«Քաղաքացին» հսկողություն է սահմանելու կառավարության նկատմամբ։
Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երեքշաբթի օրը հաղորդել է «Քաղաքացի» անվամբ հասարակական կազմակերպություն հիմնադրելու մասին։
Իվանիշվիլիի խոսքերով՝ կառույցի նպատակն է «հսկել կառավարությունը, որը վարձում են քաղաքացիները»։
Նա ասել է, թե իր հրաժարականից հետո «երկրում առողջ գործընթացներ են սկսվել, բայց հանրությունը չպետք է կառավարությանը տա սխալներ գործելու հնարավորություն, պատասխանատվության զգացումով քաղաքացիները պարտավոր են մասնակցել, օրինակ, բյուջեն կազմելու քննարկումներին և որոշել, թե որքան գումար պետք է հատկացվի պաշտպանությանը, որքան` կրթությանը»։
Կարդացեք նաև
Մեծահարուստ Իվանիշվիլիի մասնակցությամբ անցյալ տարեվերջին ստեղծվել է Ներդրումների աջակցության հիմնադրամը, որի հաշվին արդեն կուտակվել է 6 միլիարդ դոլար, ինչը գրեթե հավասար է Վրաստանի պետական բյուջեին։ Ի դեպ, այդ հաշվին 1 միլիարդը հենց նախկին վարչապետն է փոխանցել։
Իվանիշվիլիի խոսքերով, «նոր հասարակական կազմակերպությունը` «Քաղաքացին», համագործակցելու է զանգվածային լրատվության միջոցների և հասարակական այն կազմակերպությունների հետ, որոնց օրակարգում երկրի վիճակի բարելավումն է»։
Կառավարման ռազմավարության ինստիտուտի ղեկավար Պետրե Մամրաձեն ողջունել է Իվանիշվիլիի քաղաքական ակտիվացումը։
«Նրա հիմնադրած կառավարությունը հաճախ չի կարողանում արդյունավետ որոշումներ կայացնել, ոմանք նոր կաբինետում հասցրել են միայն իրենց համար ապահովել թանկ մեքենաներ և սարքավորումներ, բայց չէ՞ որ 2012 թվականի հոկտեմբերին մարդիկ հենց Իվանիշվիլիի օգտին են քվեարկել», – ասել է Մամրաձեն։
Արմեն Քոլոյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում