Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ խնդրի լուծումը նույն տեղապտույտում է

Փետրվար 05,2014 14:02

Կարգավորման գործընթացը դարձյալ հայտնվել է Բաքվի լարած «թակարդում»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 2-ից տարածաշրջան են ժամանել, երեկ նրանք հանդիպել են Ադրբեջանի իշխանություններին: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այցի նախօրեին Twitter-ում նշել էր, թե վերադառնում է Ադրբեջան եւ Հայաստան՝ հանդիպելու երկու նախագահներին. «Պատրա՞ստ են նրանք քայլեր ձեռնարկել խաղաղության ուղղությամբ»:

Ուորլիքը «Ամերիկայի ձայն» ռ/կ-ին տված հարցազրույցում օրեր առաջ ուշագրավ դիտարկում էր արել, թե՝ հավատում է, որ ԼՂ հակամարտության կողմերը հակված են բանակցությունների ճանապարհով խաղաղ կարգավորման որոնումներին, ապա նշել էր, թե՝ խնդիրն այն է, որ գործողությունները չեն համապատասխանում խոսքերին. «Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո մենք շփման գծում բռնությունների ավելի ցածր մակարդակի ականատես եղանք: Այս քայլը նպաստեց մթնոլորտի ստեղծման, որը թույլ կտա բանակցություններում առաջընթացի հասնել, սակայն վերջին օրերի ընթացքում մենք էսկալացիայի ականատես եղանք, ինչն անհանգստացնում է, քանի որ նման գործողությունները խոչընդոտում են խաղաղ կարգավորման որոնումներին»:

Հատկանշական է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին փետրվարի 1-ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսում իր ելույթում նույնպես անդրադարձավ ԼՂ խնդրին. «ԱՄՆ-ը ջանասիրաբար աշխատում է ԼՂ-ի ու Կիպրական հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Մենք աշխատում ենք Ղարաբաղի, Կովկասի ուղղությամբ: Երբեմն մենք աշխատում ենք աննկատ, եւ դուք չեք լսում այդ մասին, բայց վստահեցնում եմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են եւ չեն դադարում ոչ մի օր»:
ԶԼՄ-ների ուշադրությունից վրիպել էր պաշտոնական Մոսկվայի արձագանքը: Շփման գծում վերջին շրջանի լարվածության ֆոնին ՌԴ-ի կողմից անտարբերություն դրսեւորելու մեղադրանքները, թերեւս, մեղմելու նպատակով հունվարի 30-ին ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակվել է մի հաղորդագրություն, որում անհանգստություն են հայտնել շփման գծում սրված իրավիճակի առիթով, զինծառայողների մահվան եւ խաղաղ բնակիչների վիրավորվելու փաստերի կապակցությամբ: Մոսկվան փաստել է, որ կարող է բարդանալ պայմանավորվածությունների պահպանումը, որոնք ձեռք էին բերվել նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններում:
Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության թեմային այս օրերին անդրադարձավ նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը. «Չնայած երկու կողմերի դաշտային հրամանատարները երաշխավորում էին, որ դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ չեն լինի, եւ դիտորդների խմբի անվտանգությունը կապահովվի, այնուամենայնիվ, կրակ է բացվել»։ Կասպրշիկի խոսքերով՝ ինքն անձամբ է եղել շփման գծում սրման ականատեսը։

Շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող զեկույցում լարվածության վտանգավոր սրում է արձանագրել նաեւ Միջազգային ճգնաժամային խումբը եւ, հաշվի առնելով վերջին էսկալացիան, Ադրբեջանը ներառել է այն երկրների ցանկում, որոնցում առկա է պատերազմի վերսկսման ռիսկ:

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է, թե վերջին հանդիպումներում, այդ թվում՝ Փարիզում, քննարկվել են կոնկրետ հարցեր. «Հետո համանախագահները դրանք կտանեն Երեւան: Եթե Երեւանում լինի որեւէ արդյունք այդ կոնկրետ հարցերով, ապա նորից կարող է կայանալ հանդիպում նախարարների կամ նախագահների մակարդակով»: Մամեդյարովը հավելել է, թե Ադրբեջանը մտադիր է շարունակել բանակցությունները՝ կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար:

Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցի հիմնական խնդիրը դարձել է հրադադարի ռեժիմն ամրապնդելու շուրջ բանակցությունները վարելը, կողմերից արձանագրում ստանալը, որ վերջին շրջանի դեպքերը խաթարում են բանակցությունները եւ նվազեցնում հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները: Հատկապես ամերիկացի համանախագահը արդեն որերորդ անգամ արձանագրում է, որ շփման գծում լարվածությունն ազդում է բանակցային գործընթացի վրա:

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա այստեղ մշտական աճպարարության գործելաոճին են անցել՝ հայտարարելով՝ «եթե տեսնենք հայկական կողմի կառուցողական արձագանքը, ապա բանակցությունները կշարունակվեն»: Պաշտոնական Բաքուն մի կողմից՝ խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանք սկսելու մասին ակնարկներ է անում, այն դեպքում, երբ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ ընթացող բանակցությունները պարբերաբար արգելակում է՝ Բաքվի համար ընդունելի մեկ սկզբունքի գերակայության մասին խոսելով բանակցություններից հետո:

Անցյալ տարվա նոյեմբերի 19-ին Վիեննայում երկար դադարից հետո կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, ինչպես երեւում է, Իլհամ Ալիեւը փակ դռների հետեւում որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնք հետագայում ստիպեցին Ադրբեջանի իշխանություններին գնալ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման՝ խափանելու փետրվարին նախատեսվող Սարգսյան-Ալիեւ բանակցությունները կամ այդ բանակցությունների շուրջ համապատասխան մթնոլորտ ձեւավորելը:

Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացն, ակնհայտորեն, դարձյալ հայտնվել է Բաքվի լարած «թակարդում». հակամարտության լուծումը նույն տեղապտույտում է: Մնում է հասկանալ, թե ադրբեջանցի հասարակությունը Ադրբեջանի նախագահի՝ աշնանից մեկնարկած իշխանավարման այս փուլում կգիտակցի՞, որ տարիներ շարունակ խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի «հաղթական» եւ «ադրբեջանանպաստ» լուծման մասին՝ Ալիեւը այդ գաղափարը վաղուց միֆ է դարձրել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728