«Մաշան եւ արջը», «Մադագասկար», «Շրեկ», «Քաջ Նազար», «Ձախորդ Փանոսը» եւ մի շարք մուլտֆիլմեր ամենապահանջվածն են Հայաստանում: Այս կարծիքն է հայտնում նաեւ երեւանյան ձայնասկավառակների խանութ-սրահներից մեկի վաճառողուհի Լիա Դանիելյանը: Նա տեղեկացնում է, որ չնայած այդ մուլտֆիլմերը շատ են ցուցադրվում հեռուստատեսությամբ, տեղակայված են նաեւ համացանցում, միեւնույն է՝ սկավառակների պահանջարկը եւս շատ մեծ է: Վաճառողուհին տեղեկացնում է. «Մուլտֆիլմեր հիմնականում գնում են 3-ից 12 տարեկան երեխաները, 6-ից բարձրերը՝ նաեւ առանց ծնողների օգնության»: Հարցին՝ կա տարբերություն, երբ երեխաներն են անձամբ ընտրություն կատարում եւ երբ ծնողների օգնությամբ են գնում մուլտֆիլմեր, պատասխանում է. «Այո, պատահում է, որ երեխաներն ուզում են գնել «Սարդ մարդը», «Սուպերմենը», բայց ծնողներն արգելում են: Ի ուրախություն ինձ ու շատ ծնողների, այսօր այդ մուլտֆիլմերն այնքան էլ շատ պահանջարկ չունեն: Շատ է պատահել, որ երեխաները փորձել են կրկնօրինակել մուլտերի հերոսներին՝ շենքից կամ որեւէ այլ բարձր վայրից ցած նետվելով, արդյունքում միայն վնաս են պատճառել իրենց»:
Հոգեբան Սուսաննա Ավետիսյանի խոսքով` ցանկացած երեւույթ, այդ թվում՝ մուլտֆիլմերն ունեն ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն, այդ իսկ պատճառով խորհուրդ է տալիս ծնողներին օրվա մեծ մասը երեխաների համար ոչ թե մուլտեր միացնել, այլ հեքիաթներ կարդալ, դերային խաղեր կազմակերպել, լավ եղանակի դեպքում նրանց տանել դուրս խաղալու, որպեսզի նրանք ավելի շատ շփվեն շրջապատող աշխարհի հետ, կախվածություն ձեռք չբերեն մուլտֆիլմերի նկատմամբ, ինչի հետեւանքով հետագայում կարող են շփման, հաղորդակցվելու խնդիրներ ունենալ: «Եթե նկատել եք, հիմա շատ երեխաներ քիչ են շփվում միմյանց հետ, նույնիսկ մանկապարտեզներում կարող են լինել երեխաներ, ովքեր չցանկանան խոսել մյուսների հետ»,- ասում է Սուսաննա Ավետիսյանը եւ պարզաբանում, որ այս ամենի պատճառն այն է, որ շատ մուլտեր դիտելով՝ երեխաները մտնում են դերի մեջ, ապրում իրենց համար երեւակայական աշխարհում, հնարավոր է, որ նույնիսկ սկսեն խոսել մուլտֆիլմի հերոսների լեզվով: Այս ամենի հետեւանքով կարող է տարբեր տեսակի բարդույթներ ունենան, սթրեսներ ապրեն, չցանկանան հաճախել մանկապարտեզ եւ այլն: «Այս ամենի արդյունքում երեխայի մոտ բնավորություն է ձեւավորվում, հետագայում թեկուզ իր անձնական կյանքը դասավորելու հարցում հնարավոր է, որ նա գերադասի վիրտուալ շփումը կենդանի շփումից»,- ասում է հոգեբանը:
«Արմանչոս օրվա ընթացքում մի քանի ժամ անընդմեջ մուլտֆիլմեր է դիտում, իսկ ես այդ ընթացքում կատարում եմ տնային գործերս, այդպիսով նա ինձ չի խանգարում, իսկ մուլտեր դիտելը նրան միայն հաճույք է պատճառում»,- ասում է 27-ամյա տիկին Սոֆյան: Իսկ հոգեբան Սուսաննա Ավետիսյանը տեղեկացնում է, որ նման կերպ վարվելը սխալ է:
«Ծնողը չպետք է միացնի հեռուստացույցն ու մի կողմ քաշվի, անհրաժեշտ է, որ նա ճիշտ մեկնաբանի ցուցադրվածի բովանդակությունը, պատասխանի երեխային հուզող հարցերին, արդյո՞ք հերոսն այսինչ բանը ճիշտ արեց, լավ արեց, թե վատ արեց»,- ասում է նա: Տեղեկացնում է, որ օրվա կտրվածքով մուլտֆիլմեր պետք է դիտել ընդամենը մեկ- երկու ժամ` ցերեկային ժամերին: Հոգեբանը խորհուրդ չի տալիս մուլտեր դիտել երեկոյան՝ հատկապես քնելուց առաջ: «Սովորաբար, երեկոյան երեխաները հոգնած են լինում, իսկ հատկապես ակտիվ հերոսների մասնակցությամբ մուլտեր դիտելը նրանց մոտ կարող է գերհոգնածություն առաջացնել: Հնարավոր է, որ երեխան չկարողանա քնել կամ մուլտֆիլմի ազդեցության տակ քնի, խախտվի նրա հոգեկան հավասարակշռությունը, ինչի հետեւանքով կարող է գիշերն արթնանալ: Եթե նույնիսկ գիշերը հաճախակի չարթնանա, ապա առավոտյան կարող է զարթնել չափից դուրս գրգռված վիճակում»,- զգուշացնում է նա:
Հարցին, թե ո՞ր տարիքից է թույլատրելի երեխաներին մուլտֆիլմեր դիտել, պատասխանում է. «Հոգեբաններն ասում են, որ մինչեւ 2 տարեկան երեխաները չպետք է մուլտֆիլմեր դիտեն, որովհետեւ մինչեւ 2 տարեկանների շրջանում մտածողությունն առարկայական է, երեխաները շատ արագ ընդունում են յուրաքանչյուր ինֆորմացիա: Սա համարվում է գերզգայուն շրջան, եթե երեխան մուլտերի միջոցով չափից դուրս ինֆորմացիա ընդունի, նրա մոտ գերզգայունակություն կառաջանա, դա նրա համար կարող է սթրեսային լինել»: Սուսաննա Ավետիսյանը տեղեկացնում է՝ որքան ուշ երեխան սկսի մուլտֆիլմեր դիտել, այնքան շատ հոգեպես հավասարակշռված կլինի: 2 եւ ավելի բարձր տարիքի երեխաների պարագայում հոգեբանը խորհուրդ է տալիս դիտել «Baby Einstein» մուլտֆիլմը, որն, ըստ նրա, զարգացնում է երեխայի տեսողական երեւակայությունը: Մուլտը պետք է դիտել օրվա կտրվածքով ընդամենը մի քանի րոպե: «Կարելի է 2 տարեկանից սկսած կամ եթե ծնողն ուզում է, ապա գոնե 5 ամսականց հետո ցուցադրել այս մուլտֆիլմը եւ ոչ թե անմիջապես միացնել «Մաշան ու արջը»: Իսկ դեռահասներին խորհուրդ կտամ դիտել ուսուցողական, ճանաչողական մուլտեր, օրինակ «Ռիո»-ն, որտեղ ցուցադրվում է թռչունների բեղնավորումը եւ այլն: Այդ տարիքում երեխաներն անցնում են կենդանիների անատոմիա, եւ նրանց համար մուլտը բավական հետաքրքիր է»,- ասում է Սուսաննա Ավետիսյանը: Հավելում է, որ ցանկացած տեսակի մուլտֆիլմ դիտելիս շատ կարեւոր է ծնողի դերը, ով պետք է անհատական մոտեցում ցուցաբերի, հասկանա, թե որ մուլտն է երեխայի համար լավը եւ որը վատը, եթե երեխան բնույթով ակտիվ է, ապա նա կարող է ցուցադրել բնույթով հանգիստ մուլտեր: Ընտրված մուլտֆիլմն, ըստ Սուսաննա Ավետիսյանի, պետք է զերծ լինի ագրեսիայից, որպեսզի չգրգռի երեխաների նյարդային համակարգը: Հոգեբանը նշում է, որ այս խորհուրդներին հետեւելու դեպքում կարելի է խուսափել մուլտֆիլմերի բացասական ազդեցությունից:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Օգտվելով առիթից ուզում եմ գովազդել մեր կայքը՝ poqrik.am։
Կայքը ամբողջովին հայալեզու է, մուլտիմեդիա բաժնում կգտնեք հայերեն թարգմանված և ուսուցողական կարճ մուլտեր, հոդվածում արդեն նշված Baby Einstain մուլտերը (դրանք թարգմանության կարիք չունեն)։
Բացի դրանից կան երեխաների զբաղմունքի (առանց համակարգիչ) կազմակերպման բազմաթիվ այլ նյութեր։