Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարին դիմած հիսունից երկուսը «Ժառանգությունից» են

Փետրվար 04,2014 15:23

«Ժառանգություն» խմբակցության գործավար Սյուզաննա Ալեքսանյանը մեկն է ԱԺ այն հիսուն աշխատակիցներից, ովքեր դիմել են ԱԺ աշխատակազմի ղեկավարին` պարտադիր կուտակային բաղադրիչի մասով պահումներ չիրականացնելու խնդրանքով:

Սյուզաննա Ալեքսանյանը, ինչպես նաեւ այլք, բացի միասնական դիմումից, նաեւ անհատական դիմումներ են ներկայացրել: Պատասխաններ առայժմ չեն ստացել: «Հույսներս չենք կորցնում եւ պայքարելու ենք մեր աշխատանքային իրավունքների համար»,- ասաց Սյուզաննան:

Թեեւ ակնհայտ է, որ դիմումները դրական արձագանքի չեն արժանանալու, Սյուզաննան չի ցանկանում «եթե»-ներով առաջնորդվել եւ դատողություններ անել հետագա քայլերի մասին:

«Ես ոչ մի քաղաքական ենթատեքստի հիման վրա չեմ գրել իմ դիմումը»,- ասաց մեր զրուցակիցը`պատասխանելով հարցին՝ ինքն անձնակա՞ն մտահոգություններից ելնելով է դիմել, թե՞ այն պատճառով, որ «Ժառանգությունը» դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

Աջից` Սյուզաննա Ալեքսանյանը, ձախից`Անահիտ Հովհաննիսյանը

Աջից` Սյուզաննա Ալեքսանյանը, ձախից`Անահիտ Հովհաննիսյանը

«Ես կարծում եմ, որ պետք է քաղաքացիական ընդվզում լինի, քանի որ հանգիստ հանրահավաքներով ոչնչի չենք հասնի: Ես իբրեւ ՀՀ քաղաքացի եմ հանդես գալիս ու կարծում եմ, որ ամեն օր մի հանրահավաք, երթ անելով ոչինչ չի փոխվի: Պետք է քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերել: Մենք պետք է պայքարենք նրա համար, թե ինչպե՞ս ենք ուզում ապրել մեր երկրում: Իշխանությունը չէ, որ մեզ պետք է պարտադրի»,- առավել մարտական է տրամադրված Սյուզաննայի գործընկերուհին`Անահիտ Հովհաննիսյանը :

«Մենք չնչին գումարներ ենք ստանում ու կարողանում ենք դրանով բավարարվել, ուղղակի հետաքրքիր է`իրենք կարո՞ղ են այդ գումարներով բավարարվել»,- ասաց Անահիտը, որը դեմ չէ նաեւ, որ իշխանափոխություն լինի երկրում, քանի որ արտագաղթի ներկայիս տեմպերի պարագայում, նա այլընտրանքն էլ չի տեսնում:

Ի դեպ, պարզվում է նաեւ, որ աշխատավարձի հինգ տոկոսը չի պահվում, քանի որ, օրինակ, Անահիտն, որը 90 հազար դրամ աշխատավարձ է ստանում՝ ստացել է 84 հազար դրամ: Դա ակնհայտորեն գերազանցում է հինգ տոկոսը:

Սյուզաննան էլ դեմ չէ քաղաքացիական անհնազանդությանը. «Այս իշխանության դեմ պայքարի ցանկացած միջոց դրական եմ գնահատում: Ցանկալի է խաղաղ միջոցներով պայքարել, բայց, երբ դա արդեն անհնար է, ընդվզումը ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ է»:

Աղջիկներն այն կարծիքին են, որ այսպիսով իշխանությունն ինքը վարկաբեկում է ՍԴ-ի որոշումը` պարտադիր բաղադրիչի կասեցման մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728