Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի հարցը կոռեկտ չէր. Մեկնաբանում է Հովհաննես Սահակյանը

Փետրվար 04,2014 19:11

ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԱԺ-ում հնչեցրած պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, որն ուղղված էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահի:

Հիշեցնենք, որ  Նիկոլ Փաշինյանը, որը հիշեցրեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության օրը բուհի ուսանողների եւ լրագրողների միջեւ տեղի ունեցած միջադեպը, մասնավորապես ասելով`«Դա ոչ թե տնտեսագիտական համալսարան է, այլ խուլիգանների որջ, եւ տպավորություն ստեղծվեց, որ խուլիգանների որջը ղեկավարվում է ռեկտորի կողմից»` ի պատասխան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  կոչ արեց կոռեկտության սահմանները չանցնել, նշելով, որ ԱԺ նախագահը այդ հարցին արդեն պատասխանել է:

Նիկոլ Փաշինյանն էլ շարունակեց, թե դեռ հարցը չի տվել, ինչպես է պատասխանել, ավելացնելով, որ  ինչու առ այսօր հեռացված չեն խուլիգան ուսանողները,  ռեկտոր Կորյուն Աթոյանը, գուցե այն պատճառով, որ խուլիգանության մասնակիցները լուսանկարներ ունեն Հովիկ Աբրահամյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, ու միթե դա նշանակում է, որ ԱԺ նախագահի, կամ Սերժ Սարգսյանի հետ լուսանկարված անձինք  ունեն ինդուլգենցիա Հայաստանի հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածները խախտելու:

Հովիկ Աբրահամյանն էլ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, ասաց, որ նրա տեսակետների հետ համամիտ չէ, չի կիսում  գնահատականներն ու համարում այն կոռեկտության սահմաններից դուրս:

Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկեց ցույց տալ որեւէ իրավաբանի կամ`  իրավապահների հիմնավորում, այն մասին, որ բուհում խուլիգանություն է կատարվել ու միայն այդ դեպքում ինքը գործին ընթացք կտա:

Aravot.am-ին ի պատասխան,  ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի հարցի ոչ կոռեկտ հատվածը, մի թե այն, որ Նիկոլ Փաշինյանը կատարվածը որակեց իբրեւ խուլիգանություն, Հովհաննես Սահակյանն ասաց.  «Ես պետք է ասեմ հետեւյալը, որ նախ, եթե լիովին արտաբերեք Նիկոլ Փաշինյանի հարցադրումը եւ մյուս տերմինները, կտեսնեք, որ շեշտադրումը բավականին վիրավորական էր, իսկ արարքը խուլիգանություն որակելու համար մեր երկրում գոնե միակ մարմինը դա ուժային կառույցներն են, ոստիկանությունը: Ինչի մասին էլ խոսեց Հովիկ Աբրահամյանը, ասելով, որ նրանք են որակում արարքը խուլիգանություն է, թե ոչ, ու ոչ թե անձնական կարծիքով` կամ վիրավորանք հնչեցնելով»:

Հաջորդ հարցին էլ`համաձայն եք պարոն Աբրահամյանի ասածին, որ քանի դեռ չկա իրավապահների եզրակացություն, ուրեմն կատարվածը, միջադեպը ցուցադրող տեսանյութերը, մամուլի հրապարակումները խուլիգանություն դիտվել չեն կարող, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես հետեւել եմ մամուլին, տեսել, որ ոստիկանությունը գործ է հարուցել եւ այդքանով իմ տեղեկատվությունը, ինֆորմացիան սահմանափակվել է: Եվ եթե մեր իրավապահները քրեական գործ են հարուցել, ապա պետք է բոլորս հավատանք եւ վստահենք, որ  մանրամասն կքննեն կատարվածը ու եթե կան մարդիկ, որոնք հանցագործություն են կատարել` կպատժվեն»:

Դիտարկմանն էլ` ինչ եք կարծում արդյո՞ք այդ ամենն արվում է Տարոն Մարգարյանին խանգարելու, սեւացնելու համար, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե հատուկ ինչ-որ բան են արել, ինչ-որ մեկին, ինչ-որ բանի, կամ` Տարոն Մարգարյանին խանգարելու համար, առավել եւս, որ այնտեղ չեմ եղել»:

Ավելացնենք նաեւ, որ այս առումով Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին ասաց, որ իր համոզմամբ` «շինծու գործողություններ է եղել եւ փորձել են ստվեր գցել քաղաքապետի այդ քայլին, որ փորձել է նա իրականացնել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութը՝ «Ա1+»-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728