Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մենք պատասխանատու ենք մարդկանց առջև, նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ դու՞ք»․ Նաիրա Կարապետյան

Փետրվար 04,2014 18:59

Մեր երկրի հեղինակությունն ու բարի համբավը, թվում է, թե առաջնահերթ պետք է լինի մեզանից ցանկացածի համար, իսկ յուրաքանչյուր քաղաքացու առօրյա խնդիրներն ու հոգսերը թեթևացնելուն միտված աշխատանքը պետք է լինի մեր սուրբ պարտականությունը: Սա հնչեցնելն անգամ ավելորդ եմ համարում, քանի որ սա է մեր գործունեության էությունը:

Սակայն այսօր ձևավորվել է մի մթնոլորտ, երբ տարբեր քաղաքական ուժերի կողմից հուսալքող, հիասթափեցնող, հոռետեսություն տարածող բոցաշունչ ելույթները դարձել են կենսակերպ:

Այո, համաձայն եմ, երկրում կան խնդիրներ, դեռ կա հսկայածավալ աշխատանք, կա դեռևս չլուծված հիմնախնդիր, և որևէ մեկը սա չի ժխտում: Սակայն, սրա հետ մեկտեղ կա նաև առաջընթաց, դրական տեղաշարժ, կատարված զգալի աշխատանք, ինչի մասին վկայում են փաստերը: Որպես օրինակ թույլ տվեք մատնանշել բազմիցս ահազանգված և մշտական ուշադրության կենտրոնում գտնվող մի խնդիր՝ արտագաղթը: Այսօր այս ամբիոնից հնչեցին հերթական պնդումները, որ իշխանությունը ժողովրդին մղում է դեպի արտագաղթ:

Խոսեմ փաստերով, ներկայացնեմ թվեր՝ 2013 թվականին միգրացիոն հոսքերի համադրման արդյունքում բացասական սալտոն կազմել է 31 188 մարդ, մինչդեռ 2012 թ.-ին, ընդամենը մեկ տարի առաջ, այն եղել է 42 811:

Իհարկե, հայրենիքից հեռացող գեթ մեկ քաղաքացին էլ կորուստ է մեզ համար, և այս 31 հազար ցուցանիշը մտահոգում է բոլորիս: Սակայն համաձայնեք, որ ակնհայտ է, որ տեմպը զգալիորեն նվազում է, և դեռ կնվազի, վստահեցնում եմ ձեզ: Մեկ տարվա ընթացքում ավելին, քան 11 600 հոգով նվազած ցուցանիշը դրական արդյունք է, և շարունակաբար հնչող հայտարարությունները, որ Հայաստանը հայաթափ է լինում, դատարկվում է և այլն, մեղմ ասած, բարոյական չեն: Հասկացեք, սիրելիներս, դրանով դուք իշխանություններին չեք վնասում, երկրին եք վնասում: Ի վերջո, իրերը պետք է կոչել իրենց անուններով, մեկ տարվա ընթացքում ցուցանիշի փոփոխությունը 42 հազարից դեպի 31 հազար հաստատում է արտագաղթի տեմպի նվազումը:

Մեր բոլորի խնդիրն է հույս արթնացնել մեր քաղաքացիների մոտ, այնպես աշխատել, որ նոր հնարավորություններ և նոր հեռանկարներ բացվեն յուրաքանչյուրի համար, արտագաղթի տեմպը նվազեցնելով՝ այն հասցնել զրոյի, և ապա զբաղվել մեր երկրից հեռացած քաղաքացիների համար վերադառնալու հնարավորություններ ստեղծելով: Ես պատրանքներով չեմ ապրում, գիտակցում եմ, որ սա արագ լուծվող խնդիր չի, բայց չնկատել առաջընթացը և անել հակառակը՝ եղած դրականը իբրև բացասական ներկայացնելը, կարծում եմ, չի տեղավորվում քաղաքական որևէ դրույթի շրջանակներում:

Երբեմն ինձ թվում է, որ մեր ընդդիմախոսները շարժվում են Ալբեր Քամյուի հայտնի խոսքերի սկզբունքով՝ «Պատմության առջև պատասխանատվությունը ազատում է մարդկանց առջև ստանձնած պատասխանատվությունից»:

Մենք պատասխանատու ենք մարդկանց առջև, նրանցից յուրաքանչյուրի առջև: Իսկ դու՞ք…

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728