Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սոֆոյան. «Երբեք չենք տարվում անցյալի լավ հիշողություններով»

Փետրվար 05,2014 14:15

Հարցազրույց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանի հետ

– Պարոն Սոֆոյան: 2013 թվականն ըմբշամարտի հայկական դպրոցի համար խոշոր ձեռքբերումների տարի էր: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում անցած մրցաշրջանում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աշխատանքը:

– Միանշանակ` լավ: Դա վկայեց նաեւ 2013 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը, որում տեղերի մեծ մասը զբաղեցրին ըմբիշները: Անցած տարի մեր պատանի, երիտասարդ եւ մեծահասակ ըմբիշները պաշտոնական առաջնություններում` աշխարհ, Եվրոպա, Համաշխարհային ուսանողական խաղեր, միջազգային խոշոր մրցումները չեմ հաշվում, ընդհանուր առմամբ նվաճեցին 30 մեդալ. 12-ը ազատ ոճում, 18-ը` հունահռոմեականում: Նկատեք, որ հաշվի չեմ առնում միջազգային մրցաշարերը: Մեզ համար բոլոր մեդալներն էլ գնահատելի են` դրանք նվաճվել են քրտինքով եւ դժվարագույն պայքարում: Բայց առանձնակի արժեք է Դավիթ Սաֆարյանի աշխարհի ոսկին: Հայաստանն այս ոճում 11 տարի աշխարհի չեմպիոն չէր ունեցել: Բացի դա, Դավիթը օլիմպիական բոլոր մարզաձեւերում դարձավ հայաստանցի միակ մարզիկը, որ 2013 թվականին աշխարհի չեմպիոնի կոչում նվաճեց:

– Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ամենակայացածներից մեկն է հանրապետությունում: Կան նաեւ այլ ֆեդերացիաներ, որոնք նույնպես ֆինանսական խնդիրներ չունեն, սակայն ակնկալվող հաջողություններ չարձանագրեցին: Այս մասին ի՞նչ կասեք:

– Մյուս ֆեդերացիաների գործունեությունը գնահատելն իմ իրավասությունների մեջ չի մտնում: Ես կարող եմ խոսել մեր ֆեդերացիայի մասին: Վերջին տարիներին, այն ժամանակվանից, ինչ նախագահ ընտրվեց մեծ բարեգործ Սամվել Կարապետյանը, ֆեդերացիայի աշխատանքներում կազմակերպական կոնկրետ հստակեցումներ մտցվեցին, որոնց պտուղները մենք այսօր արդեն տեսնում ենք: Տարին` տարվա վրա ըմբիշների մրցելույթները սկսեցին կայունանալ, որոնց հաջորդեց օրինաչափ որակական առաջընթացը:

– Մեծ սպորտում բարձրագույն նվաճումները մեծապես կախված են եղած միջոցներից: Մի բան, որ Սամվել Կարապետյանի գալով ըմբշամարտի ֆեդերացիայում բազմապատկվել է:

– Իհարկե, ֆինանսական ու նյութական պահանջվող միջոցների առկայությունը մեծ սպորտում շատ կարեւոր է: Եվ Սամվել Կարապետյանի գալով՝ մեր բոլոր տարիքային խմբերի մարզիկները ոչ մի բանի պակաս չեն զգում: Ընդհակառակը, տարեցտարի ֆեդերացիայի նախագահն ավելացնում է ներդրումների ծավալները: Բայց ավելի կարեւոր է, թե այդ գումարները որքանով են նպատակային ու արդյունավետ ծախսվում: Այսինքն, առաջնայինն աշխատանքները ճիշտ կազմակերպելն է: Օրինակ, ըմբշամարտի ֆեդերացիայում ամեն տարվա վերջին կազմվում են հաջորդ մրցաշրջանի պլանները, հաշվարկվում դրանց մոտավոր ծախսերը: Դրանք քննարկվում են մարզչական խորհրդում, գործկոմում եւ հավանության արժանանալուց հետո հիմնավորումներով ներկայացվում են ֆեդերացիայի նախագահին:

– Որքան էլ իդեալական ծրագրեր կազմվեն, միեւնույն է, դրանք տարվա ընթացքում փոփոխելու կարիք լինում է: Եվ այդ փոփոխությունները, որպես կանոն, կապված են լինում գումարները վերաբաշխելու եւ լրացուցիչ ներդրումների հետ:

– Այո, դա այդպես է: Պատահում է, որ փոխվում է մրցավայրը: Մինչեւ գալիս է տարվա համար պլանավորած այս կամ այն ծրագրի իրականացման ժամանակը, որպես կանոն, գները բարձրանում են: Ստիպված ենք լինում վերանայել ծախսերը: Դրա հետ կապված` հաճախ հարկ է լինում փոխել այս կամ այն առաջնությանը նախապատրաստվելիս հավաքների կազմակերպման վայրը, ժամկետները կամ մարզիկների քանակը: Եվ չի եղել մի դեպք, որ ֆեդերացիայի նախագահն ընդառաջ չգնա: Ի դեպ, նա դա անում է, երբ համոզված է, որ դրանք, իրոք, անհրաժեշտ են:

– Պարոն Կարապետյանը ճանաչված է նաեւ այլ մարզաձեւերին օգնելու եւ աջակցելու պատրաստակամությամբ: Հետաքրքիր է, նա գնահատե՞ց անցած տարի Հայաստանի մարզական պատիվը միջազգային մրցաբեմերում բարձր պահած ըմբիշներին:

– Իհարկե: Անգամ` առատաձեռն: Եվ ոչ միայն մարզիկներին, այլեւ նրանց անձնական ու հավաքականների մարզիչներին, բժիշկներին, մերսորդներին, մի խոսքով` բոլոր նրանց, ովքեր անձնական ներդրում են ունեցել հաղթանակներում: Ասեմ միայն, որ խրախուսական մրցանակները գումարային առումով անհամեմատ գերազանցում էին պետականորեն սահմանված պարգեւներին` կազմելով ավելի քան $300 հազարին համարժեք դրամ:

– 2014 թվականն արդեն մեկնարկել է: Ֆեդերացիան ի՞նչ նոր նշագծեր է սահմանել:

– Առնվազն` պահպանել անցած տարվա մակարդակը եւ անպայման հաջողությունները զարգացնել: Մենք մի սկզբունք ունենք. չտարվել արդեն արձանագրված նվաճումների հիշողություններով եւ շարժվել առաջ: Այս տարի նույնպես բազմաթիվ պատասխանատու մեկնարկներ կան, որոնց նախապատրաստությունն սկսվել է, կարելի է ասել, դեռ անցած դեկտեմբերին անցկացված 2014 թվականի Հայաստանի առաջնություններով: Բոլոր տարիքային խմբերի հավաքականներն ուսումնամարզական հավաքներում են ու արդեն տարբեր կազմերով սկսել են մեկնել միջազգային մրցումներ: Դրանց արդյունքներով մարզիչները կորոշեն Եվրոպայի առաջնությունների մասնակիցներին: Այնուհետեւ` կրկին հավաքներ, մրցաշարեր, որոնք տարվա ամենակարեւոր մեկնարկի` աշխարհի մեծահասակների առաջնության նախապատրաստական փուլ են:

– Մոտավորապես հայտնի՞ է, թե ովքեր հանդես կգան Եվրոպայի, այնուհետեւ` աշխարհի առաջնությունում:

– Վերջնական կազմերը որոշում են հավաքականների գլխավոր մարզիչները: Հիմա յուրաքանչյուր քաշային կարգում հավաքների հրավիրված են մի քանի ըմբիշներ, որոնց մարզիչները փորձարկելու են տարբեր մրցաշարերի գործուղելով: Ով կարդարացնի սպասելիքները, նա էլ կընդգրկվի հավաքական:

– Օլիմպիական խաղերի մասին ի՞նչ կասեք:

– Այս մրցաշրջանը ապագա օլիմպիական հավաքականի կազմավորման կարեւորագույն փուլն է: Տարեվերջին հավաքականի գլխավոր մարզիչները կընտրեն լավագույններին, որոնք 2015 թվականին կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար: Իսկ մինչ այդ, բոլորս պետք է քրտնաջան աշխատենք:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728