«Քաղցկեղի կանխարգելման գլխավոր նախապայման է առողջ ապրելակերպը՝ պայքարել ծխելու, ալկոհոլի դեմ, ուշադրություն դարձնել սննդի ռեժիմին, խուսափել ապխտած կերակրից եւ կենդանական ճարպերից »,- քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով, այսօր առողջապահության նախարարությունում ասաց հանրապետության գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը՝ ավելացնելով, որ ամբողջ աշխարհում գերակշռում է տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղը, կանանց մոտ՝ կրծքագեղձի:
Պարոն Գալստյանն ասաց, որ Հայաստանում որակյալ բուժում իրականացնելու նպատակով՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերջին 3 տարիներին բարեփոխումներ են կատարվում՝ համալրվել է ախտորոշիչ եւ բուժական ժամանակակից սարքավորումներով, ներդրվել են բուժման նոր եղանակներ: Կա նաեւ ֆոտոդինամիկ ախտորոշման սարք, որը հարավային Կովկասում միակն է:
Aravot.am-ի այն հարցին, թե ՀՀ քաղաքացիները քիմիաթերապիայի կուրսը արտերկրում են ստանում, երբ Հայաստանում կլինի որակյալ քիմիաթերապիա եւ ի՞նչ արժե դրա բուժման կուրսը Հայաստանում, պարոն Գալստյանը պատասխանեց, որ շատ թանկ է, եւ կա դեղ, որ, օրինակ` արժե 3100 եվրո: Սա թանկարժեք քիմիաթերապիա անելու դեպքում: Սակայն, միջին գներով, 3000-5000 դոլար կարող է հիվանդի վրա նստել մեկ կուրսը: Ըստ նրա, ամեն դեպքում կախված հիվանդության բարդությունից, բուժման ծախսերը ավելանում են: «Թյուր է այն կարծիքը, որ Հայաստանում հին տեխնոլոգիաներով է իրականացվում բուժումը, որի պատճառով հիվանդները գնում են արտասահմանում բուժում ստանալու. հանրապետությունում, 2013 թվականին մեր կենտրոնում կատարվել է 3466 վիրահատություն, քիմիաթերապիա ստացել է 4713, իսկ ճառագայթային բուժում անցել է 1112 հիվանդ: Այսօր կենտրոնի հսկողության տակ գտնվող ավելի քան 35 000 հիվանդներից շուրջ 20 հազարի մոտ բուժումից 5 տարի եւ ավելի, համարվում են գործնականում առողջ»,-ասաց պարոն Գալստյանը:
Ըստ նրա. «Մենք կազմել ենք մի որոշման նախագիծ ԱՊՀ երկրների ներկայացուցիչների հետ, որտեղ կա կետ, ըստ որի արգելվում է այլընտրանքային բուժումը չարորակ ուռուցքների դեպքում, այսպես ավելի են վատթարացնում հիվանդի վիճակը եւ կամ գրանցվում են մահվան դեպքեր, կամ՝ ծանր վիճակով բերում են կենտրոն»:
Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ www.med-practic.com-ից