Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Ռեգնում» գործակալության «Осторожно, антироссийские дезинформаторы в Армении» հրապարակմանը, որտեղ խոսվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի, Երեւանում սպասվող վտանգավոր վարակների, Սոչիում կայանալիք օլիմպիադայի եւ չեչեն տեռորիստների կողմից նախապատրաստվող ահաբեկչական հարձակումների մասին ու հնարավոր այն վարկածի, թե ամենն արվում է հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու համար, քանի որ Հայաստանը միացել է Մաքսային միությանը՝ հետեւյալ կերպ մեկնաբանեց. «Կան բաներ, որոնցով պարտադիր պետք է զբաղվեն երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցները: Այս պարագայում ես լուրջ խնդիր եմ տեսնում` պրովոկացիայի ձեւով: Բայց չեմ կարծում, թե սա կապված է մեր` Մաքսային միությանը միանալու հետ»:
Հարցին` հակառուսական տրամադրություննե՞ր են, գուցե ուզում են հրահրել, լարվածություն մտցնել, Ստեփան Գրիգորյանն ասաց. «Սրանք հակապուտինական տրամադրություններ են, այն բանի համար, որ թույլ չտվեցին ստորագրել ասոցացման համաձայնագիրը: Ի վերջո, հատկապես մեր երիտասարդները սպասում էին դրան, որովհետեւ հատկապես իրենց, Եվրոպան շատ հնարավորություններ էր տալիս, մանավանդ`դրսում սովորելու հարցում: Այս կարգի լուրերը իրավիճակ կսրեն, բացասական ազդեցություն բնականաբար կթողնեն, բայց դեպի Մաքսային միություն մուտքին չեն խանգարի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ