահվածքը, երբ առաջին եզրակացության կապակցությամբ առարկություն ներկայացրած կողմի փաստարկները ուշադրության չեն արժանանում, ուշադրության չեն արժանանում դեպքին անմիջապես հաջորդող պահին մեղադրյալի տված ցուցմունքների եւ հետագա ցուցմունքների մեջ առկա էական հակասությունները, մասնավորապես, հոգեկան հուզմունք առաջացնելու արհեստածին փաստարկների առումով: Իսկ տուժողի եւ դեպքին ներկա գտնվող վկայի ցուցմունքները դեպքին նախորդող հանգամանքների վերաբերյալ միշտ եղել են նույնը: Այն է՝ շքամուտքում դանակով զինված Տիգրանը հանկարծակի հայտնվեց, Տաթեւին քաշեց դեպի իրեն եւ սկսեց դանակով հարվածներ հասցնել նրան: Այս հանգամանքները գնահատելու եւ օբյեկտիվ հետեւության հանգելու համար պարտադիր չէ հոգեբան լինելը: Ստացվում է, որ Տ.Համբարձումյանը նախապես վերցրել է դանակ, մեքենան կանգնեցրել է մուտքից հեռու` կնոջ համար անտեսանելի տեղ, որովհետեւ նախապես գիտեր, որ պետք է հուզվի եւ կնոջ հետ հաշվեհարդար տեսնի: Այսինքն` հոգեկան հուզումով զինված եկել էր շքամուտք»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Ըստ Ս. Սաֆարյանի, այս գործով որեւէ դավաճանության փաստ չի արձանագրվել, որը վկայում է Տիգրան Համբարձումյանի պաշտպանի ներկայացրած՝ կնոջը միանալու ձգտումը. «Դեպքին նախորդող պահին որեւէ հուզական վիճակ առաջացնող դրվագ չի եղել, որը ազդեր Տ.Համբարձումյանի գործողությունների վրա, եւ նա գործ է ունեցել իրենից արդեն հեռացած եւ մոր տանը բնակվող կնոջ հետ, ով բազմիցս նրան բարձրաձայնել է համատեղ ապրելու անհնարինության փաստը: Հետեւապես «մատի եւ մատանու արանք» մտնելու հարկ նախաքննական մարմինը չունի»:

Ս. Սաֆարյանն ասում է, որ գործ ունենք առանձնապես ծանր հանցագործության դրսեւորման հետ, որի պարագայում նախաքննական մարմինը պարտավոր է զբաղվել իր գործով եւ դա էլ անում է: «Եթե անգամ ընդունեմ այն փաստը, որ բազմաթիվ ուժերի ազդեցության ներքո, անգամ ինձնից, որպես տուժողի ներկայացուցչից գաղտնի, հնարավոր է եղել տուժողին համոզելու, որ իրականությունը փոքր- ինչ այլ կերպ նկարագրի հանուն Տ.Համբարձումյանի շահերի, իսկ պաշտպանը դա ներկայացնի որպես իրական հոգեկան հուզմունքի շարժառիթ, իսկ դա նկատել է նախաքննական մարմինը, ու դրանով պայմանավորված քննիչի համոզմունքում ոչինչ չի փոխվել, դա չի նշանակում, որ փաստաբանի տեսակետն ընդունելի է: Անթույլատրելի է գործի իրական դեմքը փոխելուն հակելը, եւ փոխված տարբերակին անվերապահորեն հավատալու պաշտպանության կողմի տեսակետը»,- ասում է Ս. Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է Տ. Ն.-ի կողմից մեկուսարան նախկին ամուսնու մոտ գնալու հանգամանքին, ապա դա եղել է երեխաների խնդրանքով, այլ հարցերի պարզման նպատակով: «Պետք է հայտնեմ, որ Տ.Համբարձումյանը նախկին կնոջը հայտնել է, որ չի զղջացել կատարածի համար, ավելին՝ կորցրածը չգիտակցողի հոգեբանությամբ Տ.-ին խոստացել է նույն կյանքը, իսկ դա արդեն լուրջ խորհելու տեղիք է տալիս, եւ այն չգիտակցված ռիսկը, որն իր վրա է վերցրել փաստաբանը՝ կապված Տ.Համբարձումյանի ազատության մեջ գտնվելու անողջամիտ տեսակետի հետ, համենայնդեպս ինձ համար, որպես մարդ եւ որպես փաստաբան, անհասկանալի է»,- հավելում է փաստաբան Սաֆարյանը: Ըստ վերջինի, դեպքին նախորդող ամիսներին Էջմիածնի բաժինը նույն Համբարձումյանի կողմից Տ.-ին բռնության ենթարկելու նյութերին ընթացք չի տվել եւ դա մի քանի ամիս հետո ավարտվել է Տ.-ին տասնյակ անգամ դանակահարելու դրվագով. «Որքան էլ մեծ լինի պաշտպանի ցանկությունը իր պաշտպանյալին օգնելու հարցում, միեւնույն է՝ իրականության հետ պետք է հաշվի նստել»:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Liana Balyan says:

    Սույն գործով իմ պաշտպանյալը արդեն ութերորդ ամիսն է գտնվում է կալանքի տակ: 16.08.2013թ. դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության թիվ 65 եզրակացությունը եւ 2-րդ` դատահոգեբանական փորձաքննության թիվ 13-2769 եզրակացությունը չեն հակասում միմյանց, համաձայն որի՝ Տիգրան Համբարձումյանը գտնվել է կումուլատիվ աֆեկտիվ վիճակում: Սակայն 18.12.2013 թվականին առանց հիմնավորումների եւ դատախազի ցուցումով որոշում է կայացվել նշանակել երրորդ` դատահոգեբանական փորձաքննությունը: Երրորդ փորձաքննության վերաբերյալ քննիչն ու դատախազն էլ տեղյակ չեն, թե ինչպես եւ ում կողմից է կատարվելու: Նախաքննական մարմինը հրաժարվում է նրան մեղադրել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում անձի առողջությանը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու համար` ՀՀ Քր. օր-ի 114 հոդվածի 2-րդ մասով : Քննիչը թույլ է տվել բազմաթիվ քրեադատավարական խախտումներ` ժամկետների առումով, նաև կողմերիս փորձաքննության արդյունքներին ծանոթացնելու առումով, ինչպես նաև ցուցաբերում է բացահայտ անգօրծություն, որոնց կապակցությամբ դիմում բողոքներ եմ հղել պատկան մարմիններին: 29.06.2013թ. Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104հոդվածի 1 -ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ձերբակալված Տիգրան Համբարձումյանը 01.07.2013թ. ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում երկու ամիս ժամկետով: Կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը 30.01.2014թ. բողոքարկել եմ ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատին, ինչպես նաև բացարկ եմ հայտնել Մալաթիա-Սեբաստիայի դատախազ` Հ. Սարգսյանին և դատախազի տեղակալ Վ. Հաությունյանին: Բացարկի պատասխանները դեռևս հայտնի չեն…

  2. Liana Balyan says:

    Հոդվածում պաշտպանելով նախաքննական մարմնին Սեդա Սաֆարյանը ասել է «մատի եւ մատանու արանք» մտնելու հարկ նախաքննական մարմինը չունի», ստանձնելով Մալաթիայի քննչական մարմնի և դատախազության պաշտպանությունը: Ես իմ հոդվածում վեր եմ հանել նախաքննական մարմնի սխալներն ու ապօրինությունները, և տուժող կողմին ու փաստաբանին չեմ վատաբանել, սակայն, տուժող կողմի փաստաբանը հոդվածում խոսում է միայն իմ դեմ, չեմ հասկանում դրանով է մատուցում դատախազությանը, թէ նպատակը նախաքննության մարմնի հետ իմ դեմ պայքարելն է… Նամանավանդ, որ սույն գործով ես մեն-մենակ պայքարում եմ` պահանջելով արդարություն…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728