Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի որդին եւ նրա ուսուցիչը դիմել են ոստիկանություն (ձայնագրություն)

Փետրվար 05,2014 12:00

«Այսօր օրս սկսվեց լավ, ամեն ինչ նորմալ էր ընթանում: Դպրոցում արտասանեցի հորս նվիրված բանաստեղծությունը, արժանացա գովեստի ուսուցիչների կողմից: Շատ ուրախ էի, որ ուսուցիչները ջերմ խոսքեր ասեցին ինձ: Ինձ թվում էր, որ իմ ամենաերջանիկ օրերից է: Բայց դասերի վերջում դպրոցի Մայոր Գրիգորյանի կողմից, ռազմագիտության առարկայի ժամանակ ենթարկվեցի ծեծի»,-երեկ երեկոյան այս բովանդակությամբ գրառում է տեղադրել Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը:

Գրառումից պարզ է դառնում, որ ծեծի հիմնական պատճառը եղել է այն, որ Շահենը առարկել է ուսուցչի այն պնդումներին, թե «մենք երբեք անկախ չենք եղել, չենք ու չենք լինի, և լավ է, որ այդպես է, քանի որ առանց Ռուսաստանի կյանք չենք կարող ունենալ, որ մեր ֆիդայինները, որ զոհվել են, ապարդյուն է եղել, որ ռուսը մեր «պապան» է, մենք ստրուկ ենք, առանց Ռուսաստանի Հայաստան գոյություն ունենալ չի կարող»:

Շահենը պատմում է, որ «մոտեցավ, ուժեղ հարված հասցրեց դոշիս: Ես ոտքով հարվածեցի նրան: Նա նույնպես ոտքով հարվածեց ինձ, ես էլ աթոռով հարվածեցի գլխին: Եթե չհարվածեի, սպանելու էր ինձ: Հարվածեցի ու դուրս եկա դասարանից: Բոլոր աշակերտները շոկի մեջ էին: Իսկ հետո ասեցին ինձ, որ իմ դուրս գալուց հետո մայորը փորձել է վարկաբեկել ինձ, ասելով, որ ես հակահայկական ոգի եմ սերմանում: Վերադարձա տուն:

Հ.Գ.Այս գրառումը վաղը առավոտյան հանձնելու եմ տնօրենին»:

Aravot.am-ը պարզաբանումներ ստացավ Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանից: Նա փոխանցեց հետևյալը. «Նրանք երկուսն էլ բողոքով դիմել են ոստիկանություն, հիմա այնտեղ կպարզվի, թե ով է մեղավոր: Հոդվածում հստակ գրված է, որ ես այդ ժամանակ խորհրդակցության եմ եղել, նրանք թողել գնացել են, առավոտյան եմ իմացել, հիմա այդ հարցով կզբաղվեմ»:

Պարոն Սարգսյանն ասաց, որ Շահենը դեռ իրեն ոչ մի նամակ չի տվել: Մեր հարցին` արդյոք նման խնդիրներ ծագե՞լ են Շահենի և ուսուցչի միջև նախկինում, տնօրենը պատասխանեց. «Շահենը մեր դպրոց ընդամենը նոյեմբերից է եկել: Ընթացքում էլ դասարանը փոխել է: Առանձին բացասական արտառոց բաներ չեմ տեսել: Ուսուցչի հետ կախված էլ խնդիր չեմ տեսել»:

Հետաքրքրվեցինք` այդ ուսուցիչը լա՞վ աշխատող է, տնօրենը պատասխանեց. «Նորմալ»: Իսկ գործի ընթացքի մասին ասաց. «Դա ոստիկանության աշխատանքն է, այդ մասին ոչ մի բան ասել չենք կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը կատարվածի վերաբերյալ. «Փետրվարի 4-ին, ժամը 19.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1957 թ. ծնված Հրաչյա Գ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 14.05-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի աշակերտներից մեկը` 1999 թ. ծնված Շ. Հ.-ն, զինպատրաստության դասասենյակում աշակերտական աթոռով հարվածել է իր գլխին և պատճառել վնասվածք:

Նույն օրը, ժամը 21.30-ին, Շ. Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ ժամը 14.00-ի սահմաններում, թիվ 139 ավագ դպրոցի ռազմագիտության դասարանում զինղեկ Հրաչյա Գ.-ն ձեռքով երկու անգամ հարվածել է իր կրծքավանդակին և պատճառել ֆիզիկական ցավ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728