Քրեական աշխարհում հայտնի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված` 45-ամյա Իսրայել Սարգսյանը ժամանակին զբաղվել էդուքենդո կարատեով եւ քրեական հարուստ կենսագրություն ունի: Նրա անունը շոշափվում է մի քանի հնչեղ քրեական գործերում, 1990-ական թվականներին նրա նկատմամբ անգամ հետախուզում է հայտարարված եղել:
Ամենաաղմկահարույց գործը, որում նա ներգրավված է եղել, Արմեն Տեր-Սահակյանի (ներկայումս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալ) բանդայի գործն է: Արմեն Տեր-Սահակյանն իր հանցախմբի հետ 1992-1994թթ. կատարել է մի շարք պաշտոնատար անձանց սպանություններ, այդ թվում` Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի, ՀՀ երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանի և այլն: Տեր-Սահակյանի բանդային չի հաջողվել իրագործել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ, 1994-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարՎլադիմիր Գրիգորյանի սպանությունը: Նշենք, որ Գրիգորյանը ներկայումս Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:
Հենց այս գործի շրջանակներում էլ ամենից շատ շոշափվում է Իսրայել Սարգսյանի անունը: Իսրայել Սարգսյանը բանդայի 3 այլ անդամների հետ մի քանի անգամ փորձել է սպանել Վ. Գրիգորյանին նրա տան շքամուտքի մոտ, ապա` ավտոմեքենայով աշխատանքի մեկնելու ճանապարհին, սակայն նրանց բոլոր փորձերն էլ անհաջողությամբ են պսակվել: Վերջին փորձի ժամանակ նրան հաջողվել է գնդակոծել դատախազի մեքենան: Կրակոցներից փշրված հողմապակու եւ գնդակների բեկորների ներգործության հետեւանքով Գրիգորյանն ընդամենը ստացել է առողջությունը կարճատեւ քայքայող մարմնական թեթեւ վնասվածքներ:
Նյութի մանրամասները կարդացեք yerkir.am-ի կայքում