«Նպատակը մեկն է, որ փակեն ոչ պետական բուհերը, քանի որ պետական բուհերն էլ ուսանողների հետ կապված խնդիրներ ունեն»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վերջին շրջանում այդքան բծախնդիր դարձել ոչ պետական բուհերի նկատմամբ, այսպես պատասխանեց «Մանց» համալսարանի ռեկտոր Ռուբեն Ավագյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` «Սյունիք» ինստիտուտը, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, «Ուրարտու» համալսարանը, «Ազպաթ-վետերան» դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի «Մանց» համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու «Պրոգրես» համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում:
Ռուբեն Ավագյանից հետաքրքրվեցինք` նախարարի նախազգուշացման հետ համամի՞տ է և այն հիմնավոր համարո՞ւմ է: Ռեկտորը պատասխանեց. «Ես հեռակա համակարգի 5-րդ կուրսից մեկ շրջանավարտի տեղափոխել եմ 4-րդ կուրս`առկա համակարգ: Կառավարության որոշման (2011 թ. թիվ 1240, օգոստոսի 25) առաջին մասով չի թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերից տեղափոխություն, երկրորդ մասում գրված է, որ բուհի հեռակա բաժիններից առկա բաժին տեղափոխումը կատարվում է բուհի կողմից կատարված կարգով: Ուստի ուսումնական մասի ղեկավարը առաջնորդվել է այս մասով: Սա էլ հիմք է հանդիսացել նշել, որ խնդիր կա: Մնացած հետևությունները թողնում եմ Ձեզ: Հիմա նորից կարող եմ հրաման տալ այդ երեխային տեղափոխել հեռակա համակարգ»:
Պարոն Ավագյանը նշեց, որ մի շարք ավելի լուրջ խնդիրներ կան ու մանրամասնեց. «Ոչ պետական բուհերում արգելված է ընդունելություն կատարել այն մասնագիտություններով, որտեղ հավատարմագրում չկա: Մեր բուհում կա տնտեսագիտական մասնագիտություն, որը հավատարմագրված չէ ու ինձ արգելում են ուսանողներին ընդունել: Բայց հեռակա թույլատրվում է, սակայն պետական նմուշի դիպլոմ չեն տալիս, ինչպե՞ս հասկանամ: Եթե արգելում ես հավատարմագրումը, ապա բարի եղիր տուր շրջանավարտներին պետական նմուշի դիպլոմ: Հավատարմագրում դուք չեն անում արդեն քանի տարի է, ապա այդ դեպքում ինչո՞ւ երեխային դիպլոմ չեք տալիս»:
Կարդացեք նաև
«Ազպաթ-Վետերան» դատական փորձագիտական և հոգեբանության ինստիտուտի ռեկտոր Ազատ Թադևոսյանը նախարարի նախազգուշացման հետ կապված ասաց հետևյալը. «Թերությունն արձանագրվել է, գտնվում է վերացման փուլում: Ինչ վերաբերում է նախարարի տրամադրվածությանը, ապա ինչո՞ւ պետք է փակեն ոչ պետական բուհերը, այդքան հարկեր ենք տալիս, ուսանողներին փողոցից կտրում: Արդեն վեց դատավոր ենք տվել»:
Երևանի Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը նախարարի նախազգուշացման առիթով մեզ փոխանցեց հետևյալը. «Ես նախարարի կողմից վստահություն եմ նկատում և չեմ կարծում, որ թերությունների վրա աչք պիտի փակեին: Այժմ քաղաքապետարանի հետ տարածքի հետ կապված խնդիրները վերացնում ենք: Որևէ դիտավորություն չեմ տեսնում: Եթե կա վստահություն, պիտի մեր նկատմամբ խստությունն էլ ավելի բարձր աստիճան լինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ