Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարկային ծրագրի շնորհիվ նոյեմբերյանցիները կրային նստվածքով ավելի շատ ջուր կստանան

Փետրվար 05,2014 13:37

Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիս-արեւմտյան» մասնաճյուղի շահագործման աշխատանքների բաժնի պետ Նորայր Վարդանյանի տվյալներով՝ Նոյեմբերյան քաղաքի խմելու ջրի ներքին ցանցը անցյալ դարի 50-60-ական թվականներին է կառուցվել, այն մաշված է, որի պատճառով մատակարարվող խմելու ջրի 80 տոկոսը կորում է:

Ն. Վարդանյանը քաղաքի ավագանու հունվարի 21-ի նիստում հայտարարեց, որ Ասիական բանկի վարկային ծրագրով Նոյեմբերյանում մեկնարկելիք 500 միլիոն դրամ արժողությամբ ծրագրով նախատեսվում է մեկ տարվա ընթացքում 25 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծում պլաստմասե խողովակներով փոխել գործող ցանցը, վերանորոգել 4 ջրամբարները, սեփական առանձնատների բնակիչների համար տեղադրել 1100 հատ ջրաչափ, նորոգել աշխատանքների ընթացքում վնասված 4400 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով ասֆալտապատ ճանապարհ:

SAM_5483

Ն. Վարդանյանը հավաստիացրեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կնվազեն մատակարարվող ջրի կորուստները, ներկայիս 4 ժամվա փոխարեն քաղաքին օրական 14 ժամ ջուր կմատակարարվի: Ծրագրի մրցույթը շահել է «Սպիտակ 1» ընկերությունը:

Նոյեմբերյանի խմելու ջրագծի ներքին ցանցում 2009-2010թթ. կատարված վերանորոգման աշխատանքներից հետո քանդված եւ այդպես էլ չվերականգնված ասֆալտի, համայնքի ճանապարհներին գոյացած հողաթմբերի մասին ավագանու անդամների հարցապնդումների կապակցությամբ պ-ն Վարդանյանն ասաց, որ շինարարները գործելու են հաստատված նախագծի շրջանակներում եւ 4-5 տարի առաջ կատարված աշխատանքների թերություններն այս ծրագրով չեն վերացնելու: Նա հայտնեց , որ ջրագծի ներքին ցանցում վերանորոգման աշխատանքների ընթացքում կօգտագործվի ճանապարհի ասֆալտի շերտը կտրող, ոչ թե քանդող տեխնիկա, ինչը կհեշտացնի ասֆալտի շերտի վերականգնումը:

Ավագանու անդամները մտահոգություն հայտնեցին, որ Նոյեմբերյանին մատակարարվող խմելու ջուրն անորակ է, կրային նստվածք ունի:

Նշենք, որ քաղաքի շատ բնակիչներ ջուր օգտագործելուց առաջ այն եռացնում են, որպեսզի հեղուկը մաքրվի կրային նստվածքից: Իրականացվելիք ծրագիրը մատակարարվող ջրի որակի բարելավման բաղադրիչ չունի:

Նոյեմբերյանում վատթար վիճակում է գտնվում ջրահեռացումը, քաղաքի որոշ հատվածներում կոյուղագիծ չկա, կոյուղաջրերը հոսում են բաց տարածքով՝ գարշահոտ տարածելով շրջակայքում: Իրականացվելիք ծրագիրը ջրահեռացման բարելավման հարց չի լուծում:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը եւ ավագանու անդամները, այնուամենայնիվ, ողջունեցին ծրագրի իրականացումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728