Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռուստամեկնաբանի եղբորը այդպես էլ ազատ չարձակեցին. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 04,2014 19:38

Շիրակի  մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային ստորաբաժանման նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են   կեղծ փաստաթղթեր սարքելու, պետությունից առանձնապես խոշոր չափի` 91.566.229 ՀՀ դրամի կենսաթոշակի, թաղման, նպաստի եւ ժառանգվող գումար հափշտակելու մեջ: Այս գործով ամբաստանվող 4 հոգուց միայն մեկն է կալանավորված` Հ1-ի հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանի եղբայրը` Ռուբեն Մնացականյանը, ով եղել է վճարումների ծառայության ստորաբաժանման նախկին պատասխանատուն: Վերջինս բացարձակապես չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ամեն մի դատական նիստի ժամանակ գեղարվեստական համեմատությունների միջոցով պնդում է իր անմեղ լինելը:

PrevPhoto
NextPhoto

Այսօրվա դատական նիստին էլ Ռուբեն Մնացականյանը, ցույց տալով իր թազբեն, ասաց, որ առանց գլխի այն  իմաստ չունեցող մի բան է: Վերջինս դարձյալ պնդեց, որ այս գործով մեղադրվող  գլխավոր մասնագետ Արթուր Աբրահամյանը չէր կարող այդքան հանցանք գործել և որ անհրաժեշտ է գտնել  թազբեի գլուխը:

Դատավոր Էդուարդ Մանուկյանը  Ռուբեն Մնացականյանին մեկ անգամ ևս հիշեցրեց,  որ  քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելու դատական ինստիտուտը չի գործում, դատարանը չի կարող գործը վերադարձնել նախքննական մարմնին իր նախաձեռնությամբ, դատարանը կարող է արդարացնել կամ պատժել, իսկ դատախազը տվյալ դեպքում համաձայն չէ գործը հետ տանելու:

Մինչ այս խոսակցությունը, դատը սկսվելուն պես դատախազ Հովհաննես Ենոքյանը ելույթ ունեցավ` նշելով, որ մերժում է Ռուբեն Մնացականյանի փաստաբանի միջնորդությունը` քրեական գործը լրացուցիչ քննության ենթարկելու  ու ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու մասին: Դատախազն ասաց, որ իրեն զարմանք է պատճառել  փաստաբանի խոսքերը, քննադատությունները` ուղղված նախաքննական մարմին: Փաստաբանը նախորդ դատական նիստի ընթացքում հայտարարել էր, որ 362 թոշակառու, նպաստառուներից հարցաքննվել են ընդամենը 43-ը, իսկ մնացածը չհարցաքննված վկաներ են համարվում, չստուգված, և մեղադրական եզրակացությունը նպատակ ունի խառնաշփոթ ստեղծել:

Դատախազն ասաց, որ կան դեպքեր, երբ թոշակառուների հարազատներից յուրաքանչյուրը երկու ցուցմունք են տվել, և եթե որևէ մեկին չի հաջողվել հարցաքննել երկրում չլինելու կամ մահացած լինելու պատճառով, ապա փաստերը հիմնավորվել են այլ հանգամանքներում: Դատախազը կտրականապես դեմ կանգնեց փոխել Ռուբեն Մնացականյանի խափանման միջոցը, այսինքն` գրավով նրան ազատ արձակել`նշելով, որ կալանքը ընտրելիս հաշվի են առել նրան վերագրված արարքի բնույթը: Ըստ նրա,  վստահ չեն, որ ամբաստանյալը, մնալով ազատության մեջ, չի խոչընդոտի դատական պրոցեսի ընթացքը: Բացի այդ, ըստ դատախազի, իրենք մինչև օրս տվյալներ չեն ստացել Ռուբեն Մնացականյանի առողջական վատ վիճակի մասին, և եթե նա վատառողջ էր, ապա առաջին հերթին պիտի դիմեր քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը:

Ռուբեն Մնացականյանի փաստաբան Հովսեփյանն էլ իր հերթին ասաց, որ պնդում է իր միջնորդությունը: Նա մեկ անգամ ևս հայտարարեց, որ  գործով ցուցմունք տվող 511 անձանցից, որոնց նկատմամբ ապօրինի գործողություն է կատարվել,  ընդամենը 120-ի գործն է ստուգվել: Դատարանը, կես ժամ հեռանալով խորհրդակցական սենյակ ու քննելով միջնորդությունը` մերժեց այն:

Մանրամասները`տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    Դե թող հիմա Նվեր Մնացականյանը չինովնիկներին կանչի հարցազրույցի, իրա անկապ, ոչինչ չասող հարցերը տա ու նույնքան անկապ, ոչինչ չասող պատասանները լսի..մի խոսքով ջան ասի, ջան լսի…ինչ ա եղել որ…ամեն ինչ լավ ա…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728