Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շնորհավորում եմ բոլորիս, որ հայկական պլանշետը դարձել է իրականություն». Տիգրան Սարգսյան

Փետրվար 04,2014 17:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է հայկական առաջին պլանշետի՝ «Արմթաբ»-ի շնորհանդեսին: Պլանշետի արտադրությունն իրականացնում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը:

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ծրագիրն իրականություն դարձնելու համար:

ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն  համակարգչով: Այդ առումով, վարչապետի խոսքով, հայկական պլանշետների արտադրության այս  ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին: Կառավարության ղեկավարը սա համարել է լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը  երկարաժամկետ առումով գտնում է նաև իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում մեր երկիրն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ իրականացված միջոցառումներն արդեն ձևավորել են միջավայր և տալիս են շոշափելի արդյունքներ:

 «Եթե կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի ավելի արդյունավետ, իսկ արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն»,- նշել է վարչապետը:

Ներկայացնելով ՏՏ բնագավառում 2013-ին արձանագրված արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այս ոլորտում երկնիշ տնտեսական աճն ունի շարունակական բնույթ, և նախորդ տարին այդ առումով բացառություն չէր. աճը կազմել է շուրջ 20 տոկոս, իսկ արտահանումը՝ 12 տոկոս: Դա, ըստ կառավարության ղեկավարի, նշանակում է, որ աճի մի զգալի մասն ապահովում է ներհանրապետական սպառում, ինչը նույնպես հաջողություն է: Ոլորտի ձեռնարկությունների 80 տոկոսն ունի հայկական ծագում:

Վարչապետի խոսքով՝ նախորդ տարվա կարևորագույն ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ ՀՀ ՏՏ ոլորտի նկատմամբ միջազգային տրանսնացիոնալ կորպորացիաների ուշադրությունն ավելի է մեծացել: «Սիլիկոնյան հովտում IBM ընկերության հետ մեր ձեռք բերած պայմանավորվածությունն ամբողջությամբ իրացվել է: Դրա արդյունքում այդ ընկերությունը Հայաստանում ունի իր կենտրոնը,  որը հնարավորություն է տալու երիտասարդ սերնդին ավելացնել իր կարողությունները: Ուրախ եմ նաև, որ IBM-ի միջոցով համագործակցում ենք ԱՄՆ-ի առաջատար բուհերի հետ, ինչը հնարավորություն է տալու մշտապես պահպանել կրթական համակարգի բարձր մակարդակ»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը փաստել է, որ «Մայքրոսոֆթ»-ը նույնպես ՀՀ-ում արձանագրում է զարգացման բարձր տեմպեր, իսկ մեր երկրում գործող վերջինիս ինովացիոն կենտրոնը ճանաչվել է աշխարհի լավագույն կենտրոններից մեկը:

Գործադիրի ղեկավարն արձանագրել է, որ ՏՏ ոլորտում զբաղվածների թիվը նախորդ տարի  աճել է 1800-ով և կազմել 11 հազար, որոնցից 9 հազարը հանդիսանում են բարձրակարգ ինժեներներ: Այսինքն, կառավարության  կանխատեսումը, ըստ որի՝ ոլորտը տարեկան համալրվելու է 2000 մասնագետով, ինչն էլ համահունչ է այդ բնագավառի 20-30 տոկոսի տնտեսական աճին, դարձել է իրականություն: Վարչապետի խոսքով՝ ՏՏ բնագավառում առկա է կադրերի՝   բարձրորակ աշխատուժի պահանջարկ, և համապատասխան կրթության դեպքում երիտասարդները երաշխավորված կլինեն բարձր վարձատրությամբ աշխատանքի հարցում:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ ավարտվել են նաև Գյումրու տեխնոպարկի ֆինանսավորման աշխատանքները, և շուրջ 6 հազար քմ տարածք պատրաստ է շահագործման: Աշխատանքներ են տարվում տեխնոպարկը համալրելու ուղղությամբ: Կան բազմաթիվ մասնավոր ընկերություններ, որոնք հավակնում են իրենց գործունեությունը ծավալել տեխնոպարկում: Միաժամանակ, տեխնոպարկին կից գործելու է նաև D-Link ընկերությունը: Այսպիսով, տեխնոլոգիական ոլորտի զարգացումը Գյումրիում մեծ թափ կստանա:

«Այս փուլում կուտակել ենք զարգացման մեծ ներուժ, սակայն առաջ շարժվելու  համար անհրաժեշտ են նոր ինստիտուցիոնալ  ներարկումներ: Պետք է մտածենք այն խթանների մասին, որոնք նոր ձևավորվող ընկերություններին հնարավորություն պետք է տան այս բավականին բարձր մրցակցային դաշտում գտնել իրենց տեղը: Այսօր էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքներ են տարվում նաև, որպեսզի Ազգային ժողով ներկայացնենք մի օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն է տալու Start up-երին գործել ավելի մեղմ հարկային դաշտում, որն էականորեն տարբերվելու է գործող հարկային դաշտից»,- տեղեկացրել է կառավարության ղեկավարը:

Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը խոստովանել է, որ հայկական պլանշետների արտադրության ուղղությամբ իրենց ներդրումային ծրագիրը լավագույններից է` թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության, թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով: Նրա խոսքով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին,  ՀՀ էկոնոմիկայի,  ՀՀ կրթության և գիտության նախարարներին՝ ցուցաբերած մեծ աջակցության համար: Համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- նշել է Էրիկ Ռայենը:

Շնորհանդեսի ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով  2015 թվականից «Արմթաբ» պլանշետները կներդրվեն Հայաստանի դպրոցական համակարգում:

***

Հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone) ներկայացվել էր  ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի  նիստում:

Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցնի 50 հազարի, իսկ մեկ պլանշետի գինը կլինի շուրջ 180 դոլար, ինքնարժեքը` շուրջ 135 դոլար:

Կառավարության թույլտվությամբ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»- ընկերությունը գործունեություն կծավալի «Ալյանս» ազատ տնտեսական գոտում:

Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Tablet_06 Tablet_05 Tablet_04 Tablet_02 Tablet_01 Tablet_07

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728