Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ընթերցեց ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանի (Շերիֆ)՝ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումը: Եթե 3 օրվա ընթացքում Գրիգոր Գրիգորյանը ետ չվերցնի դիմումը, ապա այն կհամարվի ընդունված:
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը սակայն տեղեկացրեց, որ կուսակցությունը որոշում ունի այն մասին, թե ով է փոխարինելու Գրիգոր Գրիգորյանին, քանի որ սույն պաշտոնը, համաձայն Դոնթի բանաձեւի, պատկանում է ԲՀԿ-ին: Տիկին Զոհրաբյանի փոխանցմամբ՝ Գրիգորյանին կփոխարինի Աբրահամ Մանուկյանը, ով Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի 3-րդ համարն էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ