«Ողջունում եմ միջկուսակցական հանձնաժողով ստեղծելու ցանկությունը: Ընդդիմադիր այդ նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է, բայց կասկածում եմ, որ ԱԺ մեծամասնությունը կհամաձայնի»,-անդրադառնալով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առաջարկությանը` ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կզբաղվի գազի` 300 միլիոն դոլարի պարտքի հետ կապված խնդիրների բացահայտմամբ, այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ ԲՀԿ խմբակցության 30-ից ավելի պատգամավորներ ևս միացել են այդ նախաձեռնությանը: Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` արդյոք հնարավոր կլինի՞ կյանքի կոչել այդ նախաձեռնությունը և ի՞նչ ակնկալիքներ ունի հանձնաժողովի աշխատանքներից: Նա պատասխանեց. «Մենք նման հանձնաժողովի անհրաժեշտություն անպայմանորեն տեսնում ենք: Դա մեր քառյակի նախաձեռնությունն է, քանի որ կան հստակ հարցեր, որոնց պատասխանները տրված չեն: Առ այս պահը գաղտնիության քողով է պահվում այն, թե ինչպես այդ պարտքը կուտակվեց, ինչու է սահմանին մեկ այլ գնով գազը սպառողին սարսափելի թանկ գնով վաճառվում, ինչու կնքվեց մի համաձայնագիր, որը մինչև 2043 թվականը Հայաստանը սարքում է մեկ գազային ընկերության պատանդ: Բայց քանի որ մենք մեկ քաղաքական ուժի մենաշնորհ ունենք, իսկ նրանց մեծամասնությունը կարծում է, որ իր թվային առավելությունը կարող է իրեն թույլ տալ միանձնյա որոշում կայացնել, ապա վաղը առավոտյան ժամը 12-ին այդ մեծամասնությունը տապալելու է հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը` դեմ քվեարկելով թույլ չտալով, որ ստեղծվի այդ հանձնաժողովը, որը հնարավոր է տար այդ հարցերի պատասխանները»:
Իսկ թե ինչ մեխանիզմներով պետք է այդ հարցերի պատասխանները ստանալ, Նաիրա Զոհրաբյանն այս հարցին այսպես արձագանքեց. «Մեխանիզմը պիտի լինի այն կառավարությունը, որը պատասխանատվությամբ կվերաբերվի առաջին հերթին իր քաղաքացուն: Իսկ մենք նման կառավարություն չունենք»:
Արմեն Մարտիրոսյանը անդրադարձավ նաև այն մեղադրանքներին, թե ուր է Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչու քաղաքական թատերաբեմում չի երևում: Նա հայտարարեց հետևյալը. «Որևէ մեկն իմ կողքին չկար, երբ ոստիկանների հետ ընդհարվում էի, երբ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը երկու վահանների միջև ճզմվում էր, իսկ նրա որդիներն ու ընկերները առաջին գծում էին: Եվ թող որևէ մեկը դատավորի դեր չստանձնի: Ես այնտեղ էի, ինքը այն տեղ, իրե՞նք ուր էին»:
Aravot.am-ի հարցին` ի՞նչ հանգրվանում հայտնվեցինք Մաքսային միության անդամակցման «ճանապարհային քարտեզ» ստորագրելով, պարոն Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ինքնիշխանության կորուստն արդեն իսկ ակնհայտ է: Էկոնոմիկայի փոխնախարարը հայտարարում է, որ Եվրամիության հետ Մաքսային միությունը ՀՀ-ի փոխարեն պետք է բանակցի: Արդեն իսկ հայտարարվում է, որ ՀՀ-ն չէ բանակցողը, իսկ բանակցում է այն սուբյեկտը, որն ունի անկախություն և որոշումներ կայացնելու հնարավորություն: Այս իրավիճակը բերելու է միջազգային բազում պայմանագրերի վերանայման, ինչը դրական չի կարող ազդել Հայաստանի վրա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ