Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀայՌուսգազարդը» ջերմոցներից $10 հազար կանխավճա՞ր է ուզում (Տեսանյութ)

Փետրվար 04,2014 14:35

Ջերմոցային բիզնեսով զբաղվող գյուղատնտես Սամվել Հարությունյանն, իր գործով զբաղվելու փոխարեն, 7 տարի է դատարանի դռներին է: Նա պայքարում է հետ ստանալու իրեն պատճառված միլիոնների վնասը, որն առաջացել է, ըստ պարոն Հարությունյանի, գազամատակարար ընկերության մեղքով:

«ՀայՌուսգազարդ» ընկերությունը, գործարարի պատմելով, 10 հազար դոլարի կանխավճար է ուզել, չտալու դեպքում` սպառնացել գազն անջատել: Եվ սա այն դեպքում, երբ ընկերության հետ կնքած պայմանագրով, գազամատակարարը պարտավորված է եղել այդ ամիսների համար էլ գազ մատակարարել: «ՀայՌուսգազարդն» ասել է եւ գազն անջատել: Սամվել Հարությունյանի եւ փորձագետի հաշվարկներով, գործարարին պատճառված վնասը կազմում է 100 միլիոն դրամ: 7 տարի չաշխատելու  հետեւանքով ջերմատները քանդվել են, ապակիները կոտրվել, փակվել է 10 աշխատատեղ:

Այսօր «Տեսակետ» ակումբում, գյուղատնտես Հարությունյանն ասաց. «Ընտանիքով ուս ուսի տված հեկտարից ավելի տարածքը մաքրել ենք, այգի հիմնել, ջերմոցներ կառուցել, մեծ չարչարանքով բիզնես սկսել, իսկ «ՀայՌուսգազարդը» օգտվելով մենաշնորհային դիրքից, ջերմատներին սպառնում է գազն անջատել, եթե կանխավճար չանենք»:

Ջերմատնային ասոցիացիայի տնօրեն Պողոս Գեւորգյանի ներկայացմամբ էլ, Սամվել Հարությունյանն  առաջին գործարարը չէ, որից ընկերությունը կանխավճար է պահանջել. «Մարդիկ կան, ստիպված տալիս են, ի՞նչ անեն, եթե չտան ամբողջ աշխատանքը ջուրը կլցվի, մեկ օր էլ գազն անջատի, ջերմոցը չի դիմանա»:

Սամվել Հարությունյանն ապրում է Լոռու մարզի Գյառգյառ գյուղում: Նրա խոսքերով. «Փոխանակ գյուղացուն գյուղում պահելու համար մի բան էլ շահագրգռեն, օգնեն, վնաս են հասցնում»: Նա վնասը փոխհատուցելու պահանջով դիմել է դատարան, սակայն մինչ օրս նրան չի հաջողվում արդյունքի հասնել: Հայցերից մեկը` 45 միլիոն դրամի վնասը փոխհատուցելու վերաբերյալ, դատարանը բավարարել է, սակայն Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ  «ՀայՌուսգազարդի»:

Գործարարի խոսքերով, փաստաթղթերի փաթեթում անգամ դատարան ներկայացրած պայմանագրի օրինակը կեղծվել է, ինչը փորձագիտական եզրակացությամբ հաստատվել է, որ կեղծ է, սակայն այդ կարեւոր ապացույցն անգամ ունենալով, Վերաքննիչն, ըստ պարոն Հարությունյանի, աչք է փակել: Վճռաբեկ դատարանն ընդհանրապես գործը չի քննել:

S. Harutyunyan

Սամվել Հարությունյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որն էլ քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելու համար դիմել է Արդարադատության խորհուրդ` գործարարի պահանջով դատավորներին կարգապահական տույժի ենթարկելու համար: Պատասխանել են` ակնհայտ խախտումներ չկան, մենք կարգապահական վարույթ չենք սկսելու:

Պողոս Գեւորգյանի ներկայացմամբ, իրենց ասոցիացիան ջերմոցները ջեռուցելու այլընտրանքային տարբերակներ է փնտրում, որպեսզի ընդհանրապես հրաժարվեն «ՀայՌուսգազարդի» ծառայությունից:

Aravot.am-ի հարցին, թե բոլոր ջերմային տնտեսությունները միասին որքան խմ գազ են սպառում, պարոն Գեւորգյանը տվյալներ չուներ: Ըստ նրա, ջերմոցային տնտեսություններն իրենց սպառման ծավալներով երկրորդն են հանրապետությունում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728