Փետրվարի 15-ին ժամը 19.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա «Բարության ղողանջներ» բարեգործական համերգով, որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը:
Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր` Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո` Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաև կոմպոզիտոր`Դ.Սաքոյանի նախերգանքը «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը:
Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի:
Այս համերգին Ձեր մասնակցությունը կօգնի փոքրիկին մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգի տոմսերի արժեքն է 1000-ից 3000 դրամ: Մասնակցեք համերգին, վայելեք հրաշալի երաժշտություն և նպաստեք փոքրիկի առողջացմանը:
Տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսերի գնման դեպքում տոմսերը կառաքվեն:
Մասնակցելով այս համերգին` Դուք կնպաստեք վեցամյա Լիզա Պողոսյանի առողջմանը:
Լրացուցիչ տեղեկությունների և տոմսերի համար զանգահարել 010-52-67-18, իսկ տոմսարկղ` 010-58-60-46:
Հայաստանի պետական կամերային նվագախումբ