Լրահոս
Օրվա լրահոսը

Երթուղիների հետ կապված մրցույթը անընդհատ հայտարարվում է, օպերատորները հայտեր չեն ներկայացնոմ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 05,2014 12:24

«Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն նախկինում իրականացնում էր թիվ 30 եւ 40 ավտոբուսային երթուղիների սպասարկումը: «Սկզբում դադարեցրինք թիվ 40 ավտոբուսային երթուղու սպասարկումը, հետո նաեւ` թիվ 30-ինը: Վեց ավտոբուս կանգնած է: Զգուշացնում էինք, որ այլեւս ի վիճակի չենք սպասարկել, անհնար է: Աստիճանաբար դեպի սնանկացում է գնում ոլորտը: Մեր կազմակերպությունը կանգնեց փաստի առաջ»,- նշեց «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ նախագահ ԱՇՈՏ ԱՐՇԱԿՅԱՆԸ:

Աշոտ Արշակյանի խոսքով` ուղեվարձի ցածր լինելու պատճառով «Արշակյան եղբայրներ» ՍՊԸ-ն պարտքեր է կուտակել, հայտնվել դատական քաշքշուկի մեջ հարկային մարմինների եւ քաղաքապետարանի հետ: Ըստ նրա, այս վիճակում չհայտնվելու համար խնդրին հարկավոր էր ժամանակին լուծում տալ:

«2005-ին լուծում չտվեցին, 2008-ին չտվեցին, այժմ չեն տալիս: Մենք հիմնավորել ենք, որ ուղեվարձը 200 դրամից ավել է կազմում: Հասկանալով որ ժողովուրդն անվճարունակ է` առաջարկեցինք խնդրի լուծման մեր տարբերակը` կամ ուղեվարձի սակագինը բարձրացնել, կամ դոտացիա հատկացնել: Եթե 100 դրամ վճարի ուղեւորը, 100-ն էլ պետական դոտացիա լինի, ժողովրդի վրա ծանրություն չի ընկնի: Ինքս ուղեւոր եմ, երթեւեկում եմ երթուղայինով ու շատ լավ հասկանում եմ, թե սակագնի բարձրացումն ինչ ծանրություն կլինի քաղաքացու ուսերին: Ոչ ոք չի ուզում, որ քաղաքացու ուսերին մնա, բայց հարցին լուծում տվողը իշխանությունն է, օրենքով մենք դիմումը ներկայացրել ենք թող բարի լինեն լուծում տան»,- ասում է մեր զրուցակիցը:

Ուղեւորափոխադրողների միության նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` թափուր երթուղիների սպասարկման համար հայտարարված մրցույթին հայտ չի ներկայացվել, քանի որ այս բնագավառը դարձել է ոչ շահութաբեր. «Ես բազմիցս եմ ասել, որ ընկերություններն աշխատում են միայն այն պատճառով, որ մեծ ներդրումներ են կատարել եւ չաշխատելու դեպքում կունենան ավելի մեծ կորուստներ, քան աշխատելու դեպքում: Մարդիկ աշխատում են, չեն կարողանում վերականգնել իրենց կատարած ներդրումները: Սեպտեմբերից 23 երթուղի չէր աշխատում, դեկտեմբերին դրանց թիվը հասավ 25-ի, հետո` 26-ի. հիմա արդեն՝ 27-ի»։

Ըստ նրա, քաղաքապետարանը հորդորում է, որ շարունակեն աշխատանքները, ընկերությունները բացատրում են, որ չեն կարողանում փակել ծախսերը: Ուղեւորահոսքի պակասի հետեւանքով վնասները շատ են մեծացել, հայտարարված մրցույթի հետ կապված՝ այդքան փոխադրող չկա:

«Թվով 27 երթուղի այժմ մնացել է թափուր: Բայց չէ՞ որ այդ երթուղիներից օգտվող ուղեւորներն այժմ երկու-երեք փոխադրամիջոցով են հասնում իրենց ուզած վայր: Սա մի փոքր ողբերգություն է ուղեւորի համար, մի մեծ ողբերգություն փոխադրող կազմակերպության համար: Մենք խնդրում ենք, պահանջում ենք, որ վերջապես իշխանությունը դեմքով շրջվի դեպի փոխադրողները: Մենք արդեն մի անգամ այդ ճանապարհով անցել ենք, երբ պետական բոլոր ձեռնարկությունները քայքայվեցին ոչ ճիշտ քաղաքականություն վարելու հետեւանքով: Եթե նույն ճանապարհով գնանք, կրկին նույն խնդրին ենք հանգելու»,- հայտարարեց Հրանտ Եղիազարյանը:

Ըստ նրա, մի կողմում անվճարունակ ժողովուրդն է, մյուս կողմում՝ վնասով աշխատող փոխադրամիջոցները: «Մենք հայտնվել ենք փակուղում: Մենք չենք ասում` թող ժողովուրդը վճարի այդ գումարը, մենք ասում ենք` այսքան գումար տվեք, ժողովրդին փոխադրենք: Պետությունն այդ գումարը չի տալիս, ժողովուրդն ի վիճակի չէ վճարելու, ընկերություններն էլ քայքայվում են: Սա է պատկերը: Մինչդեռ շատ երկրներում պետությունը դոտացիա է հատկացնում ներքաղաքային փոխադրումներ կատարող ընկերություններին»:

Հ.Եղիազարյանի խոսքով` նույն երթուղիների հետ կապված մրցույթը անընդհատ հայտարարվում է, օպերատորները հայտեր չեն ներկայացնոմ, մրցույթը բնականաբար չի կայանում:

Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728