Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է

Փետրվար 04,2014 16:03

«Մեզ համար հատուկ օրեր չկան, մենք ամեն օր պայքարում ենք քաղցկեղի դեմ. Սա մեր կոչումն է, սա մեր նպատակն է»,- քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կազմակերպված ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

Նրա հավաստմամբ, 2013 թվականի ընթացքում իրենց կենտրոնում հետազոտվել է 34705 այցելու, կատարվել է 48186 հետազոտություն եւ 18320-ը անցել են կրծքագեղձի հետազոտություն, որոնցից 18136-ը կին է եղել, նրանցից 500-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:

Խաչանուշ Հակոբյանը կոչ է անում տարին 1 անգամ անցնել համապատասխան հետազոտություններ, քանի որ քաղցկեղի միակ բուժումը կանխարգելումն է:

Նույն կենտրոնի բժիշկ Վահե Տեր-Մինասյանը նշեց, որ քաղցկեղ չի առաջանում մեկ ամսում կամ մեկ տարում, այն առաջանում է 10-15 տարիների ընթացքում.

«Նախաքաղցկեղից մինչեւ քաղցկեղի 1-ին փուլ 10-15 տարի է, 1-ին փուլից մինչեւ 3-4-րդ փուլերը՝ ուշացած փուլերը, նույնպես տարիներ են: Ցավոք սրտի, Հայաստանում կանանց 60 տոկոսի մոտ հայտնաբերվում է 3-4-րդ փուլերում: Այսինքն՝ չկան այնպիսի դեպքեր, որ քաղցկեղ է եղել ու բժիշկները բաց են թողել: Ո՛չ, ուղղակի այդ կինը 10, 15, 20 տարի բժշկի չի գնացել»:

Բժիշկը հայտարարեց, որ քաղցկեղ միշտ էլ լինելու է, սակայն նրանից վախենալ պետք չէ, վախենալ է պետք նրա ուշացած փուլերից:

Իսկ այն հարցին արդյոք կանայք խուսափո՞ւմ են անցնել համապատասխան հետազոտությունները, տիկին Հակոբյանը պատասխանեց, որ գավառական մտածելակերպը խանգարում է կանանց եւ հիմնականում նրանք պատճառաբանում են, որ գումար չունեն.

«Ֆինանսական խնդիրները պետք է գտնվեն վերջին տեղում, քանի որ հետազոտությունը ինքը շատ մատչելի է՝ համեմատած շատ ուրիշ երկրների հետ, եւ մեր կանայք էլ, համոզված եմ, շատ ավելի մեծ գումարներ ենք վատնում ե՛ւ վարսահարդարման համար, ե՛ւ հագուստների համար, ե՛ւ կոսմետիկայի համար: Եվ այդ բոլոր կանայք, ովքեր պատճառ են բերում, որ իրենք վճարունակ չեն եւ չեն կարող հետազոտվել, ի վերջո պարզվում է, որ իրենք վախենում են պատասխանից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728