«Ես դիմումը գրել եմ եւ պայքարելու եմ, որպեսզի չկողոպտեն ինձ»,- Aravot.am-ի եւ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության աշխատակից Անի Ավետիսյանը, որը նույնպես միացել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին ուղղված դիմումին` պարտադիր կուտակային բաղադրիչի մասով աշխատավարձից պահումներ չիրականացնելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին , որ ԱԺ հիսուն աշխատակիցների աշխատավարձերից պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումներ են իրականացվել:
Դիմումին դրական արձագանք, մեր զրուցակիցը չի ակնկալում: Բայց, սպասում է ՍԴ-ի վերջնական որոշմանը. «Արծվիկ Մինասյանը դիմել է ՍԴ, որպեսզի մյուս հոդվածներն էլ կասեցվի`ըստ այդմ էլ մենք կորոշենք մեր անելիքը»:
Ամեն դեպքում, նա մարտական է տրամադրված. «Մենք դուրս ենք գալու փողոց, պահանջենք՝ մեր իրավունքները չանտեսեն»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ հրապարակային ակցիաները, բացի տրանսպորտի թանկացման դեմ ակցիայից, դեռ հաջողության չեն հասել, Անի Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Հույս ունենք, որ հաջողության կհասնենք: Ընդհանրապես, ավելի շատ մարդ, եթե միանա, հաջողություն կունենանք»:
Ինչ մնում է օրենքին, ընդհանրապես, մեր զրուցակիցն այն կարծիքին է, որ նախ կամավորը պետք է խրախուսվեր ու այդ դեպքում, միգուցե, շատերը կամավոր միանային. «Բայց, այս դեպքում տոկոսները շատ բարձր են եւ չգիտենք թե ո՞ւմ ենք տալիս մեր գումարը` դուրս, ինչ-որ մասնավորի, այն էլ 30-40 տարով, որ հույս չունենք… նախ, ինֆլյացիան ինչպե՞ս է հաշվարկվել: Եթե հիմա հաշվարկենք`մտածենք ինչ-որ պատկառելի գումար է, չգիտենք` 30-40 տարի հետո դա ի՞նչ գումար կլինի: Միգուցե`ավելի ցա՞ծր: Այսօր մեզ համար արժեք ունեցող գումարը տալիս ենք իրենց, այն դեպքում, երբ բազում խնդիրներ ունենք լուծելու»:
Անի Ավետիսյանին մտահոգում է նաեւ այն, որ այս սերունդը, փաստորեն, կրկնակի կենսաթոշակային բեռի տակ է ընկնում`ներկայիս կենսաթոշակառուների համար վճարումներ է կատարում ու ստիպված է լինելու նաեւ իր համար կուտակել, մինչդեռ գործող աշխատավարձերի պարագայում, անգամ առօրյա խնդիրներն է անհնար լուծել:
Ի դեպ, այն գումարները, որոնք պահվել են ԱԺ աշխատակիցներից, չեն փոխանցվել, այսպես կոչված, կամուրջներին: ԱԺ ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման պետ Վարդան Թորոսյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ քանի որ օրենքը հունվարի մեկից գործում է, ընդամենը մեկ հոդված է կասեցված, մյուսն էլ մեկ կետով, ուստի իրենք այլ կերպ վարվել չեն կարող: Նաեւ ծրագրային խնդիրներ կան եւ ամեն ինչ ավտոմատ կարգով է կատարվում: Գումարները չպահելու դեպքում նաեւ հարկային հաշվետվությունների հետ են խնդիրներ առաջանալու: Բայց, գումարները «կամուրջներին» չեն փոխանցվելու, դրանք մնալու են պետբյուջեում: Կախված ՍԴ-ի որոշումից`այդ գումարների ճակատագիրը պարզ կդառնա:
Ի դեպ, ԱԺ աշխատակազմի ղեկավարին դիմած հիսուն մարդկանցից շատերը ԲՀԿ-ական պատգամավորների օգնականներն ու խմբակցության աշխատակիցներն են, ովքեր, սակայն, խուսափում են հարցազրույցներից:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանի օգնականները, ովքեր ստորագրահավաքի նախաձեռնողներն են, ասացին, որ հարցին ամբողջական կանդրադառնան`ԱԺ աշխատակազմի ղեկավարի պատասխանից հետո:
Խոսակցություններ են շրջանառվում, որ նաեւ ՀՀԿ-ական պատգամավորների օգնականներ կան այդ հիսուն հոգու մեջ: Aravot.am-ին, սակայն, չհաջողվեց նրանցից որեւէ մեկի ով լինելը պարզել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ