Վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերը և դրանց վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբերմունքն ու մեկնաբանությունները մտահոգությունների տեղիք են տալիս: Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պարբերաբար խախտման հետևանքով մարդկային կորուստները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների ընդգծված հակահայկական և ռազմատենչ հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից չեն արժանանում համարժեք գնահատականի: Ավելին` Մինսկի խմբի համանախագահների կողմից ադրբեջանական կողմի գործողությունների դիտարկումը հավասարության սկզբունքով ոչ միայն չի նպաստում խաղաղության հաստատմանը, այլև խրախուսում և միևնույն ժամանակ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակելու իր ապակառուցողական և տարածաշրջանի ապակայունացման քաղաքականությունը:
Պահանջում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբից` վերջ տալ կեղծ հավասարության քաղաքականությանը և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիային:
Փետրվարի 5-ին` ժամը 12:00-ին, ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքում տեղի է ունենալու արտգործնախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան՚» ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը նախատեսում են բողոքի ցույց: Ցույցը տեղի կունենա արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց`ժամը 11:30-ին:
Մենք կոչ ենք անում քաղաքական կուսակցությունների Երիտասարդական միություններին` անկախ քաղաքական դիրքորոշումից և մոտեցումներից, միանալ բողոքի ցույցին և միասնական դիրքորոշում արտահայտել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կեցվածքի վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միություն
Երևան 04.02.2014թ.