Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինի ստորագրած օրենքը անհանգստություն է առաջացրել հայ միգրանտների շրջանում

Փետրվար 05,2014 14:59

Վանաձորցի Արտակ Բաղդասարյանը եւս մտահոգված է

Վանաձորցի 51-ամյա Արտակ Բաղդասարյանը վերջերս է վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից:

Մասնագիտությամբ իրավաբանն արդեն հինգերորդ տարին է` կնոջ հետ Սամարայում մասնավոր տաղավար է վարձակալել եւ զբաղվում է սննդի առեւտրով:
Այժմ, սակայն, ընտանիքի ապրուստի հարցը օդից կախված է մնացել:
2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի եւ ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխությունները:

Համաձայն նոր կարգի` 2014թ. հունվարի 1-ից սկսած` ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: 90 օր անց Ռուսաստանը լքած ներգաղթյալը կրկին կարող է ՌԴ սահմանը հատել միայն 90 օր անց: Բացի այդ` 180-օրյա ժամկետում ՌԴ-ում 90 օրով գտնվելու ժամկետը խախտած օտարազգիները կամ քաղաքացիություն չունեցող անձինք զրկվում են երեք տարի ժամանակով ՌԴ մուտք գործելու իրավունքից:
«ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու պարագայում այնպես է ստացվում, որ առաջին 2-3 ամիսը գործ չի լինում` կապված սեզոնային աշխատանքների բնույթից, եղանակից, կամ փող չեն տալիս, վերջին ամսում են տալիս: Հիմա այս մարդիկ իրենց ուտելու հարցը լուծեն, տան վարձը տան, պարտքերը փակեն, հուսան, որ ամառվա լավ ամիսներին աշխատելու են, թե աշխատածն էլ տոմսի տան ու երեք ամիս Հայաստանում սոված-ծարավ մնան»,- «Առավոտի» հարցերին ի պատասխան՝ ասում է Արտակ Բաղդասարյանը:
Նա նշում է` արդեն մարտի վերջերին հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր հայեր ստիպված կլինեն կամ վերադառնալու հայրենիք, կամ էլ զարտուղի ճանապարհներ են փնտրելու` Ռուսաստանում մնալու համար:

«Վերջապես այդ մարդիկ գալու են ՀՀ, էլի նորից երեք տարով պիտի արտաքսվեն, եւ այդ մարդիկ չեն իմանալու` ինչ անեն: Թող կառավարությունը մեզ աշխատանք տա, մենք այստեղ աշխատենք»,- ասում է Արտակ Բաղդասարյանը, ով նաեւ ՌԴ-ում աշխատած գումարներով հոգում է թոռնիկների եւ հիվանդ մոր կարիքները:
Նա հավելում է, որ եթե Հայաստանի իշխանությունները որոշակի նախաձեռնությամբ հանդես չեն գալու ՌԴ ղեկավարների առջեւ, չեն խնդրելու նրանցից, որպեսզի հայերի նկատմամբ բացառություններ արվեն, ապա ավելի լավ է` ժողովրդին արտաքսեն երկրից, ով ինչպես կարող է` թող իր գլուխը պահի:

«Եթե չեն կարողանում պահել այս ժողովրդին, գոնե մենք մեր գլուխը պահենք, թող արտաքսեն, ասեն` գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք»,- ասում է Արտակ Բաղդասարյանը:
Նա նկատում է, որ Հայաստանն այսօր ի վիճակի չէ ընդունելու ՌԴ-ից եկած աշխատանքային միգրանտներին. երկրում քաոսային իրավիճակ կստեղծվի:

«Այսօր վիճակն այնքան վատ է, որ եթե այս մարդիկ գան այստեղ, դուք չեք պատկերացնում` ինչ քաոսային վիճակ կտիրի, սոդոմ-գոմոր է լինելու, առանց այդ էլ ոչ մի ձեռնարկություն, ոչ մի հիմնարկ, ոչ մի բան չի աշխատում, այստեղ այդ մարդիկ ինչ են անելու: Ավելանալու է գողությունը, անբարոյականությունը, ավազակությունը եւ նմանատիպ այլ բաներ»,- եզրափակում է վանաձորցին:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728