Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանի հայտարարությունը ԱԺ ամբիոնից

Փետրվար 04,2014 17:45

Հարգելի հայրենակիցներ,

Սեպտեմբերի երեքից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին, ընդդիմությունն անմիջապես ձեռնամուխ եղավ իշխանությունների քննադատությանը: Ընդ որում, այդ ընթացքում մեր ընդդիմադիր գործընկերներից ոմանց մոտ նկատվեցին բավականին տարակուսելի դրսեւորումներ` անձի երկվություն եւ հիշողության կորուստ: Փորձելով ըմբռնումով մոտենալ որոշ ընդդիմադիրների`ցավոք արդեն սովորական դարձած իրավիճակային «սկզբունքայնությանը», տեւական ժամանակ չարձագանքեցինք: Սակայն օգտվելով դրանից` ընդդիմության առանձին ներկայացուցիչներ սկսեցին էլ ավելի ակտիվացնել տարբեր ամբիոններում եվրոպամետ ելույթներով էժանագին քաղաքական միավորներ ստանալու իրենց գործելաոճը: Դա, իհարկե, նրանց գործն է, ի վերջո` ոճի եւ ճաշակի հարց է:

Թեև, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը շատ լավ է հիշում, թե ինչպես էր ընդամենը մեկ տարի առաջ այդ ընդդիմադիր ուժերից մեկի առաջնորդը հրապարակավ հայտարարում, թե Հայաստանի ժողովրդի հաղթանակը պետք է բերի Մոսկվայից` Վլադիմիր Պուտինից: Բնականաբար, ժողովուրդը միանգամայն ադեկվատ արձագանքեց իր վզին օտար երկրից ինչ-որ հաղթանակներ փաթաթելու` ընդդիմադիր առաջնորդի ձգտումներին` ցույց տալով, որ ինքն ապրում է ինքնիշխան պետությունում, որտեղ հաղթանակները կայացնում է սեփական ընտրությամբ եւ սեփական աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե` այս կամ այն երկրի նախագահի պարտադրմամբ, և այդ ուժի ներկայացուցիչները խոսում են ինքնիշխանության կորստի մասին…

Պակաս ուշագրավ չէր խորհրդարանում ներկայացված մյուս ոչ իշխանական ուժի պահվածքը, որի առաջնորդը, հիշեցնեմ, սեպտեմբերի 3-ից ճիշտ մեկ օր առաջ հայտարարում էր, թե «Ռուսաստանը մեզ համար ամենակարեւոր բարեկամ պետությունն է,ամենակարեւոր տնտեսական գործընկերն է եւ մեր երկրի անվտանգության համակարգի պահպանման հարցում կարեւորագույն ռազմավարական դաշնակիցը»: Ավելին, նա կարծիք էր հայտնում, թե չի կարող լինել որեւէ հայ մարդ, որը չցանկանա Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացում: Սակայն ինչպես տեսանք` ընդամենը երկու օր հետո այդպիսի հայ մարդիկ գտնվեցին, ընդ որում` շատ ավելի մոտ շրջապատում, քան կարելի էր կարծել:

Ինչ վերաբերում է այն խմբակցությանը, որի անդամներից մեկն իր կուսակցության անունից ռուսաստանաբնակ հայերին կոչ էր անում ընտրել Վլադիմիր Պուտինին, ապա այդ ուժի քաղաքական հայրը հստակ հրահանգավորել է իր թիմակիցներին`չասել որեւէ վատ բան ոչ Ռուսաստանի, ոչ էլ ՌԴ նախագահի հասցեին: Ասել է թե` հավատարմության երդումը Ռուսաստանին տրվել է ամենաբարձր մակարդակով, թեևս` մի փոքր կասկածում եմ, որ այդ երդումը պահանջարկ ունենար:
Ամփոփելով` ուզում եմ հիշատակել Ռիչարդ Նիքսոնի ձեւակերպումը` քաղաքականության հիմքը նպատակն է, եւ դա նկատի ունենալով` հասկանալ, թե որն է ընդդիմադիր ուժերի նպատակը: Չարախնդա՞լը, ցանկացած հարցում ինքնանպատակ քննադատություն հնչեցնե՞լը, պատեհապաշտ հայտարարություններով կարճաժամկետ դիվիդենտներ շահե՞լը:

Հարգելի գործընկերներ, այսօր փետրվարի 4-ն է, ուղիղ 19 տարի առաջ` 1995 թ-ին այս օրը, ստորագրվեց հրադադարի մասին համաձայնագիրը: Հրադադար, որը ոչ միայն դեռ խաղաղություն չէ, այլեւ` գնալով ավելի ու ավելի հաճախ է վտանգվում մեր թշնամու կողմից: Եկեք չմոռանանք այս մասին, եւ հիշենք, որ անկախ մեր հայացքներից, մեր բոլորիս քաղաքականության հիմքը` նպատակը, պետք է լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմական ու տնտեսական անվտանգության ամրապնդումը, ինչին էլ ուղղված է ՀՀ իշխանությունների որդեգրած արտաքին քաղաքական կուրսը:

Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728