Լրահոս
Օրվա լրահոսը

«Զվարթնոց» օդանավակայանից Յակուտսկ ուղևորվող մի քանի հայերի արգելել են ինքնաթիռ բարձրանալ

Փետրվար 04,2014 21:22

Հենց նոր Aravot.am-ը ահազանգ ստացավ Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանից, ով դժգոհեց, որ այսօր կեսօրին իր քեռու որդուն` Ժիրայր Բաղրիկյանին, ու այլ հայ ուղևորների արգելել են մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Ավագանու անդամի ներկայացմամբ, իր քեռու որդին 5 տարի է` օրինական ձևով աշխատում է Յակուտսկում, ունի ՌԴ-ի մեկ տարվա գրանցում, աշխատում է հայտնի ֆիրմայում, պարտաճանաչորեն վճարում է պահանջվող բոլոր հարկատեսակները ու այժմ չի հասկանում, թե ինչո՞ւ են իրեն արգելում մեկնել Յակուտսկ: Գևորգ Աբրահամյանի ասելով, նա կարճատև ժամանակով եկել էր Հայաստան` իր ընտանիքի անդամներին տեսության ու հիմա կրակն է ընկել:

«Ես այս պահին չեմ խոսում միայն իմ քեռու որդու համար, խոսում եմ` ելնելով հազարավոր հայերի շահերից, ազատանցիներից շատերին չեն թողնում անգամ Մոսկվա մեկնել` առանց հիմնավոր պատճառաբանության: Մարդը ընկնում է մտածմունքների մեջ, հարցնում է` ի՞նչ եմ արել, որ հետ եք դարձնում օդանավակայանից, խորհուրդ են տալիս գնալ ու Հայաստանում ՌԴ դեսպանատուն դիմել: Եթե մենք իրավական երկիր ենք, ապա պիտի լինի չէ՞ մի կառույց, որ քաղաքացին գնա ու իմանա, թե էս ինչ օրը, էս ինչ թվին, ՌԴ-ում ի՞նչ խախտում է թույլ տվել, որ հիմա էլ չի կարող մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Գիտեք զարմանալին ու վիրավորականը ո՞րն է, եթե մարդը գնում է ավիաընկերություն տոմս գնելու, տոմսը վաճառում են, ապա ո՞րն է թույլ չտալու իմաստը: Եթե հայ քաղաքացին խախտում արած լիներ Ռուսաստանում , ավիաընկերություններում կա համակարգչային ծրագիր, որն անպայման ցույց կտա: Իսկ եթե մարդը ազնիվ, նորմալ աշխատող է, տոմսը գնել է, ինչո՞ւ են հիմա կրակը գցում : Գնում է օդանավակայան, չեն թույլատրում թռիչքի, գալիս է ավիաընկերություն տոմսը հետ տալու, 20 տոկոսն են հետ պահում, երբեմն էլ չլչլում են, որ հետ չվերցնեն տոմսը, հիմա ո՞ւմ դիմի:

Մի հատ գնացեք ավիաընկերություններ, տեսեք ինչ է կատարվում, աշխատակիցները սկսել են բողոքել ՌԴ-ի քաղաքականությունից: Եթե մենք ապրում ենք համակարգչի դարում, թող խախտում կատարածների ցուցակը ՌԴ դեսպանատան միգրացիոն ծառայությունը ուղարկի էդ ավիաընկերություններին, նրանք էլ տոմս չվաճառեն ու մարդուն կրակը չգցեն:

Մարդիկ իրենց բերաններից են կտրում, տոմս առնում, որ գնան, էս ինչ օյինբազություն է, ո՞ւմ են ստրուկի տեղ դրել: Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին էլ թողնես երկար-բարակ անիմաստ ելույթներ տա, ասա դուք քո ասածին հավատո՞ւմ ես, որ ես կամ մյուսը հավատան…Մի հատ բացատրի ինչո՞ւ են քո քաղաքացու հետ էսպես վարվում, ի՞նչ են արել էդ ազնիվ մարդիկ, կեսին Ռուսաստանի օդանավակայանից են հետ դարձնում, կեսին էլ մեր երկրի օդանավակայանից:

Վաղը մենք գնալու են ՌԴ դեսպանատուն, բայց վստահ եմ, որ այստեղ մեզ կպատասխանեն 2 ամիս հետո, չգիտենք էլ ում պիտի դիմենք ՌԴ-ի միգրացիոն ծսռայությունում, ու մինչև բարի լինեն պատասխանեն, էդ մարդու ընտանիքը, հեռու իրենից, միգուցե սովից մեռնի: Ես նորից եմ կրկնում, խոսում եմ հազարավոր հայերի անունից, ինչքա՞ն կարող են մեզ ստրկացնեն ու ձայն չհանենք, օր ու մեջ Ազատան գյուղում էդ խնդիրն է, տանում ես ճանապարհելու, տոմսը ձեռքը օդանավակայն է հասնում ու մղկտալով, տուժված հետ է դառնում: Գալիս ավիաընկերություններին է յալվար ընկնում, որ բարի լինեն, գոնե իր տոմսը հետ վերցնեն, թեկուզև 20 տոկոսի փոխարեն 30-ը հետ պահելով: Սա է հա՞ մեր երազած արժանապատիվ Հայաստանը, որը ռուսին պիտի ամեն ձևով գերի լինի »,-զայրացած ասաց ավագանու անդամը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728