Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ կեղծիքների ու յուրացումների փաստով հարուցված քրեական գործի քննությունը: Ամբաստանյալները թվով 4- են` Գյումրու տարածքային բաժնի պետ Էդուարդ Վարժապետյանը, գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը, վճարող տեսուչներ Կիմա Փիլոյանը, Անյա Խաչատրյանը, ով փախուստի մեջ է, և վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատու Ռուբեն Մնացականյանը, ով միակ կալանավորվածն է այս գործով:
Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանը դատարանին միջնորդեց իր վստահորդի նկատմամբ կարճել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին կետը, քանի որ այն ուժ կորցրած է, ինչպես նաև 325 հոդվածի առաջին մասը: Դատավորը պահանջեց պարզաբանել, հիմնավորել հոդվածները, որը և արեց դատախազը` նշելով, որ հանցանքները կատարվել են 2008-2010 թվականին, ոչ մեծ ծանրության են համարվում, հետևաբար և համաձայն է փաստաբանի միջնորդության հետ: Նշենք, որ 314 հոդվածը «պաշտոնական կեղծիքն է», որը և ուժի մեջ է եղել մինչև 2011 թվականի մայիսի 23-ը, իսկ 325 հոդվածի 1-ին կետը «փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելն է»:
314 հոդվածով համաներումը տարածվեց նաև Էդուարդ Վարժապետյանի վրա` նրա փաստաբանի միջնորդությամբ: Դատավոր Էդուարդ Մանուկյանը միակ կին ամբաստանյալ Կիմա Փիլոյանին հարցրեց` իսկ ինչո՞ւ նա չի ուզում այս նույն հոդվածով համաներում: «Հո դու խորթ զավակը չե՞ս», -ասաց դատավորը:
Նրա փաստաբան Հովսեփյանն էլ մեկնաբանեց, որ Կիմա Փիլոյանը ընդհանրապես չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, ինչո՞ւ պիտի համաներում խնդրի: Կիմա Փիլոյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ ինքը ոչ մի կեղծիք թույլ չի տվել, ոչ մի թոշակառուի փոխարեն չի ստորագրել, այլ ստորագրություն է դրել փաստաթղթի չ/վ, այսինքն` վճարված հատվածում: Դատավորն իր հերթին ասաց. «Ինչո՞ւ եք այդպես կամակորություն անում, տիկին, մարդիկ կան, որոնք դատարանում թեև պնդում են, որ իրենք անմեղ են, բայց խնդրում են ամնիստիա կիրառել իրենց նկատմամբ»:
Փաստաբանն էլ հակադարձեց, որ Կիմա Փիլոյանը կամակորություն չի անում, պարզապես եթե նա ընդունի 235 հոդվածի առաջին մասով իր մեղքը, ապա հարկադրված կլինի ընդունել նաև 179 հոդվածով առաջադրված մեղադրանքը: «Եթե դա չի անդրադառնա 179 հոդվածի վրա, թող կիրառվի», -ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Դատավորը հետաձգեց նիստը` նշանակելով փետրվարի 19-ին, մինչև որ վերջիններս կկողմնորոշվեն` ընդունե՞լ համաներումը, թե՞ ոչ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ