Կապանի մի շարք թաղամասերի բնակիչներից ահազանգ ենք ստացել, որ արդեն երրորդ օրն է՝ այդ շենքերի բնակիչները ջուր ընդհանրապես չեն ստանում: Դիմել են համապատասխան բոլոր մարմիններին, սակայն խնդիրը չի լուծվել եւ առանց ջրի են մնացել:
Ինչպես պարզեցինք, վերջին օրերին գրաֆիկի խախտումով են ջուր ստանում քաղաքի շատ թաղամասերի բնակիչներ: Շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված Շահումյան փողոցի բնակիչներից տեղեկանում ենք, որ արդեն մի քանի օր է՝ ջուր ստանում են օրական 2-3 ժամ եւ հարկ եղած դեպքում ստիպված են խանութներից ջուր գնել: Նման պատկեր է առկա նաեւ քաղաքի մյուս թաղամասերում:
Իսկ Կապանի Մելիք Ստեփանյան փողոցի թիվ 4 եւ 6 շենքերի բնակիչները, ինչպես մեզ տեղեկացրին, 3 օր շարունակ առանց ջրի են մնացել: «Եթե այսօր էլ մեզ ջուր չմատակարարեն, ապա վաղը պատրաստվում ենք դիմել ՀՀ գլխավոր դատախազին, քանի որ «Հայջրմուղկոյուղու» անգործության պատճառով մարդկանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Դիմել ենք տարբեր մարմինների, ներկայացրել ենք իրավիճակը, սակայն այսօր էլ այսքան բնակիչներիս առանց ջրի են թողնում: Վաչագան գետի երկայնքով անցնող խողովակը սառած է, շենք ջուր չի մտնում: Շենքի ներքին ցանցը նորմալ վիճակում է, ջրմուղը ջուր չի ապահովում մինչեւ մեր շենք: Թաղամասի մյուս շենքերը ջուր ունեն»,- նշեցին մեզ ահազանգած բնակիչները:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանն էլ մեզ տեղեկացրեց, որ քաղաքում ջրամատակարարման հետ առաջացած խնդիրների պատճառը եղանակային սուր պայմաններն են, հայտարարություն են տվել, ներողություն խնդրել, որ գրաֆիկի շեղումներով են ջուր մատակարարելու: «Կապանում այս օրերին շատ ցուրտ է, գլխամասում, որտեղից գետի ջուրը վերցնում ենք, այս օրերին մինուս 30-35 աստիճան է, նման բան դեռ չէր եղել: Գետի ջուրը սառել է, համապատասխան քանակի ջուր չկա տրամադրենք բաժանորդներին: Իսկ քաղաքի այն շենքերում, որտեղ ջուր չի մատակարարվում, դրանք առանց մուտքի դռների շենքերն են, խիստ ցրտերի պատճառով շենքերի ներքին ցանցը սառել է: Դա բնակիչների ու համատիրության խնդիրն է: Մենք ցրտերի պատճառով բավականին խնդիրներ ունենք լուծելու, երբ այդ խնդիրները լուծենք, կանցնենք նաեւ շենքերի բնակիչներին օգնելուն»,- նշեց պարոն Գեւորգյանը եւ հավելեց, որ առաջիկայում եղանակները կսկսեն տաքանալ եւ հնարավորինս շուտ դուրս կգան ստեղծված վիճակից: Իսկ թե որքան ժամանակ կապանցիները ստիպված կլինեն ապրել նման պայմաններում, դեռ պարզ չէ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ