Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ խմբակցությունները պնդում են, որ պետք է ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ գազի պայմանագիրն ուսումնասիրելու համար (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 15:37

Ինչպես երեկ տեղեկացրել ենք, երեկ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցություններ՝ ԲՀԿ, ՀԱԿ« ՀՅԴ եւ «Ժառանգություն», հանդես են եկել գազի պայմանագրի մութ կետերն ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Երեկ ԱԺ նիստն ավարտվեց այն պահին, երբ ԱԺ խմբակցությունների տեսակետները պիտի լսվեին:

Այսօր Ազգային ժողովը իր նիստը սկսեց հենց այդտեղից: «Ժառանգություն խմբակցության» ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նկատեց, որ խիստ տարօրինակ է այն, որ 2011-2013թթ. կուտակված 300 մլն դոլար պարտքը որեւէ ձեւով երկու տարվա ընթացքում չի արտացոլվել պետական բյուջեում: Նա դեկտեմբերի 23-ին ԱԺ կողմից վավերացված գազային պայմանագրերը «մութ գործարք» անվանեց, որը կատարվել է մի նպատակով՝ ժողովրդին 2012-2013 թվականներին տեղի ունեցած համապետական ընտրություններից առաջ չբորբոքելը:

ՀՅԴ անունից հանդես եկած ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ անդրադարձավ նրան, որ հենց ընտրությունների պատճառով կուտակվեց գազի պարտքը, որովհետեւ ընտրություններից առաջ գազի թանկացումը մեծ դժգոհություն կառաջացներ ժողովրդի մոտ, այդ իսկ պատճառով գաղտնի պահեցին գազի թանկացումը եւ պարտքեր կուտակեցին՝ «ամեն գնով իշխանությունը պահելու մոլուցքով դրդված»:

Սակայն հետո այդ պարտքը մնաց ժողովրդի վրա, եւ Գազպրոմի հետ կնքվեց նվաստացուցիչ պայմանագիր՝ 30 տարով: Ըստ Ռուստամյանի՝ «ավելի արժանապատիվ կլիներ, եթե այդ 20 տոկոսը ուղղակի նվիրեինք Գազպրոմին, ոչ թե այսպես»:

Քանի որ դեռ երեկվանից ՀՀԿ-ականները մեղադրում էին ոչ իշխանական ուժերին՝ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն իրենց հետ չքննարկելու ու դրանից հետո իրենց աջակցությունն ակնկալելու համար, ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացնող Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ իրենք «արնախում հեղափոխականներ» չեն, եւ ոչ մեկի գլուխը կտրելու եւ արյունը թափելու ցանկություն չունեն, ընդամենն ուզում են պարզել, թե ինչ թալան է եղել այդ պայմանագրով, եւ ուզում են, որ կառավարությունը գա եւ հանձնաժողովին պատասխանի, թե ինչպես են Սահմանադրության եւ օրենսդրության խախտումներով նման պայմանագիր կնքել: Իսկ եթե չկարողանա պատասխանել որոշ հարցերի, ապա դա կարող է անվստահություն հայտնելու հիմք դառնա: «Ճշմարտությունը հասկանալ ենք ուզում, թե ինչպես է ստացվում, որ իբրեւ ամենաէժան գազն ենք ստանում, բայց ամենաթանկ գինն ենք վճարում»,-ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Նույն բանը՝ ստանալ մի շարք հարցերի պատասխան, ցանկանում է նաեւ ԲՀԿ-ն, որի անունից հանդես եկավ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը կառավարության անդամներին «ստախոս պաշտոնյաներ» որակեց, որոնք նորմալ երկրում ստի մեջ բռնվելուց հետո պաշտոնանկ կլինեի, բայց մեզ մոտ շարունակում են նույն ձեւով, եւ վաղն էլ ԱԺ-ում նույն ձեւով ստելու են: Տիկին Զոհրաբյանը կարծում է, որ կառավարությունն ուզում է Ազգային ժողովի միջոցով «սպիսատ» անի 300 մլն դոլարի պարտքը:

Թեեւ ընդդիմությունը ամեն կերպ հիմնավորում էր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, գրեթե զրոյական է հավանականությունը, որ այն կստեղծվի, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մինասյանը, ասելով, որ ոչ իշխանական խմբակցությունները ոչ թե ճշմարտությունն են ուզում բացահայտել, այլ «մոլորեցնել հասարակությանը»: Նա առաջարկում էր՝ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու համար ոչ թե ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, այլ՝ խորհրդարանական լսումներ անցկացնել:

Պարոն Մինասյանը համաձայն չէր, որ գազի որակն ընկած է: Իսկ թե ինչո՞ւ են մարդիկ ավելի շատ գազ վառում եւ չեն տաքանում՝ պարոն Մինասյանը բացատրեց դրսի շատ ցածր ջերմաստիճանով:

Ամենավերջում հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը երեկ ներկայացրել էր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Նա ասաց, որ դեմ չեն լինի անգամ, եթե հանձնաժողովում ՀՀԿ-ականները գերակշիռ մաս կազմեն, բայց հանձնաժողովը անպայման ստեղծվի, որովհետեւ շատ մութ կետեր եւ խութեր կան, որոնք անպայման պետք է բացահայտվեն:

ԱԺ նախագահը ի պատասխան մի կարճ ռեպլիկով հիշեցրեց երեկվա իր դիտարկումն այն մասին, որ պետք էր նախապես քննարկել ՀՀԿ-ի հետ այս հարցը, եթե ակնկալում էին աջակցություն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութերը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728