Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Երեմյան-Արթուր Գևորգյան հակամարտության ելքը՝ փետրվարի 7-ին

Փետրվար 04,2014 18:49

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դատական նիստ (նախագահող դատավոր Ռ. Ներսիսյան), որի ընթացքում քննության առնվեց «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի, նրա մոր՝ Գայանե Մարտիրոսյանի բողոքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով:  Դատական նիստին ներկա էին ՀՀ ոստիկանության մաշտոցի քննչական բաժնի ավագ քննիչ Հարություն Խեդոյանը, Արման Երեմյանն ու Գայանե Մարտիրոսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արման Երեմյանը պնդում է, թե ինքը վարձակալության հետ կապված պայմանավորվածություն ուներ Արթուր Գևորգյանի հետ: Այնուհետև ներդրումներ է  կատարել, բայց վերջում պայմանավորվածությունները չեն կատարվել, և այժմ իր ընկերությունը սնանկացման եզրին է կանգնած»:

Aravot.am-ը ներկա գտնվեց դատական նիստին: Նիստերի դահլիճում Արման Երեմյանը հայտարարեց, թե «քննիչ Հարություն Խեդոյանի կողմից գործի քննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ: Հստակ երևում է, որ քննությունը չի համապատասխանում իրականությանը: Հարցազրույց չեն վերցրել Արթուր Գևորգյանից, Գայանե Մարտիրոսյանից, Վաչագան Մանուկյանից,  փորձագիտական չափագրություններ չեն կատարվել, որը կհիմնավորեր, որ ես կառուցապատման աշխատանքներ եմ կատարել»:

Արման Երեմյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը հայտարարեց, թե մեկ տարի է գործը չի բացահայտվում ու շարունակեց. «Իմ տղան վստահել է Արթուր Գևորգյանին: Սկզբում որոշվել էր, որ տարածքները պետք է իրենք կառուցեն, բայց հետո համոզեցին, թե Արման, դու կառուցիր, քանի որ ընտրություններ են, Արթուր Գևորգյանը պիտի ընտրվեր: Արմանը 12 միլիոն գումար ներդրեց, Արմանին հույսեր տվեցին, թե կառուցիր, վերջացրու, մենք վերջնահաշվարկ կանենք: Կառուցելուց հետո Տարոն Մարգարյանին որպես ցուցադրական խանութ ցույց են տվել, բայց դրանից հետո Արմանին ստիպողական պարտադրել են մեկ միլիոն վարձավճար, ուստի պարտադրված տվել է: Արմանը չէր էլ պատկերացնում, որ Արթուր Գևորգյանը խաբել է իրեն ու սնանկացրել»: Արման Երեմյանի մայրը նշեց, թե ստիպված էր բնակարանը վաճառել, որ երեխային փրկեր, ուստի հիմա վարձով տանն է ապրում:

Վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչ Հարություն Խեդոյանը ի պատասխան ասաց. «Իմ որոշումն օրինական է, քանի որ բողոքաբերի և նշված անձանց միջև քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքվել, որի պայմանների խախտման դեպքում էլ նույնիսկ քրեական գործ հարուցելը հիմք չի տա: Խոսվում է խարդախության մասին, բայց ինչպես գիտեք խարդախության պարտադիր պայմանը նախնական դիտավորությամբ գույքի հափշտակությունն է, որը տվյալ դեպքում չի հիմնավորվում, ինչով էլ ենթադրվում է, որ տեղի ունեցածը քաղաքացիական հարաբերություն է և կարգավորման ոլորտը հիմվում է քաղաքացիական դատավարության հիման վրա»:

Հարություն Խեդոյանը, կապված բողոքաբեր կողմի ներկայացրած դիտարկումների հետ, ասաց «Նախ հարցաքննվել է Արմեն Երեմյանը բացատրություն է տվել: Բուն պայմանավորվածությունը եղել է Արման Երեմյանի և Վաչագան Մանուկյանի միջև, ովքեր երկուսն էլ հարցաքննվել են և իմ նշած պատճառաբանությամբ նյութերը մերժվել են:  Բուն նյութերը ուղարկվել են ՀՔԾ, որտեղ որոշում է կայացվել և ուղարկվել մեզ: Այդ մասով ես չեմ զբաղվել: Ինչ վերաբերում է Գայանե Մարտիրոսյանին հարցաքննության ենթարկելուն, ապա նախապատրաստված նյութերում Մարտիրոսյանը ամեն ինչի մասին բացատրություն տվել էր,  ուստի նույն հարցին ամեն անգամ անդրադառնալու կարիք չեմ տեսել, դրա համար չեմ հրավիրել»:

Դատական նիստի ավարտին դատավորը հայտարարեց, որ դատարանը համապատասխան դատական ակտը կհրապարակի փետրվարի 7-ին, ժամը 17.00-ին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728